Երեւան, 23 հոկտեմբերի, 2015թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հոկտեմբերի 18-ին իր ամենամյա դրամահավաք-ճաշկերույթն է անցկացրել Տորոնտոյի Հայ համայնքի կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Հիմնադրամի ավելի քան 330 աջակիցներ եւ պաշտոնատար անձիք:
Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված երեկույթը, որը կրում էր «Ցեղասպանությունից վերածնունդ» խորագիրը, անցկացվեց Կանադայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանի հովանու ներքո: Դեսպանը, բարձր գնահատելով Հիմնադրամի 23 տարվա գործունեությունը եւ դերը Հայաստանի ու Արցախի առաջընթացում, կոչ արեց ներկաներին ակտիվորեն մասնակցել Հիմնադրամի հայանպաստ ծրագրերին եւ գերազանցել նախորդ դրամահավաքի արդյունքը:
Կանադահայ երգչուհի Արմենիա Սարկիսյանի կատարմամբ հնչեցին Կանադայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի օրհներգերը, ինչից հետո մասնակիցները լռության րոպեով հարգեցին 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակը:
Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի օրհնությունից հետո Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը ներկայացրեց տորոնտոհայերի ջանքերով կյանքի կոչված 49 ձեռնարկներից վերջին հինգը` Արցախի Իվանյան գյուղում մանկապարտեզի եւ համայնքային կենտրոնի (Կյանքի կենտրոն) կառուցումը, Շոշ գյուղի դպրոցի վերակառուցումը, Նոր Մարաղա գյուղի համար շտապօգնության մեքենայի ձեռքբերումը եւ Հայաստանի Նալբանդյան գյուղի դպրոցի հիմնանորոգումը:
Երեկոյի ընթացքում «Բարերար» մեդալով պարգեւատրվեց Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի նվիրատուներ Արմեն եւ Պերճուհի Նաբանդյանների ընտանիքը, ինչպես նաեւ տիկին Սեդա Ֆրանկյանը, ով Հիմնադրամի երկարամյա աջակից ու բարերար երջանկահիշատակ Ժան Ֆրանկյանի քույրն է:
Միջոցառման պատվո հյուրն էր Գանձասարի հերոս, Դադիվանքի հոգեւոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, ով իր հիշողությունները պատմեց արցախյան ազատամարտից եւ կոչ արեց ներկաներին սատարել Հիմնադրամի ազգաշեն գործին:
Դրամահավաք-ճաշկերույթի ավարտին արձանագրվեց 585.000 ԱՄՆ դոլարի նվիրատվություն: Հասույթը ներառում է նաեւ երեկոյի ընթացքում անցկացված աճուրդում 20.000 ԱՄՆ դոլարով վաճառված` հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մարզաշապիկի գումարը:
Ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը հայտարարեց, որ նվիրաբերված գումարով Տորոնտոյի տեղական մարմինը չորս նոր ծրագիր կնախաձեռնի Արցախում` կկառուցի երկու համայնքային կենտրոն եւ տներ բազմազավակ անապահով երկու ընտանիքի համար:
Տորոնտոյի տեղական մարմնի դրամահավաքը շարունակվում է: Ատենապետը հույս է հայտնում, որ մինչեւ Հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ը, հանգանակությունների թիվը կավելանա:
Կարդացեք նաև
«Հայաստան» համահայկական հիմնադրամ