Այսօր վերաքննիչ վարչական դատարանում կայացավ Արգիշտի Կիվիրյանի բողոքի դռնբաց դատաքննության շարունակությունը: Հիշեցնենք, որ 30.04.2015-ին Վարչական դատարանը բավարարել էր ոստիկանության հայտն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ վերջինիս պարտավորեցնելով 50 հազար դրամ տուգանք վճարել 01.08.2013 թ. Երեւանի քաղաքապետարանի մոտ վրան տեղադրելու փորձի համար եւ մերժել Արգիշտի Կիվիրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի՝ Արգիշտի Կիվիրյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, խաղաղ հավաքների եւ արտահայտվելու ազատության խախտմանն ուղղված գործողությունները ոչ օրինաչափ ճանաչելու մասին պահանջները:
Նիստի սկզբում նախագահող դատավոր Ա. Աբովյանը կողմերի ներկայացուցիչներին միջնորդություններ կամ հայտարարություններ անելու հնարավորություն ընձեռեց: Կիվիրյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ վերոնշյալ գործի վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ կայացնելով համապատասխան որոշում, համաձայն որի, Արգիշտի Կիվիրյանի գործողություններում անիրավաչափ գործողություններ չի գտել: Հակառակը՝ ոչ իրավաչափ է դիտարկել ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքների պաշտպանը նաեւ համապատասխան հղումներ է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներին, այդ թվում նաեւ՝ ԵԱՀԿ համապատասխան իրավական դիրքորոշումներին: Հետեւաբար, Արգիշտի Կիվիրյանի՝ հավաքին մասնակցելու ժամանակ վրան տեղադրելու գործողությունը որեւէ ոչ իրավաչափ նպատակ իրենից չի ներկայացնում: Մարդու իրավունքների պաշտպանը առաջարկել է ոստիկանության պետին համապատասխան գործողություններ իրականացնել իրենց գործողությունների վերաբերյալ: Ա. Կիվիրյանի ներկայացուցիչը նաեւ անդրադարձ կատարեց նախորդ նիստում մյուս կողմի հայտարարությանը՝ կապված ձերբակալման ժամկետի հետ, երբ ըստ էության ձերբակալումը հաշվարկում են՝ հիմք ընդունելով Ա. Կիվիրյանին բաժին բերելու ֆիքսված ժամից: Մինչդեռ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Արգիշտի Կիվիրյանը գտնվել է Երեւանի քաղաքապետարանի տարածքում եւ այնտեղից նրան բերման ենթարկելու պահից սկսած պետք է հաշվարկել անձի ազատության սահմանափակումը:
ՀՀ ոստիկանությունը ներկայացնող կողմն իր հերթին նշեց, որ նախորդ նիստում ինքը դատարանին է ներկայացրել Հատուկ քննչական բաժնի որոշումը, որտեղ մանրամասն քննվել է այդ օրվա, մասնավորապես, ոստիկանության գործողությունները՝ րոպեների ճշտությամբ:
Կողմերը նաեւ իրենց հղումներն արեցին համապատասխան օրենքների այն կետերին եւ որոշումներին, որոնք սահմանում են հասարակական վայրերի համապատասխան տարածքների օգտագործման կարգի պահանջները: Դատարանը դրանց դեռ կանդրադառնա:
Կարդացեք նաև
Այսօրվա նիստի քննարկման հիմնական թեմաներից էր նաեւ այն, թե այդ օրը Արգիշտի Կիվիրյանին ոստիկանություն բերման ենթարկելու ընթացքում խախտվե՞լ է, արդյոք, նրան երեք ժամ ազատությունից զրկված պահելու թույլատրելի ժամկետը: Հայցվոր կողմը պնդում է, որ ձերբակալման ժամկետը պետք է ֆիքսել դեպքի վայրում կատարված գործողությունների պահից, այլ ոչ թե արդեն ոստիկանությունում ֆիքսվածից: Այդ պարագայում Արգիշտի Կիվիրյանն անազատության մեջ մնացել է թույլատրելի երեք ժամից ավելի: Եվ որպես ապացույց է բերում գործով դատարան ներկայացված տեսագրությունն ու լուսանկարները, որոնցում երեւացող Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի թեւի ժամացույցը ցույց է տալիս կոնկրետ ժամ ու րոպե: Բացի այդ, Ա. Կիվիրյանի ներկայացուցիչը հիշեց նաեւ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունների ժամերը: Կողմի կարծիքով, եթե նկատի առնենք, որ մինչեւ տեղեկատվության հեղինակը նյութը եւ լուսանկարները կամ տեսանյութը փոխանցի իր խմբագրին ու դրանից հետո այն հայտնվի կայքում, ապա ժամանակի հետհաշվարկով միանգամայն պարզ է դառնում, որ Արգիշտի Կիվիրյանը անազատության մեջ գտնվել է թույլատրելի ժամկետից շատ:
Պատասխանող կողմը դրանց հակադարձեց, որ ոստիկանությունը իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում կոնկրետ գործողությունների դիմելիս, այն սկսելու ճշգրիտ ժամկետ չի ֆիքսում: Նա չբացառեց նաեւ, որ կարող էր գնդապետ Վալերի Օսիպյանի ժամացույցը սխալ աշխատել, թեկուզ, գործողությունների ժամանակ ինչ-ինչ պատճառներով: Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ օպերատիվ աշխատել: Կողմի մեկնաբանությամբ, չի բացառվում, որ մինչ ոստիկանությունը Ա. Կիվիրյանին քաղաքապետարանի մոտից կտաներ ոստիկանության Կենտրոնական բաժին, լրագրողի նյութը կարող էր այդ ընթացքում արդեն հայտնված լինել կայքում:
Դատարանը որոշեց գործի լսումը շարունակել հաջորդ նիստում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ