Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հարգում ենք ցանկացած դիրքորոշում»

Հոկտեմբեր 24,2015 14:30

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ սահմանադրական հանրաքվեն կանցնի հասարակական լայն համախմբման մթնոլորտում:

– Երեկ «Նոր Հայաստանը» հայտարարեց հերթական իշխանափոխության գործընթացի մեկնարկը` դեկտեմբերի մեկին: Ճամպրուկներն արդեն հավաքո՞ւմ եք:

– Գնահատում եմ Ձեր հումորը, գնահատում եմ նաեւ «Նոր Հայաստանի» հումորը, նախ՝ որ որոշել են ինքնաստեղծվել, երկրորդ՝ որ չեն հոգնում կրկնվելուց։ Սա ինքս էլ ասում եմ հումորով, իսկ ավելի լուրջ՝ կարծում եմ, որ ոմանց համար վաղուց ժամանակն է ավելի լրջանալու, իրենց հայտարարություններն ավելի լրջմիտ դարձնելու, հասունանալու ժամանակն է, մի՞թե չեք տեսնում, որ վերջի սկզբի եւ վերջին զարկը տալու մասին կոչերը զարմանալի կրկնվում են, մի՞թե տեսանելի չէ, որ մարդկանց մի խումբ, տարիներ շարունակ ամայացնելով քաղաքակիրթ ընդդիմության դաշտը, այսօր անցել է հոխորտանքի եւ դատարկաբանության։ Մենք այսօր գտնվում ենք շատ կարեւոր մի գործընթացի մեջ, որը, բնականաբար, պիտի նաեւ կրքեր բորբոքեր, առիթ տար նոր ակտիվացումների, քանի որ, հասկանալի է, սահմանադրական փոփոխություններ են կատարվելու, եւ, իհարկե, ոչ բոլորն են պարտավոր կողմ լինել, իհարկե, պիտի լինեն նաեւ դեմ կարծիք ունեցողներ, բայց այդ «դեմ»-ը կարիք չկա դարձնել «կռիվ կինո», մենք կռիվ-կռիվ չենք խաղում, մենք առաջարկել ենք համակարգային փոփոխություններ, մենք այն դրել ենք համաժողովրդական քննարկման եւ հարգում ենք ցանկացած դիրքորոշում, կրկնում եմ՝ ցանկացած, բայց եկեք պայմանավորվենք, որ դա պիտի լինի առողջ եւ տրամաբանական դիրքորոշում եւ ոչ թե թույն ու չեղած թրերի անիմաստ թափահարում։

– Ի հեճուկս իշխանական դաշտից հնչող նախատինքների՝ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը միասնական է, իշխանությունն էլ թող սին հույսեր չփայփայի, որ կարողանալու է հանգիստ ապրել: Թեպետ տարիներ շարունակ ընդդիմությանը չի հաջողվել գահընկեց անել իշխանություններին, բայց հասարակության շրջանում անվստահությունն ու ցասումը գնալով մեծանում է: Չե՞ք մտածում, որ այս անգամ ընդդիմադիրները կարող են հաջողել:

– Իշխանությունը իշխանություն չի լինի, եթե հանգիստ ապրի, իշխանությունը միշտ պիտի անհանգիստ ապրի, մենք հենց այդպես էլ ապրում ենք, քանի որ ի տարբերություն որոշ շատախոսների՝ մենք ունենք պատասխանատվություն, ունենք անհանգստություն մեր երկրի, մեր հասարակության ավելի ապահով կյանքի համար։ Թե որքան միասնական է ընդդիմությունը, տեսնում եք՝ անգամ կողք կողքի աթոռի չեն ուզում նստել, անզեն աչքով էլ երեւում է, թե որքան են մեկը մյուսից հոգնել ու զզվել։ Իսկ թե ձեր նշած անձը ինչ է ասել, չեմ էլ ուզում անդրադառնալ, հարկ չեմ համարում։

– Շատ շահարկվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի` շտաբի պետ նշանակման հարցը: Եթե ՀՀԿ-ն այդքան կայացած կուսակցություն է, ինչպես սիրում են հայտարարել ՀՀԿ-ական գործիչները, մի՞թե հնարավոր չէ այլ մարդու նշանակել` շահարկումներից խուսափելու համար:

– Շահարկում բառը կարծեմ բարդ բառ է, կազմված շահ գոյականից եւ արկանել բայից, իսկ բարդ բառերի պարագայում դրանց մեկնաբանությունը շատ պարզ է՝ երբ չի մնում այլ ասելիք, անցնում են շահը արկանելուն, սա էլ ես եմ հումորով ասում։
Թույլ տվեք, որ կուսակցությունները, այդ թվում նաեւ ՀՀԿ-ն, ինքը որոշի, թե ով է լինելու այս կամ այն պաշտոնում, այս դեպքում՝ հանրաքվեի նախընտրական շտաբի պետը։ Կարծում եմ՝ շատ լավ ընտրություն է, իսկ Ձեր կարծիքով՝ ո՞վ է պարոն Աբրահամյանից ավելի լավը, վստահ եմ, շտաբը շատ լավ եւ արդյունավետ կաշխատի նրա գլխավորությամբ։

– Հանրաքվեի լեգիտիմությունն ուզեք, թե ոչ՝ կասկածի տակ է դրվում ի սկզբանե` նկատի ունենալով ընտրական նախորդ բոլոր գործընթացները: ՀՀԿ-ն էլ խոստանում է անել ամեն ինչ, որ հանրությունը վստահության պաշարով գնա հանրաքվեի: Կմանրամասնե՞ք` ի՞նչ պիտի անեք։

– Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցնի շատ պարզ եւ թափանցիկ, չարժե կասկածել, մտավախություն կարելի է ունենալ, որ գուցե մարդկանց համար ոչ բոլոր կետերը հասկանալի կլինեն, բայց մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր հասարակության առավել լայն շերտերը ընդունեն, ըմբռնեն եւ կարեւորեն այս փոփոխությունների անհրաժեշտությունը, հենց այդ նպատակին էլ ծառայեցնելու ենք քարոզարշավի ամբողջ ընթացքը։ Արդեն իսկ նկատելի է, որ բոլոր կողմերի համար ապահովված են հավասար մեկնարկային պայմաններ՝ եւ «ոչ» ասողները, եւ «այո»-ի կողմնակիցները ազատորեն քարոզում են, իսկ որոշումը պիտի կայացնի ընտրողը, ով կգնա եւ իր ընտրությունը կկատարի։ Իսկ ի սկզբանե կարծիք հայտնողների տեսել ենք, նաեւ տեսել ենք, թե ինչ «ինքնազոհողությունների» են գնացել կանխակալ կարծիք հայտնողները, երբ իրենց կանխատեսումները չեն իրականացել։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031