ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Սամվել Ֆարմանյանը` Հայաստան-ԵՄ հարաբերությունների հեռանկարների մասին
– Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցությունների մանդատ է ստացել. նկատի ունենալով նախկին բանակցությունների ձախողված փորձը՝ իշխանություններն այժմ ունե՞ն հստակ տեսլականներ բանակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին: Իշխող ՀՀԿ-ում այդ մասին քննարկումներ եղե՞լ են:
– Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագայի, Հայաստանի եվրոպական օրակարգի շուրջ իշխանությունների մոտեցումները շատ հստակ են եւ բազմիցս արտահայտվել են, այստեղ դժվար է նոր բան ասել: Հայաստանը, որպես եվրոպական քաղաքակրթության աղբյուրներից մեկը, որպես եվրոպական մշակույթի կրող, որպես եվրոպական հեռանկար ունեցող պետություն՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա խորացումը համարում է կարեւոր առաջնահերթություն եւ պատրաստ է առավելագույնս խորացնել այդ հարաբերությունները՝ ի նկատի ունենալով նաեւ այն միջազգային հանձնառությունները, որ մեր երկիրը ստանձնել է: Ավելի պարզ ասած՝ մենք շահագրգռված ենք, որպեսզի հնարավոր բոլոր ոլորտներում, որտեղ առկա է փոխադարձ շահ եւ հետաքրքրություն, լինի համապարփակ համագործակցություն, որի հիմքերը պետք է դրվեն բանակցությունների արդյունքում ձեւավորվելիք նոր իրավապայմանագրային փաստաթղթում:
Բարեբախտաբար, պայմանավորված Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությամբ՝ ժամանակին առկա չհասկացվածության պատն արդեն քանդված է, եւ կողմերը բանակցությունների նոր շրջափուլին մոտենում են լուրջ ակնկալիքներով ու դրական տրամադրությամբ:
Կարդացեք նաև
– Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավարն եք. այս փուլում որո՞նք պետք է, ըստ Ձեզ, լինեն Հայաստան-ԵՄ համագործակցության առաջնահերթությունները: Տեսակետ կա, որ անմիջապես կարելի է ստորագրման ներկայացնել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Իրատեսակա՞ն մոտեցում է:
– Այն, որ նախկինում բանակցված փաստաթղթի քաղաքական բաղադրիչը եթե ոչ ամբողջությամբ, ապա մեծամասամբ տեղ կգտնի նոր բանակցվող համաձայնագրում, ես կասկած չունեմ: Գուցե կլինեն կոսմետիկ փոփոխություններ, ինչը հասկանալի է, այդուհանդերձ՝ այս մեկը Ասոցացման համաձայնագիր չէ: Ես կարեւոր եմ համարում բոլոր այն ոլորտներում համագործակցությունը, որոնք կօգնեն Հայաստանին կառուցել եվրոպական ապագա: Եվրոպական ապագա ասելով՝ ես ի նկատի ունեմ այնպիսի պետություն, որն իր հանրային կյանքի որակներով, բարեկեցության աստիճանով, ինստիտուտներով, խաղի կանոններով մոտ է, նման է ԵՄ-ի անդամ պետություններին ներկայացվող պահանջներին: Առաջիկա բանակցային գործընթացում ամենակարեւոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում արեւելյան գործընկերության վեց երկրներից երեքը ստորագրել են ասոցացման համաձայնագրեր, իսկ մնացած երեքը՝ ոչ:
Բայց չէ՞ որ այդ երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Բելառուսը, տարբեր մակարդակի հարաբերություններ ու ակնկալիքներ ունեն ԵՄ-ից: Բարեբախտաբար, Ռիգայի գագաթնաժողովը եկավ արձանագրելու տարբերակված քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը, հանգամանք, որ մշտապես բարձրաձայնվել է պաշտոնական Երեւանի կողմից: Ուստի ակնկալում եմ, որ ձեւավորվելիք նոր իրավապայմանագրային հենքը կբխի այդ տարբերակված քաղաքականության տրամաբանությունից, ինչը, ինքնաբերաբար, կբերի նաեւ խորհրդարանական համագործակցության որակական նոր մակարդակի:
– ԵՄ-ՀՀ տնտեսական համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում, քանի որ հասկանալի է, որ նոր համաձայնագրում արդեն Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին խոսք լինել չի կարող:
– ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությունը ամենակարեւոր ոլորտներից մեկն է: Բնական է, որ ակնկալել այն, ինչ կար նախկինում, օբյեկտիվորեն անհնար է: Բայց ԵՄ-ն իր գործընկերների հետ տնտեսական համագործակցության տարբեր գործիքներ ունի: Հայկական կողմի մտադրություններն այնպիսին են, որ լինի առավելագույն տնտեսական համագործակցություն՝ ելնելով այն իրողություններից, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, եւ նաեւ այն հանգամանքից, որ Թուրքիան, որպես ԵՄ-ի հետ նույն մաքսային տարածքում գտնվող պետություն, շարունակում է ապօրինաբար փակ պահել ՀՀ-ի հետ սահմանը:
– ԵՄ-Հայաստան նախորդ բանակցությունները բավական երկար տեւեցին: Նոր բանակցությունների ի՞նչ ռեժիմ եք ենթադրում:
– Չեմ կարծում՝ շատ երկար: Նախկինում բանակցված տեքստը բանակցող երկու թիմերի համար էլ այդ առումով կլինի շատ օգտակար: Չմոռանանք, որ բանակցային նախկին շրջափուլի ավարտին ԵՄ-ն եւ Հայաստանը իրենց ստորագրություններով պաշտոնապես արդեն վավերացրել են շատ հարցերի վերաբերյալ իրենց ընդհանուր մոտեցումները:
– Անցած օրերին Հայաստանում էին Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները, նրանք էլ մտահոգություններ ունեին այն մասին, որ Հայաստանը կրկին ճնշումների կենթարկվի ՌԴ-ի կողմից: Նախկինից դասեր քաղվե՞լ են, ի՞նչ երաշխիքներ կան, որ ՌԴ-ի «խանդը» կրկին գագաթնակետին չի հասնի:
– Ռուսաստանի կողմից Հայաստանի ուղղությամբ երբեք նման ճնշումներ չեն գործադրվել: Երբեք: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է սեփական շահերով, եւ մեղադրել Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Հայաստանին, Շվեդիային կամ Ճապոնիային սեփական շահերով առաջնորդվելու համար՝ անմտություն է: Հայաստանը եւ ԵՄ-ի հետ Ասոցացման բանակցություններ վարելիս, եւ ԵՏՄ-ին անդամակցության որոշում կայացնելիս իր նպատակներում եղել է ազնիվ, իսկ որոշումներում դրել է բացառապես սեփական երկրի շահերը, ուրիշ ոչինչ: Չզարմանաք, բայց հիմա, երբ ուկրաինական դեպքերն անցյալում են, իսկ դրանից հետո, խոշոր հաշվով, նոր աշխարհակարգի ձեւավորման հայտ է ներկայացվել եւ սառը պատերազմ է ընթանում, հայաստանյան քաղաքական դաշտում շատ քչերն են շարունակում համոզված վիճարկել նախագահ Սարգսյանի որոշման ճշմարտացիությունը: Այսօր էլ Հայաստանը իր հայտարարություններում եւ ԵՄ-ի հետ նոր իրավապայմանագրային հիմքի մշակման նպատակում ազնիվ է, ելնում է բացառապես սեփական շահերից եւ որոշումներ կայացնում բացառապես այդ համատեքստում: Բացի այդ ամենից, չմոռանանք, որ տասնվեց տարի գործող համաձայնագիրը որպես փաստաթուղթ շատ հնացած է եւ պարտադիր վերանայման կարիք ունի:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.10..2015