Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մամ, որ դպրոցում 10 ստանամ՝ կգա՞ք». միգրացիայից ավելի շատ տուժում են երեխաները

Հոկտեմբեր 23,2015 14:30

Մանեն ու Արամիկն արդեն մեկուկես տարի է, ինչ ծնողների հետ չեն ապրում, նրանց տատն է խնամում՝ դպրոց տանում-բերում, օգնում դասերը պատրաստել, գիշերները քնելուց առաջ հեքիաթ պատմում: Փոքրիկների ծնողներն արտագնա աշխատանքի են մեկնել՝ Ռուսաստան, ու չնայած օր չկա, որ համացանցի միջոցով՝ սկայպով չխոսեն ծնողների հետ, բայց տատն ասում է՝ համակարգիչը բաժանման ցավը չի մեղմում:
Մանեի ու Արամիկի տատը՝ տիկին Ջուլյան, ասում է՝ ամեն ինչ անում է, թոռների բոլոր քմահաճույքները կատարում է, որպեսզի փոխարինի ծնողներին, սակայն ամենաթանկ նվերն ու ամենահամեղ քաղցրավենիքն ու տատի անսահման հոգատարությունը չեն կարող համեմատվել մամայի ու պապայի՝ անգամ կշտամբող հայացքի հետ:

«Տուն չունենք, վարձով ենք ապրում, էրեխեքս՝ տղաս ու հարսս, գնացել են Ռուսաստան աշխատելու, տան փող հավաքելու: Սկզբում միայն տղաս էր դրսում, առանց ընտանիքի, դա էլ մի կյանք չէր, կինն ու երեխաները՝ այստեղ, ինքը մենակ՝ այնտեղ: Հետո, ախր, հարսս էլ ամուսնու կարիք ուներ, ջահել ամուսիններ են ու բաժան: Ասում էի՝ այ բալա, կամ արի, կամ ընտանիքիդ էլ տար, սենց ո՞նց կլինի: Հետո եկավ ու ընտանիքին էլ տարավ»,- պատմում է տիկին Ջուլյան: Որդին ընտանիքին տարավ Ռուսաստան, բայց տիկին Ջուլյան չգնաց. ասում է՝ «Գերեզման ունենք այստեղ, ո՞նց կարող եմ ամուսնուս գերեզմանն անտեր թողնել»:

Երբ որդու ընտանիքը միավորվեց, Ռուսաստանում բոլորը միասին էին ապրում, տիկին Ջուլյայի պատմելով՝ թոռները չհարմարվեցին, փոքրիկներին դուր չէր գալիս ռուսական դպրոց հաճախելը, ստիպված ռուսերեն խոսելն ու բոլոր առարկաները ռուսերեն լեզվով սովորելը. «Թոռներս ամեն օր լաց էին լինում, ասում էին՝ ուզում ենք մեր Երեւանը գնանք: Լեզվի խնդիր ունեին, չէին կարողանում ռուս էրեխեքի հետ նորմալ շփվել ու ռուսերեն խոսել, չէին կարողանում լավ սովորել. Մանես 2-րդ դասարան է հիմա, Արամս՝ 3-րդ: Մի խոսքով՝ խեղճերը սթրես էին ապրում: Հարսս ու տղաս էլ արդեն լավ աշխատանք ունեին, չէին կարող հետ գալ, ստիպված Արամիկին ու Մանեին բերեցին թողեցին ինձ մոտ»:
Հիմա փոքրիկներն ամեն օր իրենց ծնողներին հարցնում են՝ «ե՞րբ եք գալու, վաղը կգա՞ք, մամ, տան փողը չե՞ք հավաքել, մամ, որ դպրոցում 10 ստանամ՝ կգա՞ք»:

Տիկին Ջուլյան պատմում է՝ Մանեն հաճախ է ընտանիք նկարում՝ ծխնելույզով տուն, արեւ, ամպեր, մամա-պապա ու ձեռք ձեռքի բռնած քույր-եղբայր. «Բոլոր նկարները սկայպով ցույց է տալիս հարսիս ու տղայիս, խեղճերը հազիվ են լացը զսպում: Լավ-լավ բաներ են ուղարկում էրեխեքին, բայց ի՞նչ, էդ լավ բաներով մի օր ուրախանում են ու վերջ»: Երբ այցելել էինք այս ընտանիքին, Մանեն մեզ ցույց տվեց իր նկարները, նույնիսկ մոր ակնոցներն էր նկարել ու ալիքներով մազերը, մեզ մեկ առ մեկ ցույց տվեց՝ «էսի պապաս ա, էսի՝ մամաս, ինքը ակնոց ա դնում»: Մեր նվիրած քաղցրավենիքն էլ հենց վերցրեց, հարցրեց՝ «մամա՞ս ա ուղարկել»:

Հոգեբան Սոֆյա Հովսեփյանն «Առավոտի» հետ զրույցում նկատում է, որ անկախ նրանից՝ միգրացիայի ենթարկվում է մի ամբողջ ընտանիք, թե ընտանիքի մի մասը, այն կարող է բացասական եւ ծանր հոգեբանական դրսեւորումներ ունենալ բոլորի վրա՝ ե՛ւ ծնողների, ե՛ւ երեխաների: Հովսեփյանն ասում է՝ երեխայի համար ամբողջական ընտանիք համարվում է առաջնահերթ մայրը եւ հայրը, էներգիան եւ ջերմությունը, ամեն ինչ երեխան ստանում է առաջին հերթին ընտանիքից, այսինքն՝ ծնողներից, իսկ դուրս մնալով այս ջերմությունից՝ խաթարվում են երեխայի ե՛ւ հուզական, ե՛ւ հոգեբանական աշխարհները, որոնք կարող են ազդել երեխայի մտավոր կարողության զարգացման վրա: Հոգեբանի դիտարկմամբ՝ երբ երեխայի մոտ ամբողջությամբ հուզական դաշտը գերակայում է մտավոր ունակություններին, երեխան առավել պարփակված է լինում հուզականությամբ, եւ եթե չկա հույզերի գրագետ կառավարում, ապա երեխայի մոտ կարող է լինել մտավոր զարգացվածության կանգ կամ մտավոր զարգացվածության խաթարման դեպքեր, նույնիսկ մարմնական խնդիրներ:

Արամիկի եւ Մանեի տատիկն ասում է՝ հաճախ է պատահում, երբ փոքրիկները բարձր ջերմություն են ունենում, բայց առանց հազի, առանց կոկորդի ցավի. տիկին Ջուլյան կարծում է՝ թոռները ծնողների կարոտից են ջերմում. «Արամիկս մի շրջան վատ էր սովորում, ինչքան էլ տանը դասերը միասին լավ պատրաստում էինք, ուսուցիչը բողոքում էր, ասում էր՝ շատ ցրված է, դասին ուշադիր չի լինում: Ես ինչ էլ անեմ, երկու կես էլ դառնամ, մոր-հոր տեղը չեմ լրացնի, ախր, ես էլ եմ մեռնում կարոտից: Բա մինուճար տղա ունենաս, էն էլ քեզանից հեռու լինի՞: Շատ դժվար է, շատ»:

Տիկին Ջուլյան պատմում է՝ երբ թոռներին քնեցնում է, ու չնայած արդեն այդ օրը հարսի ու տղայի հետ խոսել էր, նորից է սկայպով զանգում. «Ես էկրանի էս կողմից եմ լացելով խոսում, հարսս՝ էն կողմից, հետո իրար հանգստացնում ենք, սիրտ ենք տալիս ու բարի գիշեր ասում: Մխիթարվում ենք, որ բաժանումը ժամանակավոր է: Մերն ամեն անգամ երբ էրեխեքին հարցնում է՝ չե՞ք ուզում գաք Մոսկվա, փորձում է համոզել՝ ասում է՝ Օլեգը, Արամի դասընկերն էր, ձեզ կարոտել է, էրեխեքն ասում են՝ դուք եկեք, Օլեգին հետներդ բերեք»: Տիկին Ջուլյան ասում է՝ Արամիկը շատ աշխույժ, ակտիվ երեխա էր, իսկ երբ ստիպված սկսեց ծնողներից հեռու ապրել, շատ է փոխվել, ախորժակի անկում ունի, հաճախ է տխուր լինում, անգամ այդքան սպասված նվեր հեծանիվն էլ շատ չուրախացրեց. «Սիրտս կտոր-կտոր է լինում. էրեխեքս ծանր են տանում: Սկզբում մտածում էինք՝ դե, փոքր են, շատ բան չեն հասկանա, մեզ թվում էր՝ կոնֆետով, «կուկլայով» կամ հեծանվով էրեխեքի սրտերը կշահենք: Սխալվեցինք»:

Հոգեբան Սոֆյա Հովսեփյանն ասում է՝ միգրացիան, որպես երեւույթ, բացասաբար է ազդում ընտանիքների վրա՝ եթե անգամ ամբողջական ընտանիքով են միգրացիայի ենթարկվում. կա հարմարեցման խնդիր՝ գնում են մեկ այլ մշակույթով երկիր, որտեղ պիտի հարմարվեն լեզվին, բարքերին, նորմերին ու պահանջներին: Ըստ հոգեբանի՝ երբ երեխաները չեն հարմարվում նշված գործոններին, դա բնականոն ընթացք է. «Եթե մեծերը կարող են կառավարել իրենց հույզերը՝ ընտանեկան որոշակի «շահերից» ելնելով, ու շատ խնդիրներ հաղթահարում են, ապա երեխաների մոտ շահ ասվածը հետին պլան է մղվում, իրենց շահը ընտանեկան ջերմությունն ու մանկությունն է: Եթե երեխան մանկության հետ հաշտ չի լինում, հարմարված չի լինում, եւ միգրացիան լինի մասնակի, թե ամբողջ ընտանիքով, միեւնույն է՝ երեխայի բարոյահոգեբանական մթնոլորտը դրականորեն ապահովված չէ: Արամիկն ու Մանեն ընտանիքի հետ են եղել այնտեղ, բայց չեն հարմարվել միջավայրին, եկել են այստեղ՝ կրկին չեն հարմարվում առանց ծնողների, սա կրկնակի սթրես է երեխաների համար»: Հոգեբանն ասում է, որ այսպիսի դեպքերում, երբ ընտանիքները «կիսվում են», հնարավոր է՝ երեխաները մեղքի զգացում ունենան, քանի որ հաճախ լինում է այնպես, որ երեխան լավ գիտակցում է՝ իրեն պահելու համար է, որ ծնողներն իր կողքին չեն: Հոգեբանն ասում է՝ դժվար է կանխատեսել, թե միգրացիայի հետեւանքով «կիսված» ընտանիքների երեխաների մոտ հետագայում հոգեբանական ինչ տեսակի զարգացումներ կլինեն. հնարավոր է՝ հետագայում երեխան ագրեսիվ վարք դրսեւորի, մեղավորներ փնտրի, թե ինչո՞ւ իր կյանքն այդպես դասավորվեց, ուստի երեխաների համար շատ կարեւոր է, որ իր կյանքի էներգիան ստանա ծնողներից. «Եթե անգամ ծնողներից մեկն է միգրանտ, ասենք՝ միայն հայրն է բացակայում ընտանիքից, միեւնույն է՝ ազդում է երեխայի հոգեկան առողջության վրա, 2 ծնողների բացակայությունը առավել եւս չի կարող դրական ազդել երեխայի հետագա զարգացման, աշխարհայացքի վրա: Ընդհանրապես՝ միգրացիան բոլոր ոլորտներն է ախտահարում»:
Հայաստանից արտագաղթողների թիվը չի նվազում, հակառակը՝ տարեցտարի ավելանում է:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014 թվականին 47 հազարից ավելի մարդ է արտագաղթել Հայաստանից, 2013-ին՝ 42 հազար: Համաձայն ԱՎԾ-ի ցուցանիշների՝ 2015 թվականի հունվար-հունիս ամիսներին մեր երկրից ՀՀ փաստաթղթերով մեկնողների եւ մեր երկիր ժամանողների բացասական սալդոն կազմել է 103,994 մարդ, այսինքն՝ ճիշտ այսքան մարդ նշված ժամանակահատվածում դեռ չէր վերադարձել Հայաստան, թե նրանցից քանիսն են վերադարձել կամ չեն վերադարձել՝ պարզ կլինի միայն տարին ամփոփելուց հետո:

Դժվար է ասել, թե 103,994 մեկնողներից քանիսն են իրենց ընտանիքներին, երեխաներին թողել ու մեկնել, կամ՝ ընտանիքներով մեկնել, այս մասին վիճակագրություն չկա: Բայց մոտ 2 ամսից Ամանորն է, շատ ընտանիքներ են սպասում, որ տոներին ընդառաջ՝ արտագնա աշխատանքի մեկնած իրենց հարազատները կմիանան ընտանիքներին: Մանեն, Արամիկն ու տիկին Ջուլյան էլ անհամբեր սպասում են՝ փոքրիկների ծնողները շուտով Հայաստան են գալու՝ միասին Նոր տարին են նշելու: Տոներից հետո հայրը նորից կմեկնի Մոսկվա. փոքրիկների մայրը որոշել է չգնալ, գերադասում է չբաժանվել իր երեխաներից:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031