«Իրականում շատ ողջունելի որոշում էր»,- հոկտեմբերի 23-ին Aravot.am-ի եւ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Մարդու իրավունքի պաշտպանի տեղակալ Երանուհի Թումանյանը՝ անդրադառնալով Սողոմոն Քոչարյանի ազատություն ստանալուն:
Հիշեցնենք՝ հինգշաբթի՝ հոկտեմբերի 22-ին, ծանր հիվանդությունների հիմքով ազատություն ստացավ 21-րդ տարին անազատության մեջ գտնվող, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանը:
Նա նկատեց, որ իրականում կատարվել է այն, ինչ պետք է լիներ օրենսդրությամբ եւ օրենքներով: Ըստ նրա այս գործը նախադեպային չի լինի. «Իրականում մեկը մյուսի հետ կապ չունի, տարբեր գործընթացներ են, նա հիվանդություն է, հիվանդությունների ցանկ կա, որոնց դեպքում ընդհանրապես խոչընդոտվում է ազատազրկումը, եւ չի կարող այդ հիվանդություններով անձը ազատազրկված պայմաններում պահվել: Բայց ընդհանուր առմամբ դրական է այնքանով, որ կարծես կա դրական տեղաշարժ եւ կար ցանկություն ցմահ դատապարտյալին ազատ արձակել: Այսինքն՝ սա հուսադրող է զուտ բարոյական տեսակետից. անձանց, նույն ցմահ դատապարտյալներին կհուսադրի, որ այնուամենայնիվ, որոշ դեպքերում կա եւ օրենքը կարող է գործել, այսինքն՝ ընդամենը այսքանով: Իսկ կոնկրետ բովանդակային՝ այո՛, եթե լինեն ցմահ դատապարտյալներ, որոնք կունենան այդպիսի հիվանդություններ, որոնք ամրագրված են կառավարության որոշմամբ, իհարկե՛, այդ պարագայում կարելի է նախադեպային դիտարկել»:
Նա նկատեց, որ գործընթացը ձգձգվել է, քանի որ օրենսդրությունը տալիս է հիվանդությունների ցանկը, սակայն ժամկետներ նշված չեն. «Տրամաբանական է, որ եթե այդպիսի ծանր հիվանդություն է, հրատապորեն պետք է քննարկվի հարցը, մինչդեռ պրակտիկայում մենք ունենում ենք հակառակ խնդիրը՝ ոչ թե լինում է հրատապ քննարկում, այլ ձգձգվում է, քանի որ ուղղակի ժամկետ չկա: Այսինքն՝ այստեղ չենք կարող ասել՝ օրենք է խախտվել կամ կառավարության որոշման դրույթ, ուղղակի ժամկետը չկա, եւ իրենք ձգձգել են այդ գործընթացը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ