Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիրքը դիվանագիտական գործիք է»

Հոկտեմբեր 23,2015 13:00

Ըստ «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի,
Հայաստանում դեռ այսպես չեն մտածում

Հայաստանի անկախացումից հետո Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին, որ աշխարհում ամենամեծ միջոցառումն է այս ոլորտում, Հայաստանը մասնակցում է շուրջ 25 տարի։ «Մինչեւ մեր անկախ պետության մասնակցությունը` տաղավար էր տրամադրվում հայաստանյան տարբեր հասարակական կազմակերպությունների։ Առաջին իսկ մասնակցությունից հրատարակիչներս ոգեւորվելու փոխարեն մի տեսակ խեղճացանք՝ տեսնելով ադրբեջանական, վրացական ճոխ տաղավարները։ Եվ երբ մտահոգված դիմում էինք Հայաստանում գրքի ոլորտի պատասխանատուներին, որ մենք էլ բարձր մակարդակով ներկայանանք, ստանում էինք պատասխան, թե կարեւորը բովանդակությունն է։ Չեմ ուզում Ադրբեջանի մասին խոսել, բայց ուզում եմ համեմատվել, օրինակ, այսօր ոլորտում աշխարհի ուժեղներից մեկի՝ Վրաստանի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Հետո էլ հավաստիացրեց, թե նույն Վրաստանը՝ սկսած 2013 թ., մեծ ուշադրություն է դարձնում գրքին՝ որպես աշխարհում մշակույթի տարածման միջոց ու դիվանագիտական գործիք. «Երբ մեր գրքերն առաջարկում էինք գնել, օտար ընթերցողը հարցնում է՝ իսկ Վրաստանն ընդգրկվա՞ծ է… Ի դեպ, 2018-ին Վրաստանը տոնավաճառում կներկայանա պատվավոր հյուրի կարգավիճակով…»։

Antares

Ֆրանկֆուրտում Հայաստանի եւ Վրաստանի գրքի տաղավարները:

Պարոն Մարտիրոսյանի ձեւակերպմամբ, այս տարի՝ բացի այն, որ Ֆրանկֆուրտի տոնավաճառում զիջում էինք Վրաստանին տաղավարի մեծությամբ, բովանդակությամբ եւ այլն, մի բան էլ կար՝ տոնավաճառին ներկա է լինում նաեւ Վրաստանի մշակույթի նախարարը, ավելի բարձր պաշտոնյաներ: «Ցավոք, մեր ծնված օրից մեզ դաստիարակում են, որ մեզ ցեղասպանել են, հետո մեծանում ենք որպես զոհ, հիմա էլ նշում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը, այսինքն՝ այն, որ արդեն մեկ դար է՝ զոհ ենք, մինչդեռ Ցեղասպանությունը պետք է լինի ոչ թե ապրելակերպ, այլ՝ դաս։ Սա դեռ քիչ է, աշխարհի մի շարք տաղանդավոր ու անտաղանդ գրողներ ստիպում են մեր պետությանը, որ հրատարակության ու թարգմանության վրա գումար ծախսի, ու հայ ընթերցողը ծանոթանա իրենց՝ օտարների կողմից ցեղասպանության մասին գրված գրքերին»,- մտահոգված է Արմեն Մարտիրոսյանը: Նա մի հռետորական հարց էլ հնչեցրեց. «Ե՞րբ պիտի փող ծախսենք ապրելու, այլ ոչ թե մեռնելուց հետո՝ տապանաքարի ու ողբալու համար…»։

Հետաքրքրությանը, թե Ֆրանկֆուրտի տոնավաճառում Հայաստանի առումով որեւէ լավ բան չկա՞ր, հրատարակիչը հակիրճ պատասխանեց. «Մե՛նք՝ մասնակիցներս»։
Հավելենք, որ Ֆրանկֆուրտում այս տարի Հայաստանը, բացի «Անտարես»-ից, ներկայացել էր ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանով ու եւս մի քանի աշխատակիցներով, Երեւանի պետական համալսարանի, «Զանգակ» հրատարակչություններով, 1-ին գրական գործակալությամբ եւ «Բուկինիստ» խանութ-հրատարակչությամբ։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031