Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում ինչ-ինչ պայմանավորվածությունների համաձա՞յն

Հոկտեմբեր 23,2015 21:00

«Ռուսաստանը վարում է բազմապլանային քաղաքականություն և չպետք է հույսը դնել նրա վրա, որ ՌԴ քաղաքականությունը պետք է 100  տոկոսով համապատասխանի այս կամ այն բարեկամ երկրի հետաքրքրություններին ու շահերին»,-Aravot.am-ի հարցին՝ մինչ ողջ աշխարհը վարում է Հայաստան-Ադրբեջան լարվածության մեղմացման քաղաքականություն, Ռուսաստանը Ադրբեջանի հետ վարում է ռուսական ռազմատեխնիկայի մատակարարման բանակցություններ, արդյոք սա չի՞ վտանգում տարածաշրջանային անվտանգությանը, այսպես պատասխանեց Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:

Նա նշեց, եթե ՌԴ-ն լիներ ոչ մեծ ազգ ու պետություն, գուցե հնարավոր լիներ դրա վրա հույսը դնել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն շարունակում է մնալ կայսրություն, նման բան ակնկալել հնարավոր չէ:

Այնուհետև շարունակեց. «Ու թեև մենք ունենք բարեկամական հարաբերություններ  ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, բայց մենք մեր հարաբերություններում տարբերություններն էլ ենք տեսնում ու հաշվի առնում: Սակայն Ռուսաստանի համար արտաքին քաղաքականության ոլորտում ամենակարևորը Մերձավոր Արևելքում դիրքերը հաստատելն է»:

ՄԳԻՄՈ-ական Պյոտր Գլադկովն (լուսանկարում) ամենևին չի կարծում, թե ՌԴ-ի՝ Ադրբեջանին զենք վաճառելը հակասում է ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերությանը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր երկիր պարզապես պետք է իրեն վստահ և ուժեղ զգա: Մեր դիտարկմանը՝ փաստորեն այդ վստահ ու ուժեղ դիրքերից էլ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, պարոն Գլադկովն արձագանքեց. «Կան ինչ-ինչ պայմանավորվածություններ, որոնց ստիպված է ՌԴ-ն հետևել: Նորից եմ ասում, որ ՀՀ-ն ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, բայց դա չի խանգարում, որ Ռուսաստանը նորմալ հարաբերություններ պահպանի նաև Ադրբեջանի հետ»:

ՌԴ արդարադատության փոխնախարար Մաքսիմ Տրավնիկովի հետ զրուցեցինք ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր զարգացումների շուրջ: Ըստ նրա ՀՀ-ի՝ ԵՄ համագործակցությունը չի հակասում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցությանը: Փոխնախարարը փոխանցեց. «Մեր միության ուղղությունը բավականին հստակ է. այն տնտեսական է: Եվ բնականաբար ոչինչ ետ չի պահում Հայաստանին հաստատել բարեկամական հարաբերություններ այլ միությունների հետ, այդ թվում նաև Եվրամիության հետ, իհարկե եթե այդ համագործակցությունը չի հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին: ՌԴ-ԵՄ հարաբերությունների այս դժվար ժամանակները կանցնեն, ու եվրոպական համագործակցությունը շահավետ կլինի և′ ՌԴ-ի, և′ ԵԱՏՄ անդամ երկրների համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031