Քիչ առաջ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված՝ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումը:
Մասնակցության համար Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից պաշտոնյաներ և փորձագետներ: Օրինակ՝ այստեղ է գտնվում ՄԳԻՄՈ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, Սլովակիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վ. Գուդակը, Կամբոջիայի Թագավորության կրթության, երիտասարդության հարցերի նախարար Հարոն Հանգ Չուոնը, Վիետնամի արդարադատության նախարարը, դեսպաններ և այլք:
Ֆորումի մասնակիցներին ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև ելույթ ունեցավ Անատոլի Տորկունովը՝ խոսելով հայերի հյուրընկալության, հայ-ռուսական սերտացող հարաբերությունների մասին ու փոխանցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Տեղեկացնենք, որ Ֆորումի ընթացքում մասնակիցներն անդրադարձ կկատարեն այնպիսի հարցերի, ինչպիսիք են եվրասիական ինտեգրացիոն գործընթացները, նոր աշխարհաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում, Իրանի հարցը:
Կարդացեք նաև
Նշենք նաև, որ ֆորումի այսօրվա աշխատանքների ավարտից հետո հյուրերի համար Սերժ Սարգսյանի անունից հանդիսավոր ընդունելություն տեղի կունենա «Փարավոն» ռեստորանային համալիրում:
Իսկ քանի որ ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը կատարելու համար Մարզահամերգային համալիր էր ժամանել Սերժ Սարգսյանը, այն դարձել էր դժվար հասանելի, ամեն կողմից իրականացվում էր շենքի հսկողություն, և յուրաքանչյուր ոստիկանի ստիպված էինք բացատրել, թե ինչու ենք ուզում մարզահամերգային մուտք գործել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ