Տեղեկացրել էինք, որ 113 դպրոցի որոշ ծնողներ դժգոհել էին նույն դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սերինե Դեղոյանից՝ աշակերտների հետ կոպիտ վարվելու ու պարզաբանումների ժամանակ հարազատներին խառնելու համար:
Aravot.am-ը կապվեց նաեւ տիկին Դեղոյանի հետ: Նա նշեց, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում, ապա հավելեց, թե կասկածում է՝ կոնկրետ, որ երեխայի ծնողի մասին է խոսքը: «Համեցեք 113 դպրոց եւ հարցրեք աշակերտներին, ուսուցիչներին, ամբողջ Հաղթանակ գյուղին մեր ընտանիքի եւ իմ անձի մասին… Ուսուցչի գործն այնպիսի գործ է, որ կարող է նյարդայնանա եւ մի հատ էլ գոռա, իսկ ես ընդամենն ասել եմ, որ տետր չի բերել ստուգողականի համար, գումար եմ տվել, որ տետր գնեն: Հետո զանգել- բողոքել էին, որ ամիս ու կես անցել է, ու պետք է գրավոր գրեն, ես էլ ասեցի՝ սիրելիս, գուցե թեմատիկ պլանը ինքնե՞րդ գրեք»,-հայտնեց ուսուցչուհին:
Սերինե Դեղոյանը նաեւ նշեց, որ ինքը մանկավարժների ընտանիքից է, բոլորն իրեն հարգում են, ու դպրոցում իրեն սիրող աշակերտների հսկա բանակ ունի, նման բաներ էլ բոլոր դպրոցներում էլ պատահում են: Նա նաեւ արձակուրդները վերջանալուն պես մեզ դպրոց հրավիրեց՝ տեղում կարծիք կազմելու համար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ