Վերջերս Երեւանում հրավիրվել էր Հայերենագիտական միջազգային 10-րդ գիտաժողովը, որին մասնակցեցին մոտ 50 մասնագետներ Հայաստանից եւ արտերկրից: Կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ ողջունում է Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի այդ նախաձեռնությունը։
-Գիտաժողովի մասնակիցներն անդրադարձան մայրենի լեզվի ուսումնասիրության գրեթե բոլոր ոլորտներին` ընդհանուր եւ համեմատական լեզվաբանությանը, բարբառագիտությանը, լեզվի պատմությանը, արդի հայերենի տեսությանը:
Կարմիր թելի պես անցնում էր այն միտքը, որ իսկապես արդեն ժամանակն է ոչ միայն վերականգնել Հայերենի բարձրագույն խորհուրդը եւ նրա գործառույթները, այլեւ ունենալ լեզուն պաշտպանող մի շատ կարեւոր մարմին: Դա, օրինակ, կարող է լինել Լեզվի պետական կոմիտեն, որը նաեւ հսկողական մեխանիզմներով կկարողանա լրջորեն զբաղվել լեզվի պահպանության հարցով:
Անկասկած այս ամենին պետք է նախորդեն օրենսդրական համապատասխան փոփոխությունները, որոնք թույլ կտան, որ Հայերենի բարձրագույն խորհուրդը, անկախ նրանից՝ Լեզվի պետական կոմիտեի կազմո՞ւմ կլինի, թե՞ այլ տեղ, կարողանա իրականացնել իր կարեւորագույն դերակատարությունը:
Կարդացեք նաև
-Երեւի նման մարմնի բացակայությունն է պատճառը, որ հատկապես վերջին տարիներին որոշ բառեր տարբեր մասնագետներ տարբեր ուղղագրությամբ են ներկայացնում, ինչը բարդացնում է, օրինակ, դիմորդների վիճակը:
-Ավելի քան տասը տարի է, ինչ նոր եզրույթներ են առաջացել, նոր քերականական կանոններ, մոտեցումներ են ի հայտ եկել հայերենի հարցում, հարստացել է բառապաշարը, սակայն այս ամենը կարծես թե արվում է միայն լեզվի բնականոն զարգացման ուղիով: Եվ կարող է ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ընդունելության քննությունների ժամանակ երկու լեզվաբան, հղում անելով տարբեր լեզվագիտական աղբյուրների, կարող են նույն բառի, եզրույթի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, դիրքորոշումներ ունենալ: Իսկ ի՞նչ անի այդ դեպքում դիմորդը:
Նշանակում է՝ անհրաժեշտ է կատարել հստակեցումներ, միասնական տեսքի բերել այդ ամենը, կանոնակարգել, կայացնել մեկ միասնական որոշում եւ այն ներկայացնել ուսումնական հաստատություններին: Դա թույլ կտա լեզվի զարգացման այս կամ այն հանգրվանում ասել, թե որ եզրույթն ինչպես պետք է գրվի, կամ որ դեպքում պետք է դրվի ստորակետը, որ դեպքում՝ բութը:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում