Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական հիմնարկներում Սերժ Սարգսյանի նկարին կփոխարինեն կուսակցությունների ղեկավարների նկարները

Հոկտեմբեր 23,2015 12:24

«Նոր հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների երեք դրդապատճառ կարող է լինել՝ միջազգային հանրության պահանջը, իշխող ուժերի քաղաքական կամքը եւ հանրության պահանջը:

«Իմ կարծիքով՝ նոր սահմանադրության պահանջը հիմնականում առաջացել է միջազգային հանրության պահանջով, դա էր եվրոպացիների արձագանքը 2012-13 թթ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների տապալմանը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը ժողովուրդը չի կարող զգալ. «Լրատվամիջոցներով հաճախ հնչեցվում է, թե Հայաստանը բազում խնդիրներ ունի սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ այլ ոլորտներում, եւ ժամանակը չէր փոփոխություններով զբաղվել: Համաձայն չեմ, որովհետեւ յուրաքանչյուր ոլորտով զբաղվում են այդ ոլորտի ներկայացուցիչները եւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը չի խոչընդոտում այդ խնդիրների լուծմանը»:

Նա առաջարկվող Սահմանադրությունը համարեց առաջընթաց գործող Սահմանադրության համեմատ ու ասաց՝ ամեն բարեփոխում պետք է սկսվի սահմանադրությունից: Հետո անդրադարձավ «այո-ի» եւ «ոչ-ի» ճակատների ձեւավորմանն ու ասաց, նրանց քարոզչության մեջ ոչ ճիշտ մոտեցում է տեսնում. «Այդ քարոզչությունն իրականացվում է քաղաքական հարթության մեջ ու մեկնաբանվում քաղաքական ուժերին հարմար դիտանկյունից, մինչդեռ պետք է լինի մասնագիտական քննարկում»;

Սահմանադրագետը վստահեցրեց, որ առաջարկվող Սահմանադրությունը վերարտադրության խնդիր չի կարող դնել:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով, իշխանության լեգիտիմությունը էական նշանակություն ունի նման փոփոխություններ կատարելու հարցում. «Արդյոք լեգիտի՞մ են նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, քաղաքական ուժերի մեծամասնությունը գտնում է՝ ոչ»:

Նա նաեւ հակադարձեց պարոն Այվազյանի դիտարկմանը, թե չկա մասնագիտական քննարկում սահմանադրական փոփոխությունների թեմայով. «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ոչ թե մասնագետներին, մասնագիտական կարծիքը կարեւոր է, բայց շատ կարեւոր հարցեր կան, օրինակ՝ ՀՀ-ն ԵՏՄ անդամ երկիր է, առաջարկվող սահմանադրությամբ ՀՀ նախագահը չունի լիազորություն ներկայացնել մեր երկիրը միջազգային հարթակներում…. Ի՞նչ է լինելու ԼՂՀ կարգավորման հարցի բանակցության առումով: Այդ բանակցությունները նախագահների մակարդակով են, իսկ Հայաստանի նախագահը չի ներկայացնելու, այսինքն` Հայաստանը որոշել է բանակցային այդ ֆորմատից դո՞ւրս գալ, փոխե՞լ իր մասնակցության ձեւաչափը»:

Հարց հնչեց, թե սահմանադրական փոփոխություններից հետո ում նկարներն են իրենց աշխատասենյակներում փակցնելու պետական պաշտոնյաները, սահմանադրական իրավունքի փորձագետի խոսքով՝ իրենց կուսակցությունների ղեկավարների նկարները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031