Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ընթերցող երեխաները հանկարծ հետ կանգնում գրքից

Հոկտեմբեր 23,2015 16:14

Հայտնի է, որ Հայաստանում մանկական գրքերը համեմատաբար ավելի մեծ պահանջարկ ունեն, քան մյուս գրքերը: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը դա բացատրում է մանուկների ընթերցասիրությամբ:

Եվ հարց է առաջանում, թե ուր են անհետանում այդ ընթերցասեր երեխաները, ինչո՞ւ գրքի հանդեպ հետաքրքրվածությունը չի պահպանվում նաև հետագա տարիներին:

«Ամենատարբեր ուղղություններով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ընթերցող երեխաները շատ արագ հետ են կանգնում գրքից, որովհետև նրանց տարիքային աճին զուգահեռ՝ մենք նրանց չենք առաջարկում համապատասխան գրքեր»,- կարծում է գրականագետը:

Նրա գնահատմամբ՝ մինչև վերջերս Հայաստանի հրատարակչական դաշտում գրեթե չունեինք պատանեկան գրականություն. «Բայց ահա մի քանի տարի առաջ այդ բացը որոշակի չափով լրացնելու փորձ արվեց, և սկսեցին տպագրել գրքեր, որոնք կհետաքրքրեին պատանիներին: Օրինակ՝ «Անտարես» հրատարակչությունն ստեղծել է «Կողմնացույց» մատենաշարը, որն ունի «Պատանեկան գրադարան» ենթավերնագիրը, և դրա շրջանակներում այսօր տպագրվում են համաշխարհային գրականության պատանեկան լավագույն գործերը: «Զանգակ» հրատարակչությունն էլ է պատանիների համար ստեղծել հրաշալի մի մատենաշար: Սրանք այն գրքերն են, որոնք աշխարհի բոլոր պատանիներն են կարդում, և աճի, զարգացման լավագույն ազդակներից են համարվում ամբողջ աշխարհում: Իսկ «Էդիթ պրինտ» հրատարակչությունն ունի «Իմ գրադարանը» մատենաշարը, որի շրջանակներում, ճիշտ է, տպագրվում են հայ և համաշխարհային դասականների գործեր, բայց այնպիսիք, որոնք կարելի է կարդալ հենց պատանեկան տարիքում»,- ասում է Ա. Նիկողոսյանը՝ փաստելով, որ մանկական գրքից պատանեկան գիրք անցումն այսօր արդեն ապահովված է:

Թեև անցումն ապահովված է, սակայն այստեղ մեկ այլ խնդիր է առաջ գալիս. «Այսօր շատ է փոխվել պատանիների մտածողությունը: Այն արկածները, հեքիաթները, ճանապարհորդությունները, որոնք ժամանակին մեր սերնդին կարող էին թվալ հրաշալի, աշխարհայացք, մտածողություն փոխող, այսօրվա պատանիներին կարող են փոքր-ինչ պարզունակ թվալ և քիչ հետաքրքրել: Բայց այսօր արդեն Հայաստանում կա և առաջարկվում է պատանեկան լավ գրականություն, թեև մեծ մասը թարգմանական է: Ցավոք, անկախության շրջանի հայ գրականության մեջ պատանեկան գործեր շատ քիչ կան»,- ասում է Ա. Նիկողոսյանը:

Բայց եթե անգամ մեր գրողներն սկսեն հետաքրքրվել պատանեկան գրականության ստեղծմամբ, այստեղ էլ խնդիր է առաջացնում ուսուցիչների «ավանդական» մտածողությունը. «Հետևելով տարբեր գրադարանների տվյալներին՝ տեսնում ենք, որ այն երեխաները, որոնք դպրոցից ուղղորդվում են դեպի գրադարաններ՝ դպրոցական գրականություն կարդալու միտումով, շատ են ավանդական կաղապարների մեջ: Այսինքն՝ զարգացումը, որ պետք է ուսուցչի շնորհիվ երեխան ապահովեր (նոր գրքեր ընդգրկեր, նոր հեղինակների ծանոթանար), չկա: Նա, այնուամենայնիվ, սահմանափակվում է երեք-չորս հայտնի հեղինակներով»,- մտահոգվում է գրականագետը:

Սակայն այստեղ, ըստ նրա, չի կարելի անտեսել նաև դպրոցական ծրագրերի խտությունը. «Ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է, և երեխաները օրվա ընթացքում չեն հասցնում անգամ իրենց դասերը պատրաստել, ուր մնաց՝ գիրք կարդան: Եվ այսօր արձակուրդ ասվածները երեխաներն ստիպված օգտագործում են իսկապես հանգստանալու, այլ ոչ թե գիրք կարդալու համար»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սերինե says:

    Օֆ, էլի անտարեսի գովազդով է զբաղված:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031