Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի աշխարհաքաղաքական հնարավորությունները

Հոկտեմբեր 23,2015 15:00

Ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Ռիչարդ Գիրագոսյանի` Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի
բարելավելու հարաբերությունները ԵՄ-ի եւ Իրանի հետ:

– Պարոն Գիրագոսյան, Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր համաձայնագրի բանակցությունների մանդատ տրվեց: Եթե քաղաքական բաղադրիչի մասով Հայաստանի իշխանություններից սպասելիքներն ավելի պարզ կարելի է պատկերացնել, ապա տնտեսական մասը այդքան էլ հասկանալի չէ. Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմաններում ինչպե՞ս պետք է Հայաստանը ԵՄ-ի հետ կանոնակարգի հարաբերությունները:

– Հայաստանը յուրահատուկ հնարավորություն ունի բարելավելու իր հարաբերությունները Եվրամիության հետ՝ չնայած նրան, որ գտնվում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմում։ Հաշվի առնելով, որ թարմ բանակցություններ են սկսվելու ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նոր իրավական դաշտի համար, այս երկրորդ շանսը կվերակառուցի հարաբերությունները եւ նոր ճանապարհ կբացի Հայաստանի կառավարության համար՝ վերականգնելու ԵՄ-ի եւ ներդրողների վստահությունը։
ԵՄ-ի պաշտոնական մանդատը իրավական դաշտի վերաբերյալ, Հայաստանի հետ պաշտոնական բանակցություններ սկսելը նշանակում է, որ չնայած ՀՀ նախագահի վիճաբանական որոշմանը՝ զոհաբերել Ասոցացման համաձայնագիրը եւ դրա հետ կապված Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը 2013թ., թե՛ Բրյուսելը, թե՛ Երեւանը ցուցաբերել են քաղաքական կամք` Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների վերականգնման հարցում։ Ու չնայած նրան, որ նոր համաձայնագիրը չի ամփոփի տնտեսական դաշտում նույն մակարդակի համագործակցություն, կան շատ այլ բնագավառներ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության օրենսդրությունից դուրս՝ առեւտրի ու տնտեսական կապերի խորացման եւ ընդլայնման համար։

– Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները հանելու գործընթացը սկսելու մասին: Օրերս Երեւան այցելեց Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը նոր դուռ է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Որքանո՞վ եք հեռանկարային համարում այս գաղափարը:

– Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցելությունը Երեւան նշանակալից է, քանի որ, մանավանդ Իրանի դեմ պատժամիջոցների աստիճանական հանումից հետո, սպասվում է ավելի մեծ մասնակցություն տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների մեջ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Փաստորեն, այս այցելությունը հետեւում է Հայաստանի վարչապետի նույնանման փոխադարձ այցելությանը Թեհրան եւ հնարավորություն է՝ ուսումնասիրելու խորացված հարաբերությունները երկու երկրների միջեւ՝ պատժամիջոցներից ու համաձայնագրերից հետո։ Սակայն այստեղ նաեւ վտանգ կա. եթե այս այցելությունը նախապատրաստական քայլ է` Իրանի նախագահ Ռուհանիի այցելության համար, ապա սա դրական առաջխաղացում է։ Այնուամենայնիվ, եթե սա փոխարինում է Ռուհանիի այցելությանը, ապա սա բաց թողնված հնարավորություն է մեզ համար։

Կա հնարավոր երկարաժամկետ օգուտ, Հայաստանի` հնարավորությունից օգտագործելու յուրահատուկ դիրքը Եվրասիական տնտեսական միության կազմում, հաշվի առնելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Սա աշխարհաքաղաքական հնարավորություն է Հայաստանի համար, արմատավորված Իրանի ու Հայաստանի միանման ջանքերի մեջ ՝ դուրս գալու մեկուսացումից եւ համագործակցելու միմյանց հետ, հաշվի առնելով Հայաստանի դիրքը, որը մեզ հնարավորություն կտա հօգուտ Հայաստանի օգտագործել Իրանի վերաինտեգրացումը գլոբալ տնտեսությունում։ Հաշվի առնելով հարաբերությունների ընդլայնման պոտենցիալը տնտեսական եւ էներգիայի սեկտորներում՝ Հայաստանի պետական պաշտոնյաները արդեն արագացրել են ներգրավվածությունը Իրանի հետ, եւ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի մոտ ապագայի այցելությունը, հավանաբար, ավելի կարագացնի խորացված կապերը։

Ինչեւէ, խոչընդոտները Հայաստանի համար բազմաթիվ են` Ռուսաստանի իրական ճնշմամբ առ այն, թե որքան հեռուն կարող է գնալ Հայաստանը Իրանի հետ հարաբերությունների ընդարձակմամբ: Այնուամենայնիվ, այն հեռանկարները, որոնք ծաղկող, զարգացող Իրանը ներկայացնում է տարածաշրջանում, լուրջ հնարավորություններ են առաջարկում Հայաստանին, հիմնականում տարածաշրջանի նուրբ ուժային հավասարակշռության փոփոխության առումով, ինչպես նաեւ ազդեցության` հօգուտ Հայաստանի: Դեպի ծով ելք չունեցող փոքր Հայաստանի համար շատ էական է օգտվել կայուն եւ բարիդրացիական հարաբերություններ ունեցող աշխարհագրական առումով մոտ հարեւանի առաջարկած առավելություններից: Իրանի ներգրավումը օգնում է Հայաստանին դուրս գալու մեկուսացումից՝ իր չորս սահմաններից երկուսի փակ լինելու հանգամանքներում, Իրանի միջոցով առեւտրի եւ հոսանքի Հայաստանի այլընտրանքը շատ կարեւոր ուղի է առաջարկում Հայաստանին՝ իր իսկ ազդեցությունը նախագծելու համար:

3-2
Մինչդեռ արեւմտյան ներգրավման եւ իրանյան արտահանման համար, որպես պլատֆորմ, Հայաստանի դերի տնտեսական շահերը, էներգետիկ հեռանկարները շատ խնդրահարույց են՝ որպես Արեւմուտք-Իրան գործարքների հաջողությունից հիմնական աշխարհաքաղաքական տուժող (Մոսկվան դադարում է Թեհրանի համար գրավիչ եւ անհրաժեշտ լինել): Ռուսաստանի համար դրդապատճառներ չեն լինի թույլ տալու Հայաստանին այդքան հեշտությամբ դուրս գալու Ռուսաստանի ծիրից: Ռուսաստանից գազի ներկրման զգալի կախվածության պարագայում հայ-իրանական էներգետիկ կապերի ներուժի ընդլայնումը կդառնա Ռուսաստանի ճնշման առաջին թիրախը: Հետեւաբար շատ կարեւոր է, որ Հայաստանն Իրանի միակ կայուն հարեւանն է, որն ունի համագործակցական հարաբերությունների բարձր աստիճան: Վերջին զարգացումները, մի քանի հայ բարձրաստիճան պաշտոնյաների բարձր մակարդակի այցելությունը Իրան այս տարի եւ Իրանի նախագահի ծրագրված այցը Հայաստան՝ առեւտրի եւ տրանսպորտային կապի ընդարձակման արգասիք են:

Չնայած այս ակնհայտ մարտահրավերներին եւ սահմանափակումներին՝ Իրանի ռազմավարական «բացահայտումը» ռազմավարական հնարավորություն է առաջարկում Հայաստանին, որը հիմք է հանդիսանում, որպեսզի Հայաստանը պոտենցիալ կամուրջ կամ հարթակ դառնա Իրանի ներգրավման համար: Հանդիսանալով ԵՏՄ-ի անդամ` Հայաստանը կարող է նաեւ կամուրջ լինել Իրանի համար:

– Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի կոնգրեսականները երեք կետից բաղկացած ծրագիր էին մշակել, որով կոչ էին անում ԵԱՀԿ-ին, ԱՄՆ պետքարտուղարությանն ու անձամբ համանախագահ Ուորլիքին զերծ մնալ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում կողմերի միջեւ արհեստականորեն հավասարության նշան դնելու լայնորեն տարածված պրակտիկայից, ինչպես նաեւ առաջարկում էին ԵԱՀԿ-ի հովանու ներքո ճակատային գծում հատուկ տեխնիկական միջոցներ տեղադրել, որոնք կտեսագրեն եւ կձայնագրեն տեղի ունեցող ողջ տեղաշարժը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջերս արձագանքելով ամերիկացի կոնգրեսականների առաջարկներին՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց, որ լիովին աջակցում են կոնգրեսականներ Ռոյսի եւ Ինգըլի նախաձեռնությանը։ Ի՞նչ եք կարծում, շփման գծում միջադեպերի համապատասխան հետաքննություն անցկացնելու ԱՄՆ-ից պարբերաբար հնչող այս գաղափարը կհաջողվի՞ կյանքի կոչել, Ռուսաստանն ու Ադրբեջանը կհամաձայնե՞ն:

– ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների առումով որեւէ առաջընթացի վկայություն չունենք, քանի որ երկու կողմերի դիրքորոշումները պարզապես բավական հեռու են միմյանցից: Բացի միջազգային օրենքի երկու դրույթների շուրջ խորը հակասությունից, այսինքն` ինքնորոշման սկզբունքն ընդդեմ տարածքային ամբողջականության, Ղարաբաղյան հակամարտությունը միանգամայն տարբեր ընկալումներ ունի կողմերի միջեւ: Հայաստանի համար ցանկացած վիճակ, բացի Ղարաբաղի ուղղակի անկախությունից կամ Հայաստանի հետ միացումից, անընդունելի է, թեկուզեւ եղել է որոշակի ճկունություն՝ կապված Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ժամկետների/պայմանների եւ անցումային փուլի հնարավոր ընթացքի վերաբերյալ:

Քանի որ երկու կողմի դիվանագիտական դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, ղարաբաղյան խաղաղ գործընթացի հեռանկարը շատ աղոտ է, առանց իրական ակնկալիքների՝ կապված իրավիճակի որեւէ բեկումնային փոփոխության հետ, առնվազն հետագա 5-10 տարիների ընթացքում: Էական փոփոխության միակ ակնկալիքը կարող է երեւան գալ երկու հնարավոր սցենարներից. առաջինը` պատերազմական գործողությունների հնարավոր բռնկում, քանի որ ադրբեջանական ավելի մեծ եւ հարուստ հատվածը շարունակում է սպառնալ ղարաբաղյան պատերազմով, եւ երկրորդ՝ ավելի քիչ հնարավոր սցենարը, որն է` ժողովրդավարական հեղափոխությունը կամ Ադրբեջանի իշխող իշխանության փոփոխությունը, որը կարող է հանգեցնել հակամարտության վերաբերյալ դիվանագիտական դիրքորոշման փոփոխության:

Մյուս կողմից՝ Ադրբեջանը, բացի ինքնավարության ինչ-որ աստիճանից, ուրիշ ոչինչ չի առաջարկում, նա հիմնվել է Ադրբեջանին Ղարաբաղի վերադարձի վրա: Դնելով այս բաժանարար գիծը՝ հիմա իրական մարտահրավերը Ադրբեջանի էլ ավելի մաքսիմալիստական դիրքորոշումն է` ե՛ւ Ղարաբաղի, ե՛ւ հայաստանապատկան տարածքների վերադարձը, նա չի ցանկանում կամ անկարող է առաջարկել որեւէ խելամիտ, պատճառաբանված փոխզիջում:

Ուստի ներկայիս խաղաղ գործընթացի վիճակը սահմանափակվում է «վերադարձ հիմքերին» քաղաքականությամբ, երկու հիմնական նպատակներով` պահպանել հայ-ադրբեջանական երկխոսությունը նախագահական ու նախարարական մակարդակներով եւ կանխարգելել պատերազմական գործողությունների բռնկումը` ուժեղացնելով զինադադարի ռեժիմը: Միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը ընկնում է որոշ եվրոպական երկրների գնալով աճող ճնշման տակ՝ առ այն, որպեսզի Եվրամիությանը ավելի անմիջական միջնորդական դեր տրվի գործընթացում եւ գտնվեն նոր եղանակներ՝ խաղաղ գործընթացին խթանելու համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031