Դժվար է ասել, թե Աշոտ Մանուչարյանի հանդեպ հանրության վստահությունը բարձր է, անգամ դժվար է ասել, որ այդպիսի վստահություն նրա հանդեպ կա` եթե հետ ենք նայում նրա անցյալին: Նա մերթընդմերթ երեւում է տարբեր ընդդիմադիր ձեւաչափերում, նկատվող կամ չնկատվող, բայց սովորաբար ենթատեքստ ունեցող մտքեր ասում եւ անհետանում: Այս անգամ եւս նա երեւաց հանրային փրկության ճակատի (ինչ էլ անուն է) ծրագրի ներկայացման ժամանակ, եւ միակ մարդն էր, որ սթափեցնող մտքեր ասաց` անկախ շարժառիթից, որոնց հետ դժվար է չհամաձայնել: «Եթե բոլորիս Աստվածը փողն է` որ Սերժ Սարգսյանին փոխեք ու դուք գաք, նույն արժեհամակարգով ի՞նչն եք փոխելու», ասաց:Նրա կարծիքով` Աստվածների՛ն պետք է փոխել, թե չէ` անընդհատ նույնն է կրկնվելու, տականքը հայտնվելու է վերեւում, իսկ իրական ընտրանին` լուսանցքում:
Հա, իսկապես: Նայելով հանրային փրկության մասնակից դեմքերին ու հնչող ելույթներին, մի քանի լուսավոր դեմքից անդին կարելի է տեսնել նույն մարդկանց դեմքերը, ովքեր բազմիցս մտել են նույն գետը ու թրջվել-չորանալուց հետո նորից ու նորից են մտնում: Այսինքն` տապալվելուց հետո նորից ու նորից են գնում տապալվելու:
Աշոտ Մանուչարյանի ասածը հենց այդ է ` կուժ, քեզ եմ ասում (իշխանություն, դու վատն ես), կուլա, դու հասկացիր (ընդդիմություն, դու նույնպես վատն ես): Բա էլ ինչու զարմանալ, որ մարդիկ չեն գնում կամ լայն առումով չեն գնա այդ հանրային փրկության հետեւից, քանի որ որքան իշխանավորների ապաշնորհ տեսակից են հոգնել, նույնքան էլ այն մարդկանց դեմքերից, ովքեր մշտապես փորձում են վրաները քաշել փրկչի պատմուճանն` առանց նայելու, թե դա իրենց չափսո՞վ է, իրենց բովանդակությանը համեմա՞տ է, թե ոչ, ու մի քանի անգամ քաշքշել-պատռելուց հետո` էլի ու էլի նույն բանն են անում: Թեեւ` նրանց ելույթների ինչ-ինչ մտքերից հասկացվում էր, որ նրանք եւս հասկանում են իրենց արածի անարդյունավետությունը, բայց ընդհանրապես իրենց դնում էին չհասկացողի տեղ սեփական ելույթների մեծ մասում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում