Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները ռուսերենի դեմ բացասաբար չեն տրամադրված

Հոկտեմբեր 24,2015 14:00

Վստահեցնում են, որ «ՀՀ լեզվի մասին» օրենքի համաձայն՝
իրենք խոսելու են հայերեն

Ժնեւում Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ-ի անունից հայտարարել է, որ ՀՀ-ն կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին: Այս համաձայնությունը որոշ գործիչներ վտանգավոր են համարում եւ նշում, որ դա առաջին հերթին ազգային արժանապատվության հարց է: Օրինակ՝ «Ընդդեմ օտարալեզու դպրոցների» նախաձեռնության մասնակից Արմեն Հովհաննիսյանը մտավախություն ունի, որ տրամաբանորեն այսուհետեւ պաշտոնական այցերի ժամանակ մեր պատգամավորները Հայաստանում պարտավոր են խոսել ռուսերեն: Այս պնդումը ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը անտրամաբանական է համարում ու բերում ՄԱԿ-ի օրինակը. «Մի՞թե ՀՀ ԱԺ պատգամավորները մինչ այժմ պարտադրված էին ՄԱԿ-ի նիստերում խոսել ռուսերեն։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ միայն ռուսերեն, գուցե անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներե՞ն։ Չէ՞ որ այդ լեզուներն էլ պաշտոնական լեզուներ են ՄԱԿ-ում։ Հարկ է նկատել, որ լեզվի մասին հիշատակումը մեր պաշտոնական հաղորդագրությունում ընդամենը պաշտոնական ու աշխատանքային գրագրությանն ու թարգմանության ապահովմանն է վերաբերում։ ԵԽ-ում էլ վաղուց ռուսերենը աշխատանքային լեզու է»:
«Առավոտը» փորձեց պարզել, թե այս հարցի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն պատգամավորները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, թե դա չի նշանակում, որ վեհաժողովը մոռանում է բոլոր լեզուները, եւ ռուսերենն է դառնում պաշտոնական լեզու, այն դառնում է այլ պաշտոնական լեզուներից մեկը, ինչպես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում: Ըստ Թեւան Պողոսյանի՝ ՀՀ-ի կողմից ՌԴ-ի այս առաջարկին «այո» կամ «ոչ» ասելը ոչ թե պետք է խնդիր դառնար, այլ մենք ուղղակի պիտի աշխատենք հայոց լեզուն առաջ տանելու ուղղությամբ: Պարոն Պողոսյանը նշեց. «Երբ այսօրվա իշխանություններին հարցնենք, ասելու են, որ մեր ռազմավարական գործընկերն է ՌԴ-ն, ուզում ենք օժանդակել: Բայց դա չի սահմանում, որ ՀՀ պատգամավորները պետք է անպայման այդ կառույցներում խոսեն ռուսերեն: Օրինակ՝ ես ավելի շատ անգլերենն եմ օգտագործում»: Հետաքրքրվեցինք՝ իսկ դա չի՞ նշանակում, որ ՀՀ-ում միջխորհրդարանական հանդիպումների ժամանակ հայ պատգամավորները ստիպված կլինեն խոսել աշխատանքային լեզվով, ասենք՝ ռուսերենով, պարոն Պողոսյանը վստահեցրեց, որ ՀՀ տարածքում պետական լեզուն հայերենն է, եւ մեր լեզվի օրենքի համաձայն՝ մենք պետք է խոսենք հայերեն: Թեւան Պողոսյանը համամիտ է այն պնդումներին, որ մեր արժանապատվության հարցը մեր լեզուն է:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը առանձնապես մտահոգություններ այս առումով չունի: Նա արձագանքեց. «Ինչի՞ ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում 5 աշխատանքային լեզուներից մեկը ռուսերենը չէ՞, դա նորություն չէ»:
Մեր այն դիտարկմանը՝ Գալուստ Սահակյանի այս համաձայնությունից հետո Կիսելյովի նման ռուս գործիչներն ավելի չե՞ն ակտիվանա Հայաստանում իրենց լեզվական տարատեսակ քմահաճույքներով, պարոն Մելքումյանն արձագանքեց. «Ի՞նչ եք, է, կենտրոնացել Կիսելյովի վրա, ի՞նչ կապ ունի նա: Ոչ մի մտահոգություն չունեմ: Եթե համարժեքության դաշտում եմ նայում այս հարցին, ապա որեւէ առաջնահերթություն չեմ տալիս ռուսերենին, ոչ էլ թերագնահատում այն: Օրինակ՝ ես ֆրանսալեզու եմ: Անհասկանալի է՝ ինչո՞ւ են մարդիկ հուզվում դրանից»: Միքայել Մելքումյանը բոլոր այս խնդիրները դիտարկում է ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության համատեքստում ու նշում, որ այդ ամենը բխում է ռազմավարական գործընկերության եւ անվտանգության ապահովման ռազմավարությունից: Մեր այն դիտարկմանը ի պատասխան՝ կարո՞ղ է այդ ռազմավարության համատեքստում մի օր էլ ասեն, որ ռուսերենը երկրորդ պետական լեզու է, պարոն Մելքումյանը շտապեց հանգստացնել, թե նման բան տեղի չի ունենա, «դրա համար մեր օրենքները գործում են, դոմինանտ են: Կտեսնենք, որ հակասում է այս կամ այն բանը մեր ազգային անվտանգությանը, չենք անի, ինչ-որ մեկը մեր ոտքն ու ձեռքը բռնե՞լ է»: Ըստ ԲՀԿ-ականի՝ այդ համաձայնությունը միայն Գալուստ Սահակյանինը չէ, այլ նախապես հարցը հաստատ քննարկված կլինի Ազգային անվտանգության խորհրդում, ԱԳՆ-ում: Ըստ Մելքումյանի՝ դա պետական քաղաքականությանը համահունչ է:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը որեւէ մտավախություն չունի, քանի որ դա աշխատանքային լեզու է լինելու: Նա ասաց. «Այդ լեզվով ավելի հեշտ է շփվելը, քան մյուս լեզուներով: Միջխորհրդարանական կապերում անգլերենն էլ է օգտագործվում, ռուսերենն էլ կօգտագործվի: Գալուստ Սահակյանի համաձայնությունից բացի՝ պրակտիկայում ռուսերենով են շփվում ԱՊՀ երկրներում, դա ավելի է հեշտացնում միջխորհրդարանական կապերը, որեւէ բացասական բան չկա»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031