Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ունկնդիրն ամեն ինչի քննադատաբար է վերաբերվում»

Հոկտեմբեր 23,2015 13:30

Ամերիկաբնակ դաշնակահար Սոֆյա Մելիքյանի ձեւակերպմամբ, անգամ այն մարդիկ, որոնք կապ չունեն երաժշտության հետ, ինտուիտիվ զգում են՝ ինչն է որակյալ, ինչը՝ ոչ:

Հայաստանում է ամերիկաբնակ ճանաչված դաշնակահար Սոֆյա Մելիքյանը: Նա հոկտեմբերի 21-ին ջութակահար Զոհրաբ Թադեւոսյանի հետ հանդես եկավ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում կայացած համերգին: «Շատ դրական տրամադրությամբ եմ Հայաստանում, ամեն համերգն ինձ համար տոն է, աշխատում եմ առավելագույնը տալ ունկնդրին: Սա Զորիկի հետ մեր առաջին համագործակցությունն է: Երբ նա մի քանի ամիս առաջ համատեղ համերգի առաջարկով զանգահարեց ինձ, սիրով համաձայնեցի, թեեւ նոր էի բալիկիս ունեցել, եւ բազմաթիվ խնդիրներ կային այդ առումով: Ծրագիրն էլ ինձ հետաքրքրեց, որովհետեւ դրանք (Շուբերտ՝ «Սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար լյա մաժոր», «Ֆանտազիա ջութակի եւ դաշնամուրի համար դո մաժոր», Շտրաուս՝ «Սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար մի բեմոլ մաժոր») հաճախ կատարվող ստեղծագործություններ չէին: Ճիշտն ասած, դրանք իմ երկացանկում չկային, եւ դա առիթ էր իմ երկացանկը հարստացնելու»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Սոֆյա Մելիքյանը: Հետաքրքրվեցինք՝ թե ինչ կարծիքի է Խաչատրյանական փառատոնի մասին:
«Այն, որ փառատոնը կրում է Խաչատրյանի անունը, դրանով ամեն ինչ ասված է: Երբ նայում ես մասնակիցների անունները, եւ այն, թե ինչ ծրագրով են գալիս Հայաստան, արդեն մեծ հետաքրքրություն է բոլորի մոտ՝ եւ ունկնդրի, եւ պրոֆեսիոնալ երաժիշտների»,- պատասխանեց դաշնակահարը:

Իսկ կա՞ն ստեղծագործություններ, որոնք սկզբունքորեն չի կատարի: Ի պատասխան՝ երաժիշտն ասաց. «Բոլորի երաժշտական կյանքում գալիս է մի փուլ, երբ քեզ թույլ ես տալիս ընտրություն կատարել, ընտրում ես այն ռեպերտուարը, որը քեզ ավելի հարմար է եւ հոգեհարազատ: Փոքր ժամանակվանից բոլորս էլ նվագում ենք այն ստանդարտ գործերը, եւ տարիների ընթացքում ողջ ինֆորմացիան կուտակվում է, ու դու ինչ-որ պահի պարտավոր ես քեզ հետ ազնիվ լինել: Դա երաժշտական հասունության պահն է: Օրինակ, ես այս փուլում չեմ նվագում այն գործերը, որոնք բոլորն են նվագում: Օրինակ, Չայկովսկու Կոնցերտը շա՜տ եմ սիրում, մի չտեսնված ստեղծագործություն է, բայց եթե նվագախմբերից կոնկրետ դրա հետ կապված առաջարկներ չեն լինում, եթե ինձ հատուկ չառաջարկեն, ես ինքս չեմ առաջարկում: Առաջարկում եմ այլ կոնցերտներ, որոնք այդքան չեն հնչել: Ի վերջո, երաժշտի առաքելություններից մեկն է ունկնդրին ծանոթացնել նաեւ հազվադեպ կատարվող գործերի հետ ու զարգացնել ճաշակը»:

Խոսելով հայաստանյան հանդիսատեսի մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իր համար հուզիչ է Հայաստանում հանդես գալը, դրանից մեծ բավականություն է ստանում, չնայած համերգից առաջ նյարդեր է «ծախսում». «Հայաստանյան ունկնդիրը շա՜տ պատրաստված է եւ ամեն ինչի քննադատաբար է վերաբերվում, անգամ այն մարդիկ, որոնք կապ չունեն երաժշտության հետ, ինտուիտիվ զգում են՝ ինչն է որակյալ, ինչը՝ ոչ»:
Մեր հարցին՝ որեւէ գործ մեկնաբանելուց՝ զգացվո՞ւմ է կատարողի ազգությունը, Սոֆյա Մելիքյանը պատասխանեց. «Այդ հարցի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ կան, բայց ոչ մի հստակ պատասխան:

Ես էլ շատ եմ մտածել: Օրինակ, Ռուբինշտեյնը Շոպենի լավագույն կատարողներից մեկն է, բայց մի՞թե դա նրանից է, որ ինքը լեհ է, թե՞ նրանից է, որ լավ է զգում երաժշտությունը, ոչ ոք չի կարող ասել… Կամ՝ այսօր Չինաստանում ակտիվ հետաքրքրություն կա դասական երաժշտության հանդեպ: Երբ ասիացի երաժիշտները նվագում են արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր, մեկնաբանումը լրիվ այլ է: Ես համոզված եմ, որ նույն բանը կկատարվի, եթե ես էլ չինական երաժշտություն նվագեմ: Դա կախված է նրանից, թե մարդ ինչ մթնոլորտում է մեծացել եւ ինչ է ներծծել: Այսինքն՝ մենք նվագում ենք այնպես, ինչպես սովոր ենք լսել…»:

Հավելենք, որ Սոֆյա Մելիքյանը որպես մենակատար ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների խոշորագույն նվագախմբերի կազմում։ Նրա վերջին համերգներից կարեւորվում են Նյու Յորքի «Քարնեգի հոլում» եւ Լինքոլն կենտրոնի «Բրունո Վալտեր» դահլիճում կայացած ելույթները, ինչպես նաեւ Օսակայի «Իզումի» համերգասրահի, Գուանչժոուի օպերային թատրոնի (Չինաստան), Սոֆիայի համերգասրահի (Բուլղարիա), Լյուքսեմբուրգի «Շոպեն+» փառատոնի համերգները, Կուբայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի առաջնաելույթը Հավանայում եւ իսպանական Master Symphony Օrchestra-ի հետ շրջագայությունը։ Մելիքյանի կատարումները հեռարձակվել են Հայաստանի եւ Իսպանիայի Ազգային ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, Մելբուռնի ABC Clas sic FM եւ Չիկագոյի WFMT ռադիոկայաններով, MEZZO ֆրանսիական հեռուստաընկերությամբ եւ Նյու Յորքի WXQR ռադիոկայանով։

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Սոֆյա Մելիքյանի
ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
22.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031