Որոշ տաքսի ծառայությունների տնօրեններ ճանապարհային ոստիկանությունից ստացել են ճանապարհային երթեւեկության հազարավոր խախտումների վերաբերյալ ծանուցումներ: Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում «Այգեձոր» տաքսի ծառայության տնօրեն Սուրեն Մկրտչյանն ասաց, որ վարորդները, որոնք աշխատել են տաքսի ծառայությունում, երթեւեկության խախտումներ են թույլ տվել, ապա դուրս եկել աշխատանքից, ՃՈ-ն չի կարողանում տուգանքները գանձել տվյալ վարորդից, ծառայության տնօրինությունից է պահանջում:
«Ասում են՝ քո մոտ է աշխատել, ինքն անվճարունակ է, ուրեմն դու պիտի վճարես: Ես չեմ պատրաստվում ուրիշի արած խախտման համար վճարել: Իմ արած խախտումի համար ուրիշը կվճարի՞:
Ասուլիսին ներկա Տիգրան Հովհաննիսյանը, որը պաշտպանում է տաքսի ծառայությունների շահերը, ինչ-որ օրենքից հատված կարդաց, եւ հիմնվելով իր նշած օրենքին, կարծիք հայտնեց, որ ճանապարհային ոստիկանության պահանջն անօրինական է. «Ըստ օրենքի, եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով՝ վարչական մարմինը գրավոր հարցում է անում իրավաբանական անձին, այսինքն՝ տաքսի ծառայությանը: Հարցում ստացած անձը պարտավոր է 5 օրյա ժամկետում տեղեկացնել՝ ում է ամրացված տվյալ տրանսպորտը, անուն-ազգանուն, պաշտոնը եւ բնակության վայրը: Ճանապարհային ոստիկանությունն այսօր պարտադրում է սերվիսներին բացի վարորդական վկայականից, ամրացնել նաեւ աշխատանքային պայմանագիրն ու հրամանը: Դուրս է գալիս, որ ճանապարհային ոստիկանությունն ուզում է մատնել մեր տաքսի սերվիսներին հարկային մարմիներին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Սուրեն Մկրտչյանն էլ կարծիք հայտնեց, որ վարորդների կատարած խախտումների համար սահմանված տուգանքների մասին տեղեկություններն ուղարկվում են տաքսի ծառայությունների տնօրեններին, ինչը խուճապի է մատնել նրանց. Տնօրենները մտավախություն ունեն, որ վարորդների փոխարեն ՃՈ-ն իրենցից է պահանջելու գումարները, դատարան էլ դիմել անհնար է, քանի որ դրանք 1-2 գործեր չեն. « Ճանապարհային ոստիկանությունը վարորդներից չի կարում փողերը ստանա, սերվիսներից ա պահանջում: Թղթերն ուղարկում են՝ ոստիկանության գնդապետ Հակոբյանի ստորագրությամբ, ոչ կնիք կա, ոչ՝ մնիք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Այս առնչությամբ Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ոստիկանությունից, մեզ վստահեցրին, որ առաջիկայում հայտարարություն կանեն տվյալ խնդրի վերաբերյալ:
Ասուլիսի մասնակիցների վստահեցմամբ էլ՝ եթե ոստիկանությունը խնդրին լուծում չտա, բողոքի ակցիա են անելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ