Այսօր «Արմենպրես» լրատվական գործակալության ակումբում «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Ֆինեկո Ֆրանս» ընկերության հետ համատեղ` հրավիրվել էր ասուլիս, որտեղ ազգությամբ թուրք գրող Փընար Սելեքը ներկայացնում էր իր հեղինակած «Որովհետև հայ են» գրքի հայերեն թարգմանված տարբերակը:
Ասուլիսին ներկա էր նաև Ֆրանսիայի «Մանուկ և Աղավնի Փամուկջյան հիմնադրամի» նախագահ Մանուկ-Մանուել Փամուկջյանը, որի հովանավորությամբ էլ լույս է տեսել գրքի հայերեն թարգմանությունը:
Aravot.am-ի հետ զրույցում Փընար Սելեքը ասաց. «Առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ փոքրիկ աղջնակ եմ զգում: Ես Երևանում եմ, որպեսզի հայ հասարակությանը ներկայացնեմ իմ հերթական գրքերից մեկը, որը հայ մարդկանց մասին է, որոնք ապրել են Թուրքիայում և ենթարկվել են հետապնդումների, ճնշումների: Ես արդեն տասնյոթ տարի է՝ հալածանքների եմ ենթարկվում Թուրքիայում: Դատապարտվել եմ, որովհետև պայքար եմ մղում ճշմարտության համար: Կարող եմ ասել, որ թուրք հասարակությունը հիվանդ է նրանով, ինչ սերմանում են իրեն»:
Կարդացեք նաև
Թուրք մտավորականը պատմում է, որ արդեն չորս ու կես տարի է բնակվում է Ֆրանսիայում և շարունակում է ակտիվ գործունեությունը` հանուն արդարության: Նրա համար ճշմարտության մասին վկայելը ամենափոքր բանն է, որ կարող էր անել: «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` սա ևս մեկ փոքրիկ քայլ է, որով կարող եմ աջակցել հայերին: Մանուկ Մանուել Փամուկջյանի հետ արդեն մտերիմ ընկերներ ենք, և ուրախ եմ, որ «Որովհետև հայ են»գրքի գերմաներեն, իտալերեն թարգմանությունից հետո հայ ընթերցողին ենք ներկայացնում գիրքն արդեն հայերեն տարբերակով»:
Մանուկ Մանուել Փամուկջյանն էլ իր խոսքում ասաց, որ հիսուն տարի շարունակ բազմաթիվ գրքեր է կարդում հայոց ցեղասպանության մասին: «Բայց Փընար Սելեքի վկայությունն իսկապես ցնցեց ինձ, և այդ իսկ պատճառով էլ ես հանձն առա` գիրքը հայերեն թարգմանված հրատարակելու գործը: Եվ կարող եմ ասել, որ ֆրանսիական հասարակության հետաքրքրությունը շարժած այս գիրքը կհավանի նաև հայ ընթերցասերը»:
Վաղը` հոկտեմբերի 24-ին`ժամը 17:00-ին»Խնկո Ապեր»գրադարանում տեղի կունենա «Որովհետև հայ են» գրքի շնորհանդեսը, որից հետո գիրքը կլինի Երևանի գրախանութներում:
Հայկ ՄԱԳՈՅԱՆ