Լրահոս
Օրվա լրահոսը

Թարմացնել բովանդակությունը

Հոկտեմբեր 23,2015 10:14

Համացանցում հայտնվել են քարոզչական տեսահոլովակներ, որոնք կոչ են անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: Հոլովակներն ինձ դուր են եկել՝ կա ստեղծագործական մոտեցում, հումոր, թեթեւություն: Իհարկե, եթե շատ խիստ լինենք, կարելի է որոշակի նկատառումներ հայտնել «դերասանական խաղի» եւ «ռեժիսորական լուծումների» վերաբերյալ, բայց այդ հոլովակները, միեւնույն է, շահեկանորեն տարբերվում են քաղաքական քարոզչության ավանդական ձեւերից:

Եվ դա, բացի ամեն ինչից, վկայությունն է այն բանի, որ 10 տարվա ընթացքում թե՛ աշխարհը, թե՛ մեր երկիրը շատ են փոխվել: Հիշո՞ւմ եք, 2008 թվականին ընդդիմադիր քարոզչությունը տարածվում էր DVD-ների միջոցով՝ դա շատ ավելի ծախսատար էր եւ տասնյակ անգամներ ավելի անարդյունավետ, քան այն, ինչ արվում է համացանցով: Այսօր գաղափարներ տարածելու առումով բազմաթիվ խոչընդոտներ վերացել են, եւ այլեւս ոչ մի «Ամալյանի հանձնաժողով» չի կարող դրան լրջորեն խանգարել:

Մնում է արդիական դառնա ասելիքի կոնտենտը, բովանդակությունը: Առայժմ քաղաքական գործիչների մեծ մասի ասելիքը մնում է, պայմանականորեն ասած, Արշակ Սադոյանի ոճի մեջ: Ընտրվում է ինչ-որ մի կարծրացած սխեմա, որը կրկնվում է տասնյակ եւ հարյուրավոր անգամներ: Արշակ Սադոյանն, օրինակ, 90-ականներին ուներ իր սիրած «կլիշեները». մասնավորապես, նա իշխանություններին անվանում էր «թուրքից էլ վատը»: Բողոքական զանգվածներին դա շատ էր դուր գալիս, եւ երբ պարոն Սադոյանը հայտնվում էր հասարակական վայրում, բազմաթիվ մարդիկ ձեռքերը մեկնում էին նրա ուղղությամբ՝ նման «խիզախ» եւ «ճշտախոս» մարդուն հպվելու նպատակով: «Լափած մազութը» նույնպես «գտնված» բանաձեւ էր, բայց այն 100 տոկոսով չաշխատեց, որովհետեւ ուղղված էր նախորդ իշխանության դեմ, իսկ վերոհիշյալ զանգվածի ատելության թիրախը հիմնականում տվյալ պահի իշխանությունն է:

Այսօրվա քաղաքական մտածողությունը նույնքան կաղապարված է: Օրինակ՝ եթե մի քանի տասնյակ քաղաքական գործիչներ հավաքվում են մի սենյակում եւ բոցաշունչ ելույթներ են ունենում, ապա նրանք իրենց իսկ ելույթներից պարտադիր եզրահանգում են՝ «մեր հակառակորդները մեզնից սարսափում են»: Նախ՝ դա դժվար է ապացուցել, երկրորդ՝ արդյո՞ք քաղաքական պայքարի նպատակն իրար սարսափեցնելն է: Կամ՝ եթե իշխանական համակարգում որեւէ «աբիժնիկ» է հայտնվում, որը դժգոհ է իրեն հասած փայից, եզրակացությունը պարտադիր հետեւյալն է՝ «ավազակապետությունը ճաքեր է տալիս», «սկսվել է առնետավազքը», «խուճապ իշխանական ճամբարում»:
Երիտասարդներն այդ մաշված կաղապարներով չեն մտածում, պարզապես երբեմն ստիպված են կրկնել «մեծերի» բանաձեւերը: Պետք չի նրանց շատ ճնշել, եւ այդ դեպքում, վստահ եմ, նրանք դուրս կգան 25 տարվա շրջապտույտից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կենցաղային, մշակութային հիմնական խնդիրներ էք մատնանշում, յարգելի Արամ:

    Իրողութիւնը այն է թէ, հակառակ որ շատեր կ’ուզեն երազել ու պատկերացնել թէ Հայաստանը «Եւրոպա» է, իրականութեան եւ խորքին մէջ՝ Արեւելք է: Անոր բնակչութիւնը ունի արեւելեան խառնուածք, մտածելակերպ, խօսելու – եւ գրելու – կերպ, շարժուձեւեր, հոգեբանութիւն, վերաբերմունք, եւայն.: Այդ բոլորը յատկանշվում է՝ տիրապետեալ զգացականութեամբ, նախնական զգայունութեամբ, մնայուն յուզականութեամբ, ծայրահեղութեամբ, չափազանցութեամբ, տեւական ահազանգապաշտութեամբ (alarmism), ամէն բան, ամէն վարկեան բեմականացնելու (dramatizing) անզուսպ հակումներով…

    Իսկ ամենահետաքրքրականը այն է թէ, այս արեւելեան շեշտակի յատկանիշները տեսնում եւ լսում ենք նամանաւանդ այն շրջանակներում, որոնք մեծ համարում ունեն (կամ աւելի ճիշտ՝ստորակայութեան բարդոյթ) Արեւմուտքի նկատմամբ: Մինչ անոնց «հակառակորդները», գոնէ իրենց արտաքին ու հանրային կեցուածքով, մի քիչ աւելի արեւմտեան դիմագիծ ունեն: Մի քիչ…

    Մ. Հայդուկ Շամլյան, Գանատա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031