Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբեր 23,2015 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հինգերրորդ

ԲԱՐԵԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պոեզիային նվիրաբերվելն էլ Պարկետչիկ Հրաչին չհաջողվեց, որովհետեւ  շուտով Ղարաբաղյան շարժումն սկսվեց, իսկ այնուհետեւ՝ Ղարաբաղյան պատերազմը, եւ պատերազմն սկսվելուց հետո Հրաչն իսպառ անհետացավ մեր տեսադաշտից, եւ չնայած Չուգունն ու որոշները ժամանակ առ ժամանակ կարծիք էին հայտնում թե՝ Հրաչը Ռուսաստան ու խոպան գնացած կլինի, Հրաչին ավելի լավ ճանաչողներս համոզված էինք, որ ինքը պատերազմի ամենաթեժ կետերից մեկում գտնվելիս կլինի, մանավանդ որ՝ իր ընկեր Անդոն արդեն Բերդաձորում էր, եւ երբ պատերազմն ավարտվեց, Բերդաձորի Անդոն ընկերների հետ ողբերգական ավտովթարի զոհ դարձավ, մինչդեռ Հրաչի մասին առ էսօր որեւէ տեղեկություն չունեմ, եւ հիմա արդեն երանի եմ տալիս, որ Չուգունի ու նմանների ենթադրությունները ճիշտ լինեն. այսինքն, Հրաչն էն ժամանակ իսկապես Ռուսաստան ու խոպան գնացած ու առ էսօր աղջառողջ էնտեղ լինի, եւ Մելքոնյան Հովհաննեսն էլ էր Հրաչի առումով նման հույսեր փայփայում, եւ չնայած պատերազմից հետո ընդամենը մեկ անգամ եմ Հովհաննեսի հետ Հրաչի մասին խոսել, համոզված եմ, որ Հովհաննեսը Հրաչին մշտապես էր հիշում՝ ինչպես որ ինքս եմ մշտապես հիշել, չնայած, ինքներդ եք վկա, որ էս տասնյոթ ու տասնութ հատորներիս մեջ առաջին անգամ եմ Հրաչին անդրադառնում, ավելի ճիշտ՝ ընդամենը երկրորդ անգամ, եւ առաջին անգամն էլ ընդամենը Հավատացյալ Խորենի հավատավոր եղբայր Պարկետչիկ Վարդգեսի առիթով Հրաչին անդրադարձա, եւ էդ անդրադարձիս պատճառն ընդամենն էդ երկուսի «Պարկետչիկ» մականուններն էին, եւ ամենաանարդարն էն է, որ, չնայած Պարկետչիկ Վարդգեսին անձամբ չեմ ճանաչել, այդուհանդերձ, իր առիթով, իր շնորհիվ ու իր պատճառով մեր Պարկետչիկ Հրաչին հիշեցի ու անդրադարձա, եւ եթե Հավատացյալ Խորենին չհիշեի ու իր շնորհիվ՝ իրենց եղբայրներից Պարկետչիկ Վարդգեսին, դուք նախ չէիք իմանա, որ իրենց եղբայրների մեջ ու մեր քաղաքում Պարկետչիկ Վարդգեսի պես գթասիրտ ու արդարամիտ անձնավորություն է գոյություն ունեցել, եւ եթե Հավատացյալի շնորհիվ իրենց Պարկետչիկին չհիշեի, իրենց Պարկետչիկի շնորհիվ էլ Հովհաննես Մելքոնյանի այլընտրանքային գրողների միության  լիարժեք անդամ Պարկետչիկ  Հրաչին չէի հիշի, եւ մի Պարկետչիկի շնորհիվ մյուս Պարկետչիկին հիշելս ոչ միայն էդ երկուսի մականունների հետ էր կապված, այլեւ՝ էդ երկուսի մարդկային արժանիքների, եւ առաջին հերթին՝ էդ երկուսի բացառիկ գթասրտության, եւ եթե Վարդգեսի բարեսրտության ու գթասրտության մասին Հավատացյալից եմ լիքը բաներ լսել, Հրաչի գթասրտությունն ու բարեսրտությունն անձամբ եմ տեսել, ընդ որում՝ մի որոշ ժամանակ ամեն օր էի իր գթասրտության ու բարեսրտության ականատեսը լինում, որովհետեւ  որոշ ժամանակ համարյա ամեն օր ալտերնատիվ գրողների միության առաջնորդ Հովհաննես Մելքոնյանի շրջապատի սեղանակիցն էի, եւ դա անցյալ դարի յոթանասունականների կեսերին էր, երբ բանակից վերադարձել ու  որեւէ տեղ չէի աշխատում, բայց արդեն բանաստեղծություններ էի գրում, եւ բանաստեղծություններիս առաջին գիրքն արդեն Պետհրատ էի ներկայացրել, եւ որոշ  բանաստեղծություններ էլ «Գարուն» էի ներկայացրել, եւ «Գարունի» խմբագրի մոտ Հովհաննեսն ու Գեւորգ Արշակյանն իմ հաշվով արդեն բարեխոսել էին, եւ չնայած «Գարունում» բանաստեղծություններիս տպագրության ընթացքը Միլիտոնյան Էդոյի ու Տաթեւիկի շնորհիվ լրիվ հունի մեջ էր,  Արշակյանն ու Հովհաննեսն էլ կողքից էին բզբզում, եւ Հովհաննեսը համարյա ամեն օր էր «Գարունի» խմբագիր  Անժիկ Հակոբյանին հիշեցնում բանաստեղծություններիս մասին, եւ չնայած Տաթեւիկն ասում էր, որ Հովհաննեսն իմ հանդեպ իր կամեցողությամբ արդեն չափն անցնում է, ես Հովհաննեսին չէի կարող արգելել, որ իմ հաշվով բարեխոսի, մանավանդ որ՝ Հովհաննեսն ինձ չէր էլ ասում, որ իմ հաշվով բարեխոսում է, եւ մանավանդ որ՝ Հովհաննեսը որեւէ բանաստեղծի ու գրողի օգնելուց գերագույն հաճույք ու բավականություն էր ստանում, իսկ ինչ վերաբերում է Գեւորգ Արշակյանին, Արշակյանն ընդամենը մեկ անգամ էր իմ հաշվով «Գարունի» խմբագրի մոտ մտել ու բարեխոսել, եւ Արշակյանի բարեխոսելն  էլ էի Տաթեւիկից իմացել, եւ չնայած Տաթեւիկն ինձ ասել էր, որ արդեն բանաստեղծություններս տպարան են ուղարկվել, եւ չնայած նաեւ նախազգուշացրել էր, որ Արշակյանի ու մանավանդ Հովհաննեսի շարունակվող բարեխոսություններն ու միջնորդություններն իմ գործին ավելի վնաս կտան, քան՝ օգուտ, այդուհանդերձ, ես ոչ Արշակյանին ու ոչ էլ մանավանդ Հովհաննեսին չէի կարող արգելել, որ իմ հաշվով բարեխոսեին, որովհետեւ  ես մանավանդ էդ տարիներին շատ փոքր էի, որպեսզի Արշակյանին ու մանավանդ Հովհաննես Մելքոնյանին որեւէ բան արգելեի, եւ, դրանից էլ բացի, ինձ համար շատէլ հաճելի էր, որ Գեւորգ Արշակյանն ու Հովհաննես Մեքոնյանն իմ հաշվով միջնորդում ու բարեխոսում էին, ընդ որում՝ ինձնից թաքուն էին էդ բանն անում:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031