Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպեց «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: 27 հոդվածից բաղկացած օրենքի նախագիծը մի քանի տարում մշակվել է Մշակույթի նախարարության աշխատակազմի կողմից՝ միջազգային փորձագետների աջակցությամբ:
«Հաջողված են այն օրենքները, որոնք ծավալով այդքան էլ մեծ չեն: Համոզված եմ, որ այս նախագիծը համալրելու է մեր որակյալ օրենքների շարքը: Լսումներին կհաջորդի ԱԺ լիագումար նիստերի դահլիճում առաջին ընտելացմամբ քննարկումը: Չի բացառվում, որ առաջին ընթերցումից հետո եւս մեկ քննարկում կազմակերպենք»,-ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ զեկույցը՝ Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն ասաց, որ վերջին տարիներին նյութական եւ ոչ նյութական արժեքների պահպանման վերաբերյալ մի շարք օրենքներ են ընդունվել, սակայն թանգարանների եւ թանգարանային ֆոնդերի գործունեությանն իրավական գնահատական չի տրվել. «Եւ ահա, այս օրենքը կարգավորում է թանգարանների ստեղծման, գործունեության եւ գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները, սահմանում է թանգարանային ֆոնդի ձեւավորման, հաշվառման եւ պահպանման իրավական հիմքերը, թանգարանների տեսակները, ինչպես նաեւ՝ «թանգարան», «թանգարանի ֆոնդ», «թանգարանային առարկա» հասկացությունները»:
Քննարկմանը մասնակից մի շարք թանգարանների տնօրեններ որոշակի խնդիրներ վերհանեցին: Մասնավորապես ասվեց, որ ըստ օրենքի՝ թանգարանի շենքը կարող է օտարվել բացառիկ դեպքերում, սակայն պարզ չէ՝ որ դեպքերի մասին է խոսքը: Արեւ Սամուելյանն էլ որպես օրինակ հիշատակեց Ցյուրիխում տեղի ունեցած դեպքը, երբ թանգարանի մասնաշենքն օտարվեց՝ ճանապարհաշինարարության ժամանակ հայտնաբերված հնագիտական հուշարձանը պահպանելու նպատակով: Այնուամենայնիվ, բացառիկ դեպքեր ասելով՝ օրենքը մշակողներն առավելապես նկատի ունեն տարածքը գերակա շահ ճանաչելու հնարավոր որոշումը:
Կարդացեք նաև
Արտակ Դավթյանն էլ առաջարկեց օրենքում համապատասխան կետ մտցնել, որով կարգելվի արգելոց- թանգարանների օտարումը. «Այդ ի՞նչ բացառիկ գերակա շահ պետք է լինի, որ, օրինակ, «Սատանայի կամուրջը», որը բնական հուշարձան է՝ օտարվի»: Ներկաներից մեկն էլ ակնարկեց, թե արգելոց-թանգարանների գործունեությունը կարող է վտանգվել, ասենք, ռեստորանի «գերակա շահի» պատճառով:
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ ասաց, որ նման բան հնարավոր չէ. «Արգելոց-թանգարանները հուշարձաններ են համարվում, դրանց օտարումը «Հուշարձանների պահպանության մասին» օրենքով արգելվում է: Այդ պատճառով նման դրույթ նպատակահարմար չենք համարել ներառել «թանգարանների մասին» օրենքում»:
Արտակ Դավթյանը նաեւ առաջարկեց նախագծում ներառել դրույթ, համաձայն որի՝ թանգարանային իրերը գրավադրման ենթակա չեն եւ չեն կարող դառնալ այլ գործարքի հետ կապված օտարման առարկա:
Նշենք, որ Հայաստանում գործում է 123 թանգարան, որից 54-ը՝ Երեւանում: Թանգարանային ֆոնդերում պահվող նմուշների թիվը 1,5 միլիոնից ավելի է, սակայն ցուցադրվում է 3.1 տոկոսը: «Այս տարի ֆոնդերը համալրվել են 11 հազար թանգարանային առարկաներով, իսկ դրանք ցուցադրելու խնդիրը նախարարությունը փորձում է լուծել ոչ միայն ավանդական, այլեւ վիրտուալ ցուցասրահների միջոցով: Ստեղծվել են տեղեկատվական շտեմարաններ, գործարկվել են վիրտուալ ցուցասրահներ: Բոլոր թանգարաններն ունեն կայքեր, որոնք ավելի լայն տեղեկատվություն են պարունակում»,-նշեց Արեւ Սամուելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի նախատեսվում է բացել Համո Սահյանի եւ Սերո Խանզադյանի տուն-թանգարանները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ