Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ որոշվեցին լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկները

Հոկտեմբեր 23,2015 12:30

ՀՀ ֆինանսների նախարարության մարզահամալիրում երեկ անցկացվեց ՀՀ նախագահի մրցանակի համար երրորդ մարզական մասսայական միջոցառումը՝ «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթը:

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացման 12 տարվա փորձը ցույց է տվել, որ հասարակությունը սիրում է սպորտը: Պարզապես, հարկավոր է մշտապես առողջ ապրելակերպով զբաղվելու համար նախադրյալներ ստեղծել: Դրա համար էլ անցած տարի որոշվեց կազմակերպել ՀՀ նախագահի մրցանակի համար եւս երկու մրցույթ, որոնք կընդգրկեն թիրախային երկու խավեր՝ հաշմանդամություն ունեցողներին եւ նախադպրոցահասակային տարիքի երեխաներին:

Հոկտեմբերի սկզբներին Ծաղկաձորի մարզաբազայում առաջին անգամ որոշվեցին «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները», իսկ երեկ անցկացվեց «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» անդրանիկ մրցույթը:

«Առավոտը» ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության քաղաքանակության վարչության պետ Եղիշ Դավթյանին խնդրեց ավելի մանրամասն ներկայացնել նախադպրոցական հիմնարկների միջեւ կազմակերպված մրցույթը:

sport1

«Նախարարությունը այս մրցույթի կանոնակարգը, ծրագիրը նախօրոք ուղարկել էր բոլոր մարզպետարաններ եւ քաղաքապետարաններ եւ Ստեփանակերտ: Տեղերում մոտ մեկուկես ամիս անցկացվել են համայնքային եւ մարզային մրցումները, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 5000-5500 երեխա: Եյդ երկու փուլերի արդյունքում հաղթող դարձած նախադպրոցական կրթօջախներն այսօր եզրափակչում լավագույններին որոշելու իրավունք են ստացել», – ասաց պարոն Դավթյանը: Հարցին, թե ինչո՞ւ Երեւանը եզրափակչում ներկայացուցիչ չունի, Եղիշ Դավթյանը պատասխանեց. «Երեւանը չենք ընդգրկել այս մրցույթում՝ հաշվի առնելով, որ մայրաքաղաքի նախադպրոցական հիմնարկները նմանատիպ ծրագրեր շատ են անցկացնում: Ի վերջո, մեր հիմնական խնդիրներից մեկը, ու կարծում եմ՝ այդպես էլ պետք է լինի, ավելի շատ մարզեր, մարզային գյուղեր եւ քաղաքներ մուտք գործելն է: Այս նախաձեռնությունը հեռավոր շրջաններում մանկապարտեզներին դրամական, գույքային, այլ տեսակի օգնություններ տրամադրելու, հովանավորելու պատճառ կարող է դառնալ, ինչի կարիքը Երեւանը համեմատաբար այնքան էլ չունի: Օրինակ, մայրաքաղաքում անցկացվում են զանազան սպորտլանդիաներ, ՀԱՕԿ-ը հունիսի 1-ի առիթով ավանդաբար մրցույթներ է կազմակերպում»:
-Ասացիք, որ նախնական փուլերը հիմնականում կազմակերպել են մարզպետարանների եւ քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանումները: Հետեւե՞լ եք, թե ինչպես են անցկացվել:

-Անշուշտ: Մեր վարչության աշխատակիցները 1-ին եւ 2-րդ փուլերում աշխատել են հնարավորին չափ շատ մարզեր այցելել: Ու բացի այդ, այսօր բոլորս էլ տեսնում ենք, որ եզրափակչի ուղեգիր նվաճած Հայաստանի 10 մարզերի եւ ԼՂՀ-ի բոլոր նախադպրոցական հիմնարկները որքան պատրաստված են ներկայացել ու այս դահլիճում ինչքան հետաքրքիր մրցակցություն է ընթանում:

-Ի՞նչ պարգեւատրություններ են սպասվում ինչպես հաղթողներին, այնպես էլ մասնակիցներին:

-Ընդհանուր հաշվարկով հաղթող եռյակը ՀՀ նախագահի անունից կստանա, համապատասխանաբար, 550, 450 եւ 350 հազարական պարգեւավճար, որը կարող է շատ հարցեր լուծել այդ նախադպրոցական հիմնարկներում: 1-3-րդ տեղերը գրավողներին կհանձնվեն նաեւ համապատասխան գավաթներ ու պատվոգրեր: Եզրափակչի մասնակից բոլոր 110 երեխաները կստանան մարզահագուստ: Իսկ ՀՀ սեղանի թենիսի ֆեդերացիան տրամադրել է մինի սեղան, որը, կարծում եմ, կտանք 4-րդ տեղն զբաղեցնող թիմին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթում հաղթող ճանաչվեցին Շիրակի, Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի նախադպրոցական հիմնարկները:

«Առավոտ» օրաթերթ
22.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031