Ընտրական օրենսգրքում Տիգրան Ուրիխանյան առաջարկում է փոփոխություն կատարել:
Ըստ նրա, նույնականացման քարտերը ներդնելուց հետո խնդիր է առաջացել: Եթե անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր ներկայացնելիս ընտրատեղամասերում արձանագրվում է ընտրություն կատարելու հանգամանքը դրոշմակնիքով, այն հնարավոր չէ անել նույնականացման քարտ ներկայացնելու պարագայում:
Այսօր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ քաղաքացուն պետք է տրվի հնարավորություն նույնականացման քարտն օգտագործել ճիշտ այնպես, ինչպես անձնագիրը, մյուս կողմից արգելվում է ընտրական իրավունքն իրականացնել նշված պատճառով: Ուստի նա առաջարկում է հսկողական մեխանիզմ ներդնել՝ էլեկտրոնային սարք եւ թույլ տալ նույնականացման քարտով ընտրություն անել: Ուրիխանյանը պարզել է, որ դրանք բավականին մատչելի սարքեր են: Մեխանիկական նշում անող սարքերը կարելի է ձեռք բերել 1.5 դոլարին համարժեք դրամով:
Կարդացեք նաև
Թե որտեղից պետք է այնուամենայնիվ գտնվի այդ սարքերի գումարը, Ուրիխանյանը տեղն էլ մատնանշեց. «Թեկնածու ունեիք ԵՏՄ-ում, թող իր գնած այն զուգարանների փողը բռնագանձվի, կամ ուռճացված ծախսեր կան, շքեղ ծառայողական մեքենաներ, ցանկության դեպքում գումար կգտնվի»:
Նա նեղսրտեց, որ մամուլում սկսեցին քննարկել, թե Ուրիխանյանը իշխանությունների հետ ուզում է այդ 500 հազար ձայների հետ ինչ-որ խաղ խաղալ, եւ ծառայություն է մատուցում իշխանություններին այս նախագծով. «Թող այդ արտահայտություն անողների գլխին գա իշխանությանը ծառայություն մատուցելը»:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերով՝ ենթադրենք, նախագիծն ընդունվեց, տեղի ունեցավ տեխնիկական խափանում, ինչպե՞ս պետք է վարվի հանձնաժողովը, որ չասեն՝ կրում ես պատասխանատվություն, չէ՞ որ սարքը փոխելու հնարավորություն առկա չի:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ որեւէ մեկը դեմ չի նախագծին՝ այն, որ նույնականացման քարտով պետք է թույլ տանք, որ մեր քաղաքացիները մասնակցեն ընտրությունների՝ փաստ է: Բայց այդ սարքավորումները ժամկետի առումով խնդիր են առաջացնելու: Չէ՞ որ դեկտեմբերի 6-ին ունենք հանրաքվե. «Դա ոչ իրատեսական է ժամկետի առումով, չի կարող իրականացվել, իսկ խորհրդարանական ընտրություններին կողմ եմ դրան»:
Նա առաջարկեց, որ Ուրիխանյանն իր նախագիծը միացնի ՀՀԿ-ի նախագծին եւ գնան առաջ:
Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ իրենք 1.5 տարի առաջ էին դեռ ասում, որ նույնականացման քարտն այս տեսքով պետք չի բերել, խնդիր է լինելու. «Ինչո՞ւ անտեսեցիք, ասում էիք, որ կկարգավորեք, ինչո՞ւ այսքան ժամանակ չկարգավորեցիք: Հիմա էլ առաջարկում եք Ընտրական օրենսգիրքը խախտե՞լ, որը պահանջում է նշում անձնագրում, որ ընտրություն կատարվել է»:
Հովհաննես Սահակյանն էլ արձագանքեց, որ որևէ մեկը ձեր ձեռքը չէր բռնել, որ 1.5 տարի առաջ նախագծով հանդես գայիք: Ըստ Տիգրան Ուրիխանյանի, չի արել, որովհետեւ դա իր պարտականությունը չէր, այլ նույնականացման քարտերը ներդնողների:
«ՀՀ-ում ընդամենը 222 մարդ կա, որոնց անուն, ազգանուն, հայրանունները համընկնում են եւ նրանց պատճառով չի կարելի 558 հազար քաղաքացու թույլ չտալ, որ ընտրության մասնակցեն, պետք է ընդամենը հանձնաժողովներում վերահսկողական մեխանիզմները լավ կատարեն»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հանձնաժողովը Տիգրան Ուրիխանյանին տվեց բացասական եզրակացություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ