«Բա որ մի երկու ամիս հետո պարզվի, որ իսկապես լուրջ խնդիրներ կան եւ Տիգրան Սարգսյանը պետք է, օրինակ, պատասխանատվություն կրի Հայաստանի կամ Կիպրոսի արդարադատության առջեւ, բա դրա մասին չե՞ն մտածել՝ նշանակելով Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնում, թե ինչպես նա կվարկաբեկի Հայաստանը»,- Aravot.am-ի հետ զրույցում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ նշանակելու հետ կապված իր դժգոհությունը հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա, դեռ բազմաթիվ հարցեր կան Տիգրան Սարգսյանի հետ կապված, որոնք պատասխանի են սպասում. «Հայաստանի տնտեսության զարգացումը, այն բոլոր սկանդալները, որի մեջ ինքը թաթախված է եղել, այդ թվում նաեւ օֆշորային սկանդալը, որի պատասխանը մենք մնացինք սպասելով դատախազությունից: Ի՞նչ եղավ դա: Դատախազը մեզ մի քանի տարի առաջ խոստացել էր, որ քննությունից հետո պատասխան կտա, ո՞ւր է այդ պատասխանը: Ընդ որում, այնտեղ ներկայացված էին լուրջ փաստաթղթեր: Դատախազությունը ե՞րբ է վերջապես ասելու: Ամեն դեպքում Տիգրան Սարգսյանը բնականաբար մեր հերոսը չի եւ այն մարդը չի, որ իր պաշտոնավարմամբ ապացուցել է՝ կարող է արդյունավետ տնտեսություն ղեկավարել: Նրա վրա կախված բազմաթիվ քրեական մեղադրանքներ կան, որոնց պատասխանը դեռեւս տրված չէ: Եվ այդ պրոբլեմները լուծում են պահանջում»:
Մեր դիտարկմանը, որ Դուք ԵՏՄ անդամակցությանը կողմ եք քվեարկել, հետեւաբար դուք կրում եք պատասխանատվություն եւ արդեն պետք է մինչ քվեարկելը հաշվարկած լինեիք, թե ով կարող է ներկայացնել ԵՏՄ-ում Հայաստանի շահերը եւ ինչքանով կարող է նա այդ անդամակցությունն ի նպաստ երկրի օգտագործել՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.
«Եթե ուշադիր կարդաք այդ քննարկումների ժամանակ իմ ելույթը, կտեսնեք, որ ես ասել եմ՝ ԵՏՄ-ի կանոնադրությունը ընթերցելիս հասկանալի է, որ դա բավականին լուրջ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար: Բայց խնդիրն այն է, որ արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կկարողանան օգտվել այդ հնարավորություններից, եթե Հայաստանի իշխանությունները լեգիտիմ չեն եւ ավելի խոցելի են արտաքին ճնշումների առաջ, քան սեփական ժողովրդի պահանջների: Ես այս բանն ասել եմ: Այո, հնարավորություններ կան, բայց այսօրվա կոռումպացված իշխանությունը ի վիճակի չէ այդ հնարավորությունն օգտագործել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ