Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի նախկին դատախազները՝ Վարդան Ղուկասյանի դեմ. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2015 19:30

Շիրակի մարզի նախկին դատախազներ Վաղարշակ Մխիթարյանն ու Աշոտ Գրիգորյանը, որոնք այժմ աշխատում են Գյումրու քաղաքապետարանում որպես փոխքաղաքապետ ու իրավաբանական բաժնի պետ, նեղսրտում ու բարձաձայնում են, որ Վարդան Ղուկասյանը անհիմն դատական հայցեր է ներկայացնում Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցի դեմ՝ փորձելով տանել համայնքային բյուջեի միջոցները: Նրա ներկայացրած հայցերից մեկի պատճառով երեկ կալանք է դրվել Գյումրու քաղաքապետարանի գույքի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացրել ենք, բարձրաձայնեց փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:

Գյումրու քաղաքապետարանի իրավաբան Աշոտ Գրիգորյանն էլ դժգոհում է, որ Գյումրու նախկին իշխանությունները թեեւ տեր են կանգնել Գյումրու կենտրոնական զբոսայգուն. 6 հեկտար մակերես ունեցող հողատարածքը 90-ական թվականներից սկսած օգտագործվում է ու շահագործում է «Անբերդ» ՍՊԸ-ի կողմից, սակայն համայնքային բյուջե որեւէ լումա չի վճարվել: Ըստ իրավաբանի, թեեւ համայնքի ղեկավարությունը բանակցություններ է տարել այս ՍՊԸ-ի ղեկավարության հետ՝ առաջարկելով պայմանագիր կնքել ու աշխատել օրինական հիմունքներով, սակայն վերջիններս չեն համաձայնել:

«Անցած տարվա նոյեմբեր-հոկտեմբեր ամիսներից մինչեւ մեկ ամիս առաջ մեր կողմից բանակցություններ են վարվել, որպեսզի այգին տվյալ կազմակերպությունը վերցնի վարձակալության: Բանակցությունները հաջողություն չեն ունեցել, ներկայացվել են պայմաններ, որոնք մեզ համար ընդունելի չեն եղել, մեր՝ մի քանի անգամ գրավոր արված առաջարկություններին չեն պատասխանել, այդ իսկ պատճառով ներկա պահին այլեւս նման առաջարկությունը չի կրկնվում: Եւ մենք ՍՊԸ-ին առաջարկում ենք ազատել տարածքը, գտնում ենք, որ այդպիսի կարեւորագույն օբյեկտը պետք է վերադարձվի Գյումրի համայնքի ժողովրդին, ոչինչ չկա մասնավոր, ոչինչ չկա անձնավորված: Եթե նախորդ տարիների համար որեւէ լումա չի պահանջվում, եթե առաջարկում ենք նվազագույն, ամենացածր գին, ասում ենք ՝ բավական է, վերջ տվեք, եկեք օրինական դաշտում աշխատեք, կարծում եմ, որ այլ բնույթի շահարկումներ չեն կարող լինել»,- ասաց Աշոտ Գրիգորյանը:

Նա նաեւ ասաց, որ այդպիսի վիճակում է Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցի հարեւանությամբ գտնվող զբոսայգին: «2001, 2012 թվականներին կնքվել են պայմանագրեր դարձյալ նույն կառույցի հետ՝ 1952 մետր քառակուսի մեկի մակերեսն է՝ 240 հազար դրամ տարեկան վարձավճարով, 1250 մոտավորապես երկրորդինն է, այսինքն` ընդհանուր առմամբ 3000 մետրից ավել տարածք դարձյալ տրվել է նույն կազմակերպությանը: Ստացվել է, այդ ՍՊԸ-ն, որն արդեն իսկ 60 հազար քառակուսի մետր ոչ օրինական կարգով օգտագործում էր, մի հատ էլ սա է տանում, եւ դարձյալ, խնդրում եմ ուշադրություն դարձնել, տրվում է 99 տարի ժամկետով»:

Ըստ իրավաբանի, այդ կառույցը չի կատարել իր վարձակալական պարտականությունները, «Սայաթ-Նովա 6,7 հասցեում գտնվող զբոսայգու տարածքի համար պարտքը 686 հազար եւ 819 հազար տուգանքի ձեւով է, մյուս հասցեի համար 141 հազար եւ 128 հազար է հասնում», – ասում է Աշոտ Գրիգորյանը: Ըստ իրավաբանի, մեկ ամսվա համար պիտի վճարեին 20 հազար դրամ, որը չեն արել:

Նա անդրադարձավ նաեւ մեկ այլ վիճահարույց թեմայի. Գյումրու Բագրատունյաց պուրակի դիմացի Հաղթանակի զբոսայգու վերջնամասում տեղադրված առեւտրի ժամանակավոր տաղավարին: Ըստ իրավաբանի, քանի որ այդ հատվածում մեքենաների հոսքը շատ է, երթեւեկությունն ինտենսիվ է, քաղաքապետարանը որոշել է վերգետնյա անցում կառուցել, որպեսզի Բագրատունյաց պուրակի մուտքը կապվի Հաղթանակի պուրակի մուտքի հետ: Սա, ըստ Աշոտ Գրիգորյանի, կպակասեցնի վթարների թիվը, երբ առաջարկել են խոչընդոտող կրպակ-տաղավարը ապամոնտաժել, քաղաքապետարանն առաջարկել է վերջինիս համար այլ տեղ հատկացնել կամ այլ գետնանցումի կառուցումից հետո կտրամադրի գետնանցումի երկու կողմերը, կրպակատերը քաղաքապետարանի գրավոր հարցին գրավոր այնպիսի պատասխան է տվել, որ վերջիններս ապշել են:

«100 հազար դոլար փոխհատուցում են պահանջում մեզանից, իբր թե 100 հազար դոլար են ծախսել էդ տաղավարը կառուցելու համար, եւ երբ հարցնում ենք՝ հարգելի ընկերներ, 100 հազար դոլարը, եթե միլիոն դրամների վերածենք, ահռելի թիվ է, էդ ինչպե՞ս եղավ, պատճառաբանում է՝ գիտեք, էն ժամանակ դոլարի կուրսը 300 է եղել, հիմա 475 է, դրանից մենք վնաս ենք կրում: Այսինքն, քաղաքապետարանից պահանջում են 100 հազար դոլար փոխհատուցում, պլյուս դրան 500 հազար ամսեկան, իբր վարձակալության են տվել ինչ-որ կազմակերպության, տարեկան վեց միլիոն շահույթ, որը պիտի ստանային, ի լրումն էս ամենի մեզանից ուզում են քանդելու, ապամոնտաժելու, տեղադրելու աշխատանքներն էլ կատարենք քաղաքապետարանի միջոցների հաշվին», -ասաց Աշոտ Գրիգորյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031