Լրահոս
Օրվա լրահոսը

Կնեսետի պատգամավոր. Իսրայելը կարողանում է կռվել իր զինվորների համար

Հոկտեմբեր 23,2015 13:20

Վերջին օրերին իսրայելական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին, թե այդ երկիրը հատուկ օպերացիա է անցկացրել, որի արդյունքում երկիր է վերադարձել ՑԱԽԱԼԱ-ի զինծառայող Արիկ Մարտոյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ՑԱԽԱԼԱ-ի բանակի զինծառայողը, որը գտնվում է արձակուրդի մեջ, եկել է Հայաստան եւ չի կարողանում վերադառնալ: Այս առնչությամբ Aravot.am-ին տված մեկնաբանությունում ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասել էր, որ Արիկ Մարտոյանը մինչ օրս չի դիմել ՀՀ քաղաքացիությունից դադարացնելու համար եւ ենթակա է զորակոչի պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժեր:

Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովն այս առնչությամբ հոկտեմբերի 20-ին «Iton TV»-ի հետ զրույցում, ասել էր. «Ես միանշանակ հայտարարեցի, որ չեմ պատրաստվում սկսել այդ բարեկամական խորհրդարանական խմբի աշխատանքը, մինչեւ մեր զինվորը տուն չվերադառնա: Ես զանգահարել եմ իմ գործընկերոջը, որը համանուն պաշտոնն է զբաղեցնում Հայաստանի Ազգային ժողովում (խոսքը Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի մասին է. Ա.Ի.), եւ ասել եմ, որ Իսրայելը գիտի կռվել իր զինվորների համար»:

Նա նշել է, որ ցանկանում էր հրավիրել իր հայ գործընկերներին, քանի որ վերջիններս շատ էին ուզում այցելել Իսրայել. «Բայց ես ամեն ինչ դադարեցրեցի եւ ասացի, որ միայն, երբ մեր զինվորը վերադառնա իր երկիր, ես սիրով կվերականգնեմ մեր կապը եւ մենք միասին կաշխատենք»:

Թալի Պլոսկովը նաեւ ասել է. «Հայաստանի մենթալիտետը փաստաբաններին թույլ չի տա դեմ գնալ իրենց երկրին եւ այլ երկրի զինվորին պաշտպանել», եւ հավելել է, որ ամեն ինչ պետք է անել զինվորներին երկիր վերադարձնելու համար. «Ես այս պարագայում պատրաստ էի նույնիսկ երկու երկրների միջեւ հակամարտությանը: Մենք չենք հանգստանա՝ մինչեւ մեր զինվորը չվերադառնա»:

Երեկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, թե Արիկ Մարտոյանի հարցով իրեն օգնության խնդրանքով է դիմել պապը՝ Զավեն Գեւորգյանը: Պատգամավորը նշել է, որ զինվորի հարցով խոսել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հիմա արդեն նախկին պետ Միշա Սարդարյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, գլխավոր զինկոմ Հենրիկ Մուրադյանի, Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի հետ, ինչի արդյունքում խնդիրը լուծվել է:

Aravot.am-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից պարզել, թե իրականում ինչպես է լուծվել Արիկ Մարտոյանի վերադարձի հարցը: Պարոն Բալայանը պատասխանեց, որ Ոստիկանությունը երեկ պարզաբանել է եւ ինքը հավելելու բան չունի:

«Արմինֆո»-ին ոստիկանությունից փոխանցել էին, որ Իսրայելի կառավարությունը դիմել է Հայաստանի իշխանություններին խնդրանքով՝ թույլատրել Մարտոյանին՝ լքել ՀՀ սահմանները Իսրայելում կիսատ մնացած զիվորական ծառայությունը շարունակելու նպատակով։ «ՀՀ իշխանությունները ընդառաջել են Իսրայելի պետության խնդրանքին և բարի կամք դրսևորելով արտոնել են Մարտոյանին լքել ՀՀ տարածքը»:

Արիկ Մարտոյանի՝ Իսրայել վերադառնալուց հետո, News.am-ի հետ զրույցում, Իսրայելի Կնեսետի Իսրայել-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Թալի Պլոսկովն ասել է, թե շատ ուրախ է, որ երկու կողմը կարողացել են համաձայնության գալ, որ զինվորականին ելքի թույլտվություն տրվի. «Ես վստահ եմ, որ մեր հարաբերությունները եղել եւ կմնան բարեկամական:  Ես պարոն Զաքարյանին արդեն հրավիրել եմ դեկտեմբերի կեսերին Իսրայել այցելել: Նա, իր հերթին, ինձ Հայաստան է հրավիրել: Փառք Աստծու, ամեն ինչ լավ վերջացավ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարը՝ «The Jerusalem Post»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031