ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդուն` Դերենիկ Ղեւոնդյանին, գրավի դիմաց ազատ արձակելու մասին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Դերենիկ Ղեւոնդյանին ազատ արձակելու մասին:
«Դատախազը բողոքում նշել էր իրարամերժ փաստարկներ՝ հերթական ձեւակերպումներով, թե իմ պաշտպանյալը, կարող է ազատության մեջ գտնվելով, խոչընդոտել, անօրինական ազդեցություն ունենալ վկաների վրա: Դատախազը նաեւ իր բողոքը հիմնավորել էր, թե իբր դեռ քննչական գործողություններ ունեն կատարելու, բայց 19-րդ օրն է՝ իմ պաշտպանյալն ազատության մեջ է, վարույթ իրականացնող մարմինը որեւէ գործողություն իմ պաշտպանյալի նկատմամբ չի կատարել: Այսինքն, դրանք պարզապես ձեւակերպումներ էին, որոնք դրված էին բողոքի մեջ»,- դատական նիստից հետո ասաց Դերենիկի փաստաբան Արմեն Մելքոնյանը (լուսանկարում):
Նա ասաց, որ Զաքարյան եղբայրներն են իր պաշտպանյալ Դերենիկին հարվածել. «Ներկայացնում են, որ իբր իմ պաշտպանյալ Դերենիկ Ղեւոնդյանը եւ մյուս հինգը նույնպես հարվածել են Մուշեղ Զաքարյանի քթին ու պատճառել միջին ծանրությամբ վնասվածք, պնդում եմ՝ դա տրամաբանությանը չի համապատասխանում: Այդպես չի լինի, որ կռվի ժամանակ վեց հոգի գան ու քթին հարվածեն, ինչ է այդ քիթը ցուցահանդե՞ս էր: Դերենիկ Ղեւոնդյանը ծեծկռտուքին միջամտել է ընդամենը, որ բաժանի, հաշտեցնի, իրեն են ծեծի ենթարկել եւ թեթեւ մարմնական վնասվածք են հասցրել, բախտը բերել է, որ հարվածը հասել է ունքին, ոչ թե աչքին»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Սդղի Գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ազատ արձակվելուց հետո հաջորդը ազատության մեջ հայտնվեց Ղեւոնդյանը՝ շարունակելով մնալ մեղադրյալի կարգավիճակում:
Ի դեպ, վերաքննիչ քրեական դատարանում գլխավոր դատախազության բողոքը քննեց դատավոր Սերգեյ Չիչոյանը, որը Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արմեն Չիչոյանի հարազատ եղբայրն է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ