Այսօր լրագրողների հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հարցին, թե մյուս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի՞ բարձրանալու՝ ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել. «Այն իրավիճակը, որ ունենք այսօր, կարծում եմ, կխուսափենք»:
ՀԷՑ-ում աուդիտի հետ կապված Նազարյանն ասաց, որ երբ ավարտվեն աշխատանքները, արդյունքները կվերլուծեն, թե ինչ թերություններ են արձանագրել, կքննարկեն եւ համատեղ աշխատանքային ծրագիր կմշակեն:
Հարցին՝ ՀԷՑ-ի նոր սեփականատիրոջ՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ եք, ինչ-որ պայմանավորվածություններ արդեն ձեռք բերվե՞լ են: Ռոբերտ Նազարյանը նախ ճշտեց «Պարոն Կարապետյանն ո՞վ է: Հա՜, չէ, ես իր հետ երբեք չեմ հանդիպել: Ես ինչքան գիտեմ իրենց հայտարարություններից, հակաճգնաժամային ծրագիր են մշակել առողջացման, որը ես դեռեւս մանրամասնություններով չգիտեմ: Կհրապարակեն, մենք բոլորս կտեղեկացվենք»:
Հարցին՝ ՀԷՑ-ի նոր տնօրենը լա՞վ մասնագետ է, Բիբինից ինչ-որ բանով տարբերվո՞ւմ է՝ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Կաշխատի նոր տնօրենը մի 6 ամիս, որ համեմատելու բան ունենանք»: Դիտարկմանը, որ մի քանի տարի աշխատել է՝ Ռոբերտ Նազարյանն ասաց. «Այլ պաշտոնում է աշխատել: Մարդիկ կարող են մի պաշտոնում շատ լավ աշխատել, մի այլ պաշտոնում՝ վատ»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ձմռան ամիսներին միջինում մարդիկ որքա՞ն էլեկտրաէներգիա են սպառում: Նազարյանն ասաց, որ վիճակագրական տվյալներ ունեն, որ մեր բնակչությունը միջինը ծախսում է 150-200 կիլովատ/ժամ: Կան մարդիկ 1000 են ծախսում, կան մարդիկ՝ 100 են ծախսում,բայց միջինացված 200-ը չի անցնում: Կոնկրետ ձմռան ամիսների հետ կապված հաշվարկ չկա, սա տարեկան միջին ցուցանիշն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ