Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը կոչ է արել՝ իրար մի կերեք, կռիվ մի արեք»,- պատմում է Արմեն Մելքոնյանը

Հոկտեմբեր 23,2015 20:44

Գորիսի «Սդղի Գյոլ» կոչվող վայրում ամիսներ առաջ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքից տուժած Զաքարյան եղբայրները նոր կարգավիճակ են ստանում: Ինչպես արդեն տեղեկացրել են, ծեծկրտուքի մասնակից մարզպետի վարորդի որդու՝ Դերենիկ Ղեւոնդյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը այսօր պնդում էր, որ Զաքարյան եղբայրներն են իր պաշտպանյալին հարվածել ու վնասել:

Մեր հարցին, ինչպես ստացվեց, որ ձեր երկու պաշտպանյալներն էլ այս գործով «ջրից չոր դուրս եկան» (նկատի ունենք նաեւ մարզպետի որդուն Տիգրան Խաչատրյանին, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), պարոն Մելքոնյանը մեղքը գցեց վարույթ իրականացնող մարմնի վրա. «Ի սկզբանե վարույթ իրականացնող մարմինը, եթե բավարար ջանադրություն ցուցաբերեր , անհրաժեշտ գործողությունները ճիշտ կատարեր, տրված ցուցմունքներին տար ճիշտ գնահատական, ոչ թե մի ցուցմունք դներ հիմքում ու մերկապարանոց ցուցմունքով մարդ կալանավորեր, իմ պաշտպանյալներին մեղավոր չէին ճանաչի: Պետք է սթափ գնահատեին այն, ինչ ունեին: Իսկ ինչ ունեին՝ տուժող Հարություն Զաքարյանը սկզբում ասել էր, որ վայր է ընկել, հետո, թե ծեծել են, բայց չգիտեն՝ ով է վնասվածքը հասցրել, երեք ամիս հետո հանկարծ այլ զարգացում՝ Հարություն Զաքարյանը գալիս, ասում է, թե Տիգրան խաչատրյանն է հարվածել: Բնական է, նա ունի վնասվածք, կորցրել է աչքի տեսողություն, մեջն ունի վիրավորանք եւ տրամադրված էր այդպես, բարեբախտաբար, այնքան ուժ գտավ մեջը, որ վերջում հայտնեց ճշմարտությունը»:

Նա հիշեցրեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Հարցին, իսկ միջնորդությամբ հանդես կգա՞, որ Զաքարյանները իր մեկ այլ պաշտպանյալ Դերենիկ Ղեւոնդյանին հարվածելու համար քրեական պատասխանատվության ենթարկվեն, ասաց Դերենիկի հետ խորհրդակցելուց հետո կորոշեն, բայց. «Նա հակված չէ, որ Զաքարյան եղբայրները պատասխան տան իրեն հարվածելու համար»:

Փաստաբանը պատմեց, որ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Մայիս Խաչատրյանի հետ առերեսում էլ է եղել, բայց ինքը հիմա նպատակահարմար չի գտնում հրապարակել:

Պարոն Մելքոնյանից նաեւ հետաքրքրվեցինք, իսկ ո՞վ է հարվածել Զաքարյաններին, ստացվում է՝ իրենք իրե՞նց են հարվածել, փաստաբանը շարունակեց. «Յուրի Մանուչարյանն է եղբայրներին հարվածել, ում Զաքարյան եղբայրները ծեծել են ի սկզբանե: Վիճաբանությունը գիտեք՝ ինչի՞ց է սկսել, որ Յուրի Մանուչարյանը նրանց մոտ հանդգնել է մեքենայի միջից ձայնային ազդանշան տալ, դրա համար երկու եղբայրները ծեծի են ենթարկել Յուրի Մանուչարյանին»:

Իսկ ինչու այդ դեպքում քրեորեն հետապնդվեցին մարզպետի թիմակիցները եւ ոչ թե Զաքարյան եղբայրները, փաստաբանը դժվարացավ պատասխանել, ասաց՝ այդ հարցերը տվեք վարույթ իրականացնող մարմնին. «Ես էլ շատ հարցեր ունեմ»:

Վերջում էլ պաշտպանեց Սուրիկ Խաչատրյանի որդուն. «Տիգրան Խաչատրյանը ամենավերջում է դեպքի վայր եկել ու միայն բաժանել է կռվի մասնակիցներին»: Իսկ այս գործով Սուրիկ Խաչատրյանը որպես վկա հարցաքննվել է:

Իսկ այն, որ Զաքարյան եղբայրների հետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է իր առանձնատանը, փաստաբանը չհերքեց. «Մարզպետի այդ քայլը միայն ողջունելի է: Սուրիկ Խաչատրյանն ինչ է արել, որ մարդկանց միայն կոչ է արել ՝ իրար մի կերեք, կռիվ մի արեք, սա հանցագործությո՞ւն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031