Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեին, ով Հայաստան է ժամանել «Մարդու իրավունքները Սահմանադրության փոփոխությունների նախագծում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանում մեծապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ոլորտներում շարունակական բարեփոխումները: Այդ ոլորտներում, ըստ Նախագահի, մեր երկրում արձանագրվել է որոշակի առաջընթաց, ինչը նաև Հայաստանի միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ եվրոպական գործընկերների աջակցության ու նրանց հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ է:
Նախագահը ողջունել է Երևանում անցկացվող խորհրդաժողովը, որը նրա համոզմամբ, լայն հնարավորություն է ընձեռում անկաշկանդ մթնոլորտում ազատ քննարկումներ ծավալել և մասնագիտական կարծիքներ փոխանակել: Իսկ արդյունքում ներկայացված փորձագիտական առաջարկները, ըստ նրա, կարևոր ուղեցույց են դառնում ոլորտի հետագա կատարելագործման համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀՀ սահմանադրության բարեփոխումների գործընթացին: Յոզեֆ Զիգելեն ներկայացնելով իր տպավորությունները ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ, նշել է, որ այն բարեփոխմանն ուղղված շատ լավ քայլ է առաջ և լավ ճանապարհ՝ Հայաստանի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ և հետևողական է բարեփոխումների իրականացման գործում՝ համարելով դա երկրի զարգացման միակ և ճիշտ ճանապարհը: Նախագահը նշել է, որ այդ գաղափարը դրված է նաև սահմանադրության փոփոխությունների նախագծի հիմքում:
Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գլխավորած կառույցի արդյունավետ համագործակցությունը նաև Լեռնային Ղարաբաղի հետ՝ գոհունակությամբ խոսելով այդ ոլորտում Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքների մասին:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ