Մարդու իրավունքների գրասենյակը հոկտեմբերի 23-ին կազմակերպել է «Մարդու իրավունքները Սահմանադրության նոր նախագծում» թեմայով խորհրդաժողով:
Խորհրդաժողովի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր ելույթը սկսեց օմբուդսմենի քաղաքական զսպվածության մասին հոդվածից, որը ամրագրված է Սահմանադրության փոփոխությունների նախագծում. «Սա մի օրինակ է, որ մեկ փոքր բառը խորությամբ պետք է ընկալվի եւ գիտակցվի, որ որեւէ մեկը որոշի՝ այո, կամ ոչ քվեարկել այդ փոփոխությունների նախագծին: Ընդ որում, ընդհանրապես չեմ հավատում եւ չեմ կարծում, չունեմ այդպիսի մեծամիտ մոտեցում մեր ինստիտուտի եւ իմ անձի նկատմամբ, որ մարդիկ կողմ կամ դեմ քվեարկելու են միայն այն պատճառով, որ օմբուդսմենը լինելու է քաղաքականապես զսպված, թե չզսպված: Միեւնույն ժամանակ՝ այս մեկ օրինակը օգնելու է մեզ հասկանալ բանավեճի տրամաբանությունը: Սկսեմ նրանից, որ քաղաքականապես զսպված արտահայտությունը դուր չի գալիս զուտ ճաշակի, մարդկային, մասնագիտական տեսանկյունից, եւ ես առաջարկեցի այն փոխարինել քաղաքական չեզոքությամբ»:
Սակայն, մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունը չի ընդունվել: Կարեն Անդրեասյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը նման է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ցանկացած հաշտարարի՝ միջնորդ է. «Երբ այդ բառը արդեն ֆիքսված է նախագծում, արդյոք դա խանգարելու ինձ կամ իմ հաջորդ պաշտոնակցին աշխատել ինչպես նախկին օմբուդսմենները կամ ավելի լավ, իմ խորին համոզմամբ՝ ոչ, որովհետեւ զսպվածություն բառը ես մեկնաբանում եմ որպես չեզոքություն: Սահմանադրության մեջ գրված չէ, թե իրականում այդ բառը ինչ է նշանակում, դա նշանակում է ճնշված լինել, դա նշանակում է կաշկանդված լինել: Ես հասկանում եմ՝ զսպված նշանակում է պահպանել այդ փարիզյան սկզբունքները, որոնցով առաջնորդվում են բոլոր օմբուդսմենները, այսինքն՝ լինել չեզոք:
Եվ այդ իմաստով՝ կարեւոր է լինելու, թե ինչ փոփոխություններ են ընդունվելու սահմանադրական փոփոխություններից հետո, եթե դրանք ընդունվեն ժողովրդի կողմից, եւ այնտեղ արդեն կարող են նույն զսպվածություն բառի նոր մեկնաբանություններ լինել: Բայց ես մտահոգություն չունեմ այդ բառի հետ կապված միայն մի պատճառով այս պահին, որ չեմ տեսնում դրա իրականացումը, կիրառումը, ասենք՝ մեկը ընդունի, որ զսպված չէ օմբուդսմենը, ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ սանկցիաներ պետք է լինեն: Եվ քանի որ չկա նման պրակտիկա, չկա նման փորձ, ես կարծում եմ սա այն դեկլարատիվ դրույթներից է, որը որ պարզապես իմ իրավալեզվական ճաշակին համահունչ չէ, հետեւաբար այդ բառը, այդ արտահայտությունը այս պահին ինձ չի անհանգստացնում»:
Կարդացեք նաև
Կարեն Անդրեասյանը, խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին, ասաց, որ ակնհայտ դրական զարգացումներ կան, օրինակ՝ այն, որ անձը իրավունք կունենա պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից իրենց ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության պատճառով վնասի հատուցում: Ըստ նրա՝ դրական զարգացում է նաեւ, որ մեղադրյալը կկարողանա պահանջել, որ իր վկաները ենթարկվեն հարցաքննության միեւնույն պայմաններում, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները:
Խոսելով մտահոգությունների մասին՝ մարդու իրավունքների պաշտպանը ասաց, որ ամենավատ բանն այն է, որ օմբուդսմենը չի կարող խնդիրները ներկայացնել սահմանադրական դատարան. «Ես ցավում եմ, որ այս մասին բարձրաձայնեցի միայն ես, մենք հետեւել ենք, դուրս ենք բերել բոլոր իրավապաշտպանների, փաստաբանների առաջարկությունները, եւ ցավալի է, որ բացի մեզնից թվում է, թե որ որեւէ մեկին չհետաքրքրեց, որ ես զրկված եմ կամ ես կզրկվեմ կամ իմ հաջորդը կզրկվի սահմանադրական դատարանին դիմել 3-րդ գլխի խնդիրներով, որոնք սոցիալ-տնտեսական իրավունքներն են: Միեւնույն ժամանակ, ես չեմ ուզում սրանից մեծ ողբերգություն դարձնել, ասելով, որ կան այլ սուբյեկտեր կարող են դիմել սահմանադրական դատարան»:
Կարեն Անդրեասյանին մտահոգում է նաեւ անմեղության կանխավարկածի բաղադրիչների նվազումը, ըստ նրա դա անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ: Օմբուդսմենի համար կարեւոր խնդիր է նաեւ խտրականության դրսեւորումը, սեռական փոքրամասնությունների խնդիրը. «Ճիշտ է այդ մասին չեն բարձրաձայնում քաղաքական ուժերը հիմնականում, որովհետեւ թերեւս դրանք դիվիդենտներ չի բերում Ոչ-ի ճամբարին կամ Ոչ-ի շրջանում հավաքված ուժերին: Իհարկե՛, դա չի վերաբերվում իրավապաշտպաններին»:
Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ օմբուդսմենը չի լինելու ոչ մեկի կողմից. «Մենք լինելու ենք դիտորդ, միջնորդ եւ պաշտպան, ինչպես ունենք մեր հիմնական երեք գործառույթները եւ չենք միանալու որեւէ ճամբարին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ