Դասակի հրամանատարը ժխտում է, որ իր ենթական վարորդին հարվածել է
Նոյեմբերյանում տարածված խոսակցությունների համաձայն՝ հոկտեմբերի 13-ին Կողբ գյուղի տարածքում պետավտոտեսուչը վիճաբանել է երեւանցի մի վարորդի հետ, հարվածել նրան: Այնուհետեւ նշված պետավտոտեսուչի հետ վեճի են մտել Նոյեմբերյանի տարածաշրջանից վարորդներ:
Նույն ժամանակահատվածում պետավտոտեսուչներից մեկը թունդ վիճաբանության մեջ է մտել Տավուշի մարզի բարձրաստիճան պաշտոնյայի վարորդի հետ: Տարածված խոսակցություններով ՝ շոշափվում է Իջեւան քաղաքի բնակիչ, պետավտոտեսչության ավագ լեյտենանտ Արարատ Նազարյանի անունը: Վերջինս Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի երկարամյա վարիչ Արծրուն Նազարյանի եղբոր որդին է:
Անցած 10 օրվա ընթացքում մենք չէինք հրապարակում այս տեղեկությունը, որի վերաբերյալ անցած օրերին մանրամասներ իմացանք: Պետավտոտեսչության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանը մեզ հետ զրույցում ժխտեց պետավտոտեսուչի կողմից երեւանցի վարորդին հարվածելը, ընդունելով հանդերձ, որ իր ենթական բարձրաստիճան պաշտոնյայի վարորդի հետ վեճի մեջ է եղել:
Նշենք, որ Սմբատ Նորեկյանը դեռեւս չի պարզել իր այն ենթակայի ինքնությունը, ով Վարդավառի օրը հայտարարել էր, թե ինքը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին «28 հատ հարբած ոչխար» է տարել: Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ վարորդը, ում ասվել են այդ խոսքերը, հիմա էլ պնդում է,որ նման բան եղել է, նշելով, որ այդ պետավտոտեսուչի ծառայողական մեքենայի ձախ լուսաթարթիչը այդ օրը չէր գործում:
Մեր տեղեկություններով ներկայումս շարունակվում է պետավտոտեսչությանը եւ Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արտակ Ներսիսյանին առնչվող դեպքի քննությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ