Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուսանք, որ Հարավային Կովկասում փխրուն խաղաղությունը հավասարապես թանկ է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի համար

Հոկտեմբեր 23,2015 16:24

ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման, Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին

-Վերջին շրջանում, կարծես սահմաններում իրավիճակը հանդարտվել է: Ի՞նչ բացատրություն ունեք: Ադրբեջանում կայանալիք ընտրություննե՞րն են պատճառը:

-Ադրբեջանում ընտրություններ, ինչպես մենք ենք պատկերացնում, չկան: Եվ սահմաններում իրավիճակը ոչ մի կապ չունի դրանց հետ: Ալիեւի ռեժիմը զորքերի շփման գծում եւ Հայաստանի սահմանին լարվածությամբ փորձում էր ստեղծել պատերազմի վերսկսման իմիտացիա, որպեսզի դիվանագիտական հարթությունում հանդես գա «խաղաղասերի» կեցվածքով: Այդ հնարքը չանցավ, ադրբեջանական բանակը հերթական անգամ ծանր կորուստներ ունեցավ, Հայաստանի նախագահը խոսեց Ադրբեջանին պատժելու, նրան խաղաղություն պարտադրելու, Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունից: Բաքվում հասկացան, որ հայկական կողմը սադրանքներին հակադարձելու միջոցներ եւ պատրաստականություն ունի, ուստի չի գնա միակողմանի զիջումների: Եվ հիմա սահմաններում մի փոքր հանգիստ է: Հնարավոր է՝ դա նաեւ պայմանավորված է ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի սպասումներով:
-Առաջիկայում սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ հանդիպումների շրջանակը փոփոխվում է: Համանախագահներն այս անգամ կսահմանափակվեն պաշտոնական հանդիպումներով: Այս փոփոխությունը որեւէ բան ավելացնում կամ պակասեցնո՞ւմ է ընդհանուր գործընթացում:

-Համանախագահները միշտ էլ նախապատվություն են տվել պաշտոնական հանդիպումներին: Նրանք, ճիշտ է, Արցախում մեկ-երկու անգամ շփվել են հանրային շրջանակների ներկայացուցիչների հետ, բայց առհասարակ քննարկումները միշտ էլ կոնֆիդենցիալ են եղել: Այս անգամ նրանք գալիս են հույսով, որ կհաջողվի համաձայնեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ժամանակացույցը: Այս իմաստով, կարծում եմ, Ստեփանակերտում միջնորդները քիչ անելիք կունենան, եթե, իհարկե, օգտագործվի Արցախ այցելելու հնարավորությունը: Կարծում եմ, որեւէ պատրվակով Ադրբեջանը մերժելու է բարձր մակարդակով հանդիպման առաջարկը: Բաքուն ասելիք չունի, իսկ պարտավորություններ ստանձնել չի ուզում: Սա անձնական տպավորություն է:

-Հետեւում ե՞ք խորհրդարանական ընտրություններին Բաքվի նախապատրաստություններին, Ձեր գնահատմամբ, ինչպե՞ս են դրանք ընթանում, ի՞նչ արդյունքներ կգրանցվեն` նկատի ունենալով Ադրբեջանում առկա իրավիճակը, մանավանդ, մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումներն ու սահմանափակումները, միջազգային դիտորդների «բոյկոտն» այս ընտրություններին:

– Ադրբեջանում ընտրություններ չեն, պարզապես խորհրդարանի լիազորություններն ավարտվում են, հարկ է ինչ-որ մարդկանց փոխել, բայց քանի որ դա հնարավոր չէ անել նախագահի հրամանագրով, սահմանվել է օր, երբ մարդկանց մի որոշակի քանակության կստիպեն գնալ «ընտրատեղամասեր», քվեաթերթիկ վերցնել, մտնել խցիկ… Մնացածը կանի ԿԸՀ-ն, որն ունի նախագահի աշխատակազմի կազմած ցուցակը: Պատահական չէ, որ միջազգային ոչ մի կառույց դիտորդական առաքելություն չի իրականացնի: Միակ հեղինակավոր դիտորդը կլինի Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Չուրովը, որն էլ կհայտարարի, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են սահմանադրությանը եւ ազգային օրենսդրությանը լիովին համապատասխան ընթացակարգերով:

-Կստացվի՞ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տարեվերջին, այն կլինի հերթականը, թե՞ , նկատի ունենալով տարածաշրջանային զարգացումները, կարող է ԼՂՀ հարցի կարգավորման առումով շարժեր գրանցել:

-Չեմ կարծում, թե բանակցային գործընթացում որեւէ տեղաշարժի սպասումներ ունեն անգամ իրենք՝ միջնորդները: Խնդիրն ավելի գործնական է՝ թույլ չտալ լարվածության այնպիսի էսկալացիա, երբ պատերազմի վերսկսումն անխուսափելի կդառնա: Բայց այստեղ էլ գործ ունենք համանախագահ երկրների լուրջ տարաձայնությունների հետ: Պետք է հուսալ, որ Հարավային Կովկասում փխրուն խաղաղությունը հավասարապես թանկ է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համար: Դրան կարող է դրական անդրադառնալ նաեւ Սիրիայում իրավիճակի քաղաքական հանգուցալուծումը, եթե կողմերին հաջողվի վեր կանգնել ամբիցիաներից: Հակառակ դեպքում մենք եւս կարող ենք հայտնվել մերձավորարեւելյան անկայունության գոտում՝ դրանից բխող սպառնալիքներով հանդերձ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031