Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական թռչնաֆաբրիկաները թող իրենց գլխի ճարը տեսնեն. ներմուծվող էժան միսը խնդիրներ է ստեղծելու (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2015 14:32

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ տնտեսվարողների հակամրցակցային գործունեության համար տուգանքների չափը ավելանալու է. «Պետք է հստակեցնել, բայց դա չի վերաբերում մեր երկրի ներսում թույլ տված հակամրցակցային գործողություններին, վերաբերում է անդրսահմանային դեպքերին: ԵՏՄ մրցակցության կանոններով նախատեսվում է տուգանքները խստացնել եւ պետական պաշտոնյաների համար էլ պետք է պատասխանատվության միջոցներ սահմանվեն, եթե խախտում են անում»:

Նա ասաց, որ օրինակ պետական գնումների ոլորտում լինում են նման դեպքեր, երբ տնտեսվարողների հակամրցակցային գործունեության համար պայմաններ են ստեղծում հենց պետական մարմինները, մրցույթներից առաջ պայմանավորվում են կամ շատ թափանցիկ չեն կազմակերպում մրցույթները. «Նախարարություններն են անում, նախարարությունների կազմի մեջ մտնող մարմինները լինում են դեպքեր, երբ նախապես պայմանավորվում են տնտեսվարողների հետ: ԵՏՄ-ի կանոններով,նաեւ իրենք պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Հարցին, էլ ո՞ր ոլորտներում կա դրական տեղաշարժ՝ ԵՏՄ մտնելու հետ կապված՝ Շաբոյանը պատասխանեց օրինակ, հավի մսի ոլորտում. «Մեծ քանակությամբ ներկրվել են թռչնամսի որոշ տեսակներ եւ ռուսական ռուբլու փոխարժեքի հետ կապված՝ տնտեսվարողներին շահավետ է դարձել հավի միս ներկրել Հայաստան»:

Լրագրողների դիտարկմանը, որ դրանից տեղական թռչնաֆաբրիկաներն են մեծ խնդրի առաջ կանգնում, դա՞ է դրական տեղաշարժը՝ նա պատասխանեց. «Երբ էժան արտադրանք է ներկրվում, բնականաբար, մրցակցային առավելություն են ստանում տեղական արտադրողների նկատմամբ: Տեղական արտադրողները պետք է շահագրգռված լինեն արտադրողականությունը առավել բարձրացնեն, որ կարողանան մրցակցել ներմուծողների հետ: Բնականաբար, պետք է ներդրումներ անեն, դա իրենց ձեռ չի տալիս, բայց բնակչության շահերի տեսանկյունից, բոլորս էլ հասկանում ենք, որ էժան ապրանքի ներկրումը հօգուտ սպառողների է»:

Հարցին, որ այսպես տեղական արտադրողները կփակեն իրենց արտադրությունը,միայն ներկրվող թռչնամսից կախված կլինենք եւ եթե հանկարծ, օրինակ, ճանապարհները փակվեն, ի՞նչ ենք անելու այդ դեպքում, անվտանգության խնդիրը չի՞ տուժում՝ Արտակ Շաբոյանը պատասխանեց, որ իրենց խնդիրն է միայն հավասար մրցակցային պայմաններ ապահովել բոլոր տնտեսվարողների համար:

Լրագրողները հետաքրքրվեցին «Սնիկերսի», «Մարսի» շոկոլադեղենի շուկաներից, որտեղ նոր խաղացող է հայտնվել եւ գներն իջել են: Շաբոյանը վստահեցրեց, որ ինքը դեռ տեղեկություններ չունի, ուսումնասիրություններ է սկսել երեկվանից՝ բացահայտելու պատճառները. «Ներմուծող ընկերությունը խոշոր ընկերություն է հանդիսանում, «Սլավ գրուպ» ընկերության մասին է խոսքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031