Նրանք կալանքի տակ են
Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, հոկտեմբերի 21-ին սկսվել է ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանի եւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Արմեն Այդինյանի դատավարությունը: Այս գործով դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին:
Երեւանի բնակիչ, 1965թ. ծնված Արմեն Վաղինակի Այդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը եւ հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ անձնական դրդումներով պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Ա. Այդինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը») եւ 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնական կեղծիքը»):
Երեւանի բնակիչ,1969թ. ծնված Արթուր Միխայիլի Եգանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի ամսից մինչեւ 2013թ. մայիս ամիսը զբաղեցնելով ոստիկանության Իջեւանի բաժնի պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ,անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնական դիրքը օգտագործելով ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որը էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաեւ Հովհաննես Ղալթախչյանի, Արամ Աթաբեկյանի, Համբարձում Սաքանյանի իրավունքներին եւ օրինական շահերին:
Կարդացեք նաև
Ա. Եգանյանը եւ Ա. Այդինյանը գտնվում են կալանքի տակ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրանց վերաբերյալ քրեական գործը վերաբերում է 2013թ. մայիսին Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի որդու՝ Հովհաննեսի եւ վերջինիս ընկերների վրա կատարված մահափորձի դեպքը թաքցնելուն: Այս գործը բացահայտվեց, երբ Հովհաննես Ղալթախչյանը եւ եւս 3 հոգի ձերբակալվեցին Աչաջրի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով: Մեխակ Մելիքբեկյանը կասկածվում է վերոհիշալ մահափորձի մասնակից լինելու մեջ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ