Հայկական և ճապոնական ժամանակակից գեղանկարով, քանդակով, կիրառական արվեստի նմուշներով հետաքրքրվող արվեստասերները մինչև հոկտեմբերի 30-ը հնարավորություն ունեն Երևանում կողք կողքի տեսնելու հայ և ճապոնացի ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունները:
«էյբիք» հայ-ճապոնական կազմակերպության նախաձեռնությամբ, Երևանի պատմության թանգարանում և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել են «Ավանդույթից արդիականություն» խորագրով հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսները:
«Էյբիք» կազմակերպության տնօրեն Վարդիթեր Հարությունյանի փոխանցմամբ՝ իրենց կազմակերպությունը, 2006 թվականից համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ, Հայաստանում և Ճապոնիայում կազմակերպում է անհատական և խմբակային ցուցահանդեսներ: Համագործակցության նպատակն է հայ արվեստասերներին ծանոթացնել ճապոնական, իսկ ճապոնացիներին՝ հայ ժամանակակից արվեստին:
«Ավանդույթից արդիականություն» խորագրով ցուցահանդեսներում իրենց ստեղծագործություններն են ներկայացնում 21 ճապոնացի և 9 հայ արվեստագետներ:
Ճապոնացի նկարչուհի Միձուե Տակագին Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր ստեղծագործություններում փորձում է ցույց տալ այն, ինչն աչքով տեսանելի չէ: Ցուցահանդեսում նրա ներկայացրած աշխատանքներից մեկում, օրինակ, մոր արգանդում գտնվող երեխայի շարժն է պատկերված:
Նկարչուհուն դուր է գալիս հայ ժամանակակից նկարչությունը. ջերմություն է զգում հայ արվեստագետների գործերում և կարծում է՝ պատճառն այն է, որ նրանք հոգի են դնում իրենց աշխատանքներում:
Նկարիչ, հայ-ճապոնական ցուցահանդեսների համադրող Արա Հայթայանի դիտարկմամբ՝ և´ հայկական, և´ ճապոնական արվեստը շատ բազմազան են ու բազմաշերտ: Թերևս ամենաընդգծված տարբերությունը, ըստ նկարչի, այն է, որ ճապոնական արվեստի մեջ ավանդույթն ու արդիականությունը միահյուսված են, չունեն սահմանագիծ, իսկ մեզ մոտ այդ կապը խզված է. «Եվրոպականացման հետ մենք կորցրինք մեր տարազը, գորգագործությունը, փայտագործությունը, և հիմա դրանք զուտ թանգարանային կյանքի, այլ ոչ թե մեր կենցաղի մաս են կազմում: Ճապոնացիների մոտ դա չի եղել. այնտեղ միշտ կենցաղն ու արվեստը կողք կողքի քայլել են: Այսօր նրանք ավանդույթն ու արդիականը օրգանապես կապում են իրար: Իսկ մեզ համար ավանդույթը կարծես հեռվում՝ ինչ-որ ժամանակ եղած մի բան է, որն ուզում ենք վերականգնել: Ճապոնացիները վերականգնման խնդիր չունեն: Այդ առումով, կարծում եմ, մեզ համար ուսանելի է տեսնել, թե ինչպիսի ներդաշնակությամբ և առանց մեծ փլուզումների են նրանք անցնում ժամանակների միջով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արա Հայթայանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ