Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյանն ու Շաբոյանը ԱԺ-ում թեժ վիճեցին. «Լսի՛, քո շարժուձեւին էլ եմ տիրապետում, քո ինֆորմացիային էլ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 23,2015 14:03

Այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց իրենց 2016-ի գործունեության ծրագիրը: Նա ասաց, որ տուգանքները ԵՏՄ-ով պայմանավորված փոխվելու են, ոչ թե բացարձակ թվերով պետք է լինեն, այլ տոկոսներով:

Խաչատուր Քոքոեբելյանն արձագանքեց՝ ուրեմն ԵՏՄ-ով պայմանավորված՝ պարտադրված փոխում ենք, տենց ասեք:

Շաբոյանն ավելի մեղմ ձեւակերպեց՝ ցանկալի է, որ փոխենք, պարտադրված չենք փոխում:

Ըստ Խաչատուր Քոքոբելյանի՝ «Ամեն ինչի մասին խոսեցիք, բացի բուն հանձնաժողովի գործից: Երկիրը խեղդված է մոնոպոլիաների մեջ՝ բենզին, շաքարավազ, ինտերնետ, հացահատիկ, իսկ դուք խոսում եք դպրոցի բուֆետներից: Իհարկե, բուֆետները շատ կարեւոր են,բայց տնտեսության ինչ մաս են դա կազմում: Թույլ տվեք ժամկետանց դեղեր, ժամկետանց սննդամթերքի խնդիրները: Չկա սուպերմարկետ, որ ժամկետանց ապրանք չունենա: Որեւէ բան նշեք, որ ձեր հանձնաժողովի միջամտությամբ կարգավորվել է: Դու ձեր զեկույցում նրբորեն գրել եք, թե վերլուծելով վառելիքի, բենզինի շուկան, հաշվի առնելով, թե որտեղից է ներմուծվում, բայց քաղաքացուն չի հետաքրքրում, թե որտեղից են ներմուծում, ամբողջ աշխարհում վառելիքի գինն իջնում է, ՀՀ-ում բարձրանում է: Սպորտային հետաքրքրության համար գոնե մի հարց լուծեք, հասարակությանն ասեք՝ էս մի հարցը գոնե լուծել ենք, շատ հարց գիտենք, որ չեք կարող լուծել»:

Շաբոյանը պատասխանեց. «Այնպիսի խնդիրներ եք բարձրացնում, ժամկետանց դեղեր, որոնք մեր գործառույթներից դուրս են գտնվում: Ներկայացրեք առարկայական: Դեղորայքի ոլորտում հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրություն է կատարել: Պոլիկլինիկաներում բազմաթիվ ուսումնասիրություններ ենք կատարել: Հակամրցակցային գործունեության համար «Նատալի ֆարմին» օրինակ տուգանել ենք»:

Հանձնաժողովում կրքերը թեժացան, Քոքոբելյանը ձեռքի գրիչը բարկացած նետեց՝ գոռալով, որ ոչ մի հարցի չի ուզում պատասխանել, ուզում է ժամերով խոսել ու ոչ մի բան չասել. «Այստեղ դպրոց չի, Ազգային ժողով է: Սա բուհական լսարան չի, որ գաք լեկցիա կարդալու»:

Քոքոբելյանի խոսքերով՝ «Ես ձեզ հարցնում եմ՝ ՀՀ-ում վառելիքի, ծխախոտի մրցակցային շուկան կայացած չի, դուք խոսում եք մրցակցային մշակույթի ներդրումից: Մի անուն տվեք, ասեք՝ մեր միջամտությամբ առողջ մրցակցություն է տեղի ունենում: Ուկրաինայում գազի գինն իջնում է« ՀՀ-ում չի իջնում դուք ուսումնասիրություն ունե՞ք, թե՞ ինչի է տենց: Թե՞ մտածում եք, որ դա բնական է, պետք է այդպես էլ լինի: Շատ վիրավորական է, որ դպրոցի բուֆետների օրինակն եք բերում, հասկացանք, ցավդ տանեմ, ինչի՞ մասին է խոսքը: Մի օրինակ ասեք, որ ներդրողները համոզվեն, որ այստեղ պաշտպանված են, մենք էլ սկսենք գովենք»:

Շաբոյանը սկսեց բացատրություններ տալ, հայտարարեց, որ Քոքոբելյանը չի տիրապետում հանձնաժողովի գործունեությանը, անտեղյակ է, ինչը է՛լ ավելի բարկացրեց պարոն Քոքոբելյանին: Նա նետեց. «Ձեր հանձնաժողովի գործունեությանն էլ եմ տիրապետում, քո շարժուձեւին էլ եմ տիրապետում, լսի՛, քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում»:

Կրքերը մի կերպ հանդարտեցրեց հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը, որը վարում էր նիստը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031