Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Լաճիկյանի Պոլիսը

Հոկտեմբեր 23,2015 12:00

Գեղագետ, մշակութային մեկնաբան եւ արվեստաբան-լրագրող Լեւոն Լաճիկյանը նկարելը չի համարում իր մասնագիտությունը եւ այն լոկ նախասիրություն է դիտում, բայց միեւնույն է, նրա գծի վարպետության, կատարման որակի եւ բազմաթիվ ցուցահանդեսներ կազմակերպելու շնորհիվ արդեն ունի քաղաքերգակ նկարչի բարի համարում: Նրա աշխատանքներում իրենց արտացոլումն են գտել ծննդավայր Գյումրին ու նախնյաց ոստան Կարսը, Գորիսն ու Փարիզը, Վենետիկն ու Նյու Յորքը: Այդ բոլորը «Հայկական աշխարհ» խորագրով նկարիչը ցուցադրեց 2011-ին Նյու Յորքում կայացած իր անհատական ցուցահանդեսում: Հենց այդտեղ էր, որ նյույորքաբնակ պոլսահայերի հորդորով որոշեց անդրադառնալ նաեւ հայկական Պոլիսին: Ստամբուլ կատարած երեք այցերից հետո Լեւոն Լաճիկյանն այս տարվա ապրիլին իր «Պոլսո արտացոլանքները» ներկայացրեց նախ Երեւանում, ապա ցուցահանդեսի ընդլայնված տարբերակը՝ «Պոլիսը՝ մոտ ու հեռու» խորագրով, վերջերս ցուցադրեց նաեւ Ստամբուլում, դրան մերձակա Գնալը կղզում: Ինչպես արվեստագետն ինքն է նշում, ասելիքի հիմքում դրել էր Հրանտ Դինքի հայտնի գրքի վերնագիրը՝ «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան»: Լեւոնն այն կարծիքին է, որ Պոլիս-Ստամբուլը եղել է ինչպես մեր սեւ ու տխուր, այնպես էլ վառ ու երջանիկ օրերի վկան ու ականատեսը: Այդ քաղաքում մինչ օրս էլ զորեղ է հայերիս հետքը: Ավելին՝ ըստ Լաճիկյանի, հարկ է միշտ հիշել, որ հայերն այդտեղ ավելի հին անցյալ ունեն, քան իրենք՝ թուրքերը: Ուստի հպարտությամբ է քայլել Պոլսի փողոցներով՝ փնտրելով Գրիգոր Զոհրապի ու Վարուժանի, Ռուբեն Սեւակի ու Սիամանթոյի, մեր մյուս նահատակ գրողների ոտնահետքերը:

Polic

«Ուղիղ 100 տարի առաջ Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին դարձավ Պոլսո պատրիարք՝ զարթոնք ապահովելով մեր ազգային կյանքում,- ասում է Լեւոնը եւ շարունակում,- այդուհետ Թուրքիո այդ նշանավոր բնակավայրը եղավ մեկը մեր մշակութային մայրաքաղաքներից»: Հայ մտավորականն իր գծանկարներով կարծես ուզում է վերահաստատել Պոլսի դերը մեր հոգեւոր-մշակութային կյանքում: «Այդտեղ միախառնված են Արեւելքն ու Արեւմուտքը»,- հիացմունքով պատմում է զրուցակիցս եւ թերթում իր նոր գծանկարները: Դրանցում պատմական Կ.Պոլիսն է իր տարբեր կառույցներով եւ զմայլելի անկյուններով՝ Սբ. Սոֆիայի տաճարը, Դոլմաբահչեի պալատը, Գնալը կղզին՝ իր յուրատիպ առանձնատներով: Դրանցում հայության շունչն է թեւածում եւ առկա է մեր նախնիների հանճարի կնիքը: Պարզվում է՝ Գնալը կղզին եւս նշանակալի տեղ է ունեցել հայության կյանքում: Հատկապես ամառվա ամիսներին այդտեղ են ապրել ու ստեղծագործել Վահրամ Փափազյանն ու Զապել Ասատուրը, Հակոբ Մնձուրին ու Զահրատը: Նաեւ մեծն Կոմիտասի ճակատագիրն է կապված այդ հայաշունչ կղզու հետ՝ Պոլսում նրա ապրած տարիներին: «Պոլիսը՝ մոտ ու հեռու» ցուցահանդեսի այցելուների թվում են եղել Թուրքիայի խորհրդարանի հայ երեսփոխան Սելինա Դողանը, Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը, ինչպես հայ, այնպես էլ թուրք հայտնի արվեստագետներ, գրողներ եւ այլն: Հայաստանցի արվեստագետի աշխատանքները բարձր է գնահատել նաեւ պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերը (լուսանկարում):

Ara-Gyuleri-het

Լեւոն Լաճիկյանի՝ թվով տասներորդ հոբելյանական ցուցահանդեսին պատշաճ արձագանքել են տեղի թե՛ հայկական եւ թե՛ թուրքական թերթերն ու ամսագրերը: Այսպես. «Մարմարան» մեծ հաջողություն է որակել ցուցահանդեսի կազմակերպումը, իսկ «Ակոս» շաբաթաթերթն այն դիտել իբրեւ «հաղթանակ»՝ գրելով. «Յաղթանակ կը կոչենք արուեսագէտի այս հանդիպումը, քանի ան յաջողեցաւ իր գործով հմայել ցուցահանդէսը այցելողները»:

Լեւոնը մտադիր է իր տպավորությունները խտացնել ուղեգրությունների նոր գրքում, որտեղ զուգահեռաբար տեղ կգտնեն նաեւ նրա արած հրաշալի գծանկարները:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

«Առավոտ» օրաթերթ
22.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031