Լրահոս
Օրվա լրահոսը

Ափսոս էր «Մալիշկան»

Հոկտեմբեր 24,2015 12:00

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որոշել է Հայաստանը դարձնել «դեմոկրատիկ, ազատ, անկախ մի պետություն»: Նա այդ ճանապարհին, հավանաբար, կուսակցություն կստեղծի, որը գուցե կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա նույնիսկ արդեն չի բացառում այլ ուժի հետ դաշինքի հնարավորությունը:

Քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելու դեպքում որեւիցե կուսակցության, անձի նա չի քննադատելու, իշխանափոխության հարց նույնպես չի բարձրացնելու. «Իշխանափոխություն, իհարկե, չեմ ուզում: Ես ուզում եմ ընտրությունների մասնակցեմ»,- ասում է Աբրահամյանը:

Սովորաբար քաղաքական ուժերը ընտրությունների են մասնակցում, որպեսզի իշխանափոխություն իրականացնեն, բայց Արա Աբրահամյանի հաշվարկները, հավանաբար, այլ են՝ Հայաստանի ժողովրդավարացումից, ընտրակեղծիքների դեմ պայքարից մինչեւ տնտեսության զարգացում: Բայց որպեսզի ընտրություններում խախտումներ չլինեն, Արա Աբրահամյանը գտել է դա կանխելու ամենակարճ ճանապարհը` նա պարզապես կդիմի հանրապետության նախագահին:

Ինչո՞ւ Արա Աբրահամյանը որոշեց Հայաստանը ծաղկեցնել` Հայաստանում քաղաքական դաշտ մտնելով, եթե դա կարելի է անել նաեւ հեռվից աջակցելով… «Ես չեմ կարող այնտեղ գիշերը հանգիստ քնել, ես չեմ կարող լավ զգալ ինձ էդ ճոխ սեղանների կողքը, երբ որ ես գիտեմ, որ այստեղ մարդիկ կարիքի մեջ են»,- բացատրում է ռուսաստանաբնակ գործիչը:
Եվ, իհարկե, ամենահետաքրքրական հարցը` ունի՞ Արա Աբրահամյանը Վլադիմիր Պուտինի «դաբրոն»: Իհարկե, ունի, բայց միայն Ռուսաստանի տարածքում։ Հայաստանի տարածքի մասով` Սերժ Սարգսյանի հետ քննարկել է ծրագրերը, «դաբրոն», այսինքն, այստեղից էլ է ստացել:

Մնում է զարգացնել Հայաստանը:

Իսկ ընդհանրապես, դերի ընտրության հարցում Արա Աբրահամյանի կերպարն ամբողջությամբ սազական է Հայաստանի քաղաքական դաշտին: Ումի՞ց է նա պակաս, մանավանդ, եթե շփվում է Պուտինի հետ: Ոմանք տարիներ շարունակ ձգտում էին Պուտինի «դաբրոն» ունենալ, ավելի ճիշտ` Պուտինի օգնությամբ ՀՀ իշխանություն ստանալ սկուտեղի վրա, իսկ, ահա, Արա Աբրահամյանը հայաստանյան քաղաքական դաշտը կհետաքրքրացնի` ժամանակ առ ժամանակ, օրինակ, հայտարարելով, որ այս կամ այն հարցը քննարկել է Պուտինի հետ, եւ դեռ ավելին` Պուտինն իր հետ համաձայնել է: Եվ ի՞նչ կհետեւի դրան… Պատկերացնել միայն կարելի է, թե մի քանի շաբաթ քաղաքական որեւէ խնդիրը Հայաստանում ինչպիսի եռանդով կքննարկվի այդ համատեքստում: Կհնչեն ավանդական դարձած հավաստիացումները` «ռեժիմը խուճապի մեջ է», «Պուտինը վերջնականապես որոշեց փոխել Հայաստանում իշխանությունը» եւ այսպես շարունակ:
Օրերս Արա Աբրահամյանը Մոսկվայում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին, նա պատմել է, թե ինչու է որոշել մտնել հայաստանյան քաղաքական դաշտ: «Ժամանակն է վերադառնալ Հայաստան, երբեք Հայաստանը իմ մտքից դուրս չի եկել»։

Հարցին, որ Հայաստանում կստեղծվի կառավարման նոր համակարգ, այդ նոր համակարգում նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի խոսնակ՝ ո՞ր պաշտոնին է նա հավակնում, Արա Աբրահամյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, նոր Սահմանադրությամբ ես ոչ մի պաշտոն չեմ կարող զբաղեցնել։ Ես մեկ անգամ եւս ուզում եմ ասել՝ ուզում եմ ստեղծել շարժում, կուսակցություն, որպեսզի հավաքեմ համախոհներ, թիմ»,- ապա հավելել է. «…Ես այնպիսի բան չեմ անում, որ վախենամ, պետք է վախենան այն մարդիկ, որոնք ավելորդ խոսում են։ Ինձ թվում է՝ կգա ժամանակը, ամեն մեկը իր պատասխանը կստանա։ Տեսեք՝ ինչ են ասում՝ ռուսերեն չգիտի, հայերեն չգիտի, ինքը ինչ ասում է, ճիշտ չէ…»:

Մեր հասարակությանը, լրագրողական, փորձագիտական հանրությանն, իսկապես, ուրախ օրեր են սպասվում: Թվում էր, թե քաղաքական դաշտում եղածից ավելի ճահճային վիճակ էլ չի կարող լինել, բայց հանկարծ բացը լրացվեց մի նոր կերպարով, եւ ամենակարեւորը` Մոսկվայից գործուղված:

Իրականում իսկապես բոլորովին կարեւոր չէ, թե որ դաշտում է լինելու Արա Աբրահամյանը` ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանքային: Կարեւորն այն է, որ թե իշխանությունը, թե ընդդիմությունը այժմ նոր թեմա ունեն քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից:

Օրինակ՝ կարելի է պատկերացնել ՀԱԿ-ի վիճակը, երբ այնտեղ հանկարծ բացահայտեցին, որ Կրեմլը նոր ֆիգուր է գործուղում Հայաստան «աշխատանքի», այլ ոչ թե հիմնվում է իրենց պոտենցիալի վրա: Ի դեպ, այս անսպասելի իրադարձությունների ֆոնին հետաքրքրական կլիներ լսել Սմբատ Կարախանյանի հերթական վերլուծությունը, մասնավորապես, այն մասին, թե ինչ են մտածում Կրեմլի միջանցքներում ՀԱԿ-ի ճակատագրի մասին: Բայց պետք չէ առանձնապես վհատվել, գուցե Արա Աբրահամյանը Հայաստանի իշխանական բուրգը «կազմաքանդելու» հարցում ավելի յուրօրինակ լուծումներ գտնի: Օրինակ` չիրագործված «բուրժուադեմոկրատական հեղափոխության» հարցը որոշի քննարկել անմիջապես Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հետ նույն սեղանի շուրջ նստած:

Իմիջիայլոց, Արա Աբրահամյանը հաշվի է առել նաեւ Գագիկ Ծառուկյանի փորձը, որը մեկ օրում հեռացավ մեծ քաղաքականությունից. «Ընդհանրապես չեմ ուզում որեւէ մեկին նմանվել… Ես եթե ուզենայի նմանվեի, ես Մալիշկայից կարող ա հասած լինեի մինչեւ Արարատյան դաշտավայր…»,- ասել է Աբրահամյանը:

Ափսոս էր «Մալիշկան»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. տեսաբան says:

    Արան էլ պիտի գա, Սամվելն ու Վարդանն էլ այստեղ են, իսկ եթե հերիք չանեն, էլի լիքը մարդիկ կան այնտեղ, ասենք՝ Սովետի ու Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը եւ այլն: Իսկ ինչու՜ չգան, երեւի նրա համար միայն որ ՀՀ – ի ներկա ,,երեւելիների,, գործին չխփեն! Եթե խփելու են գալիս իսկապես, ապա բարով գան, 90% – ը կողջունեն նրանց, որովհետեւ զզված են մինչեւ խորքը, հակառակ դեպքում բոլորը պիտի գնան մինչեւ վերջին մարդը ու թուրքերը գան: Իսկ էս մարդիկ կգան, փողերը կդնեն, պառլամենտն ու վլաստն իրենցով կանեն՝ ըստ նոր սահմանադրության: Ծրագիրն սկսված է ու պարզ երեւում է, որ սրվող բիզը հայտնի տեղն է մտնելու:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031