Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի բարձրակարգ մասնագետներից կազմված խմբին, ովքեր իրենց առաքելության շրջանակներում այս օրերին բժշկական օգնություն են տրամադրում սահմանամերձ Տավուշի մարզի բնակչությանը, նաև իրենց հմտություններով կիսվում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ:
Առաքելությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցության և «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի հետ ՀՀ առողջապահության նախարարության համագործակցության շնորհիվ:
Բժշկական կենտրոնի նախագահ Քևին Ռոբերտսը հանդիպման ժամանակ ներկայացրել է «Գլենդեյլ Ադվենտիստ»-ի գործունեությունը և հայաստանյան առաքելության նպատակը՝ ընդգծելով, որ ցանկություն ունեն երկարաժամկետ ու ամուր կապ հաստատել Նոյեմբերյանի հետ, զարգացնել համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել և բարձր է գնահատել Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների գործունեությունը մեր երկրում, որոնց մեջ մեր հայրենակիցներից բացի, ներգրավված են նաև այլ ազգության ներկայացուցիչներ, ովքեր մեծագույն պատասխանատվությամբ են վերաբերում բժշկի իրենց կոչմանն ու հայ բժիշկների հետ նվիրումով իրականացնում իրենց աստվածահաճո մարդասիրական առաքելությունը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերից մեկում: Նախագահը շնորհակալություն է հայտնել «Գլենդեյլ Ադվենտիստ» կենտրոնի մասնագետներին և մաղթել հաջողություններ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ