Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում այսօր բացվեց «Կամուրջ» բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որը ներառում է հայր եւ որդի գեղանկարիչների աշխատանքները: Կտավների վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Հայկական բարեգործական ընդհանուր միության սիրիահայության օգնության ծրագրերին:
Aravot.am-ի հետ զրույցում Մուշեղ Գրիգորյանն ասաց, որ 56 աշխատանք է ներկայացված, հիմնականում՝ վերջին տարիներին ստեղծված գեղանկարներ. «Բնանկար, գունանկար, աբստրակտ աշխատանքներ, կոմպոզիցիաներ: Իմ աշխատանքներից հիմնականում դրանք են ցուցադրված: Ինձ համար ոգեշնչման աղբյուր է հենց կյանքը եւ այն հրաշքները, որոնք մարդու հետ ամեն օր տեղի են ունենում: Կան կտավներ, որոնց հետ ավելի կապված եմ, բայց դրանք չեմ առանձնացնի: Այն, ինչ տեսնում եք, աշխարհայացքի արդյունք է»:
Խոսելով արվեստագետներին կոչումների ու պարգեւների միջոցով արժեւորելու «մշակույթից»՝ Մուշեղ Գրիգորյանն ասաց. «Կոչումներն ընդունված են ցանկացած բնագավառում, բայց գուցե դրանց առատությունը խանգարեց…եթե դրանց թիվը քիչ լիներ, գուցե ամեն ինչ ավելի հետաքրքիր լիներ: Ես կոչում չունեմ, բայց դա չի խանգարում ինձ: Նկարչությունն այնպիսի ֆանտաստիկ եւ հրաշք բան է, իսկ կոչում ունենալ-չունենալն ըստ էության երկրորդական է: Ամեն դեպքում, եթե մարդուն կոչում են տալիս, երեւի հաճելի բան կա դրանում»:
Կարդացեք նաև
Գեղանկարիչը նաեւ հայտնեց, որ առաջիկայում եւս նախատեսում է ցուցահանդեսներ կազմակերպել: Ի դեպ, 2003թ. Բարսելոնայում Մուշեղ Գրիգորյանն ընդգրկվել է «Հազարամյակի արվեստի ուղեցույց» կատալոգում, ինչին նախորդել էր իսպանական քաղաքում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցությունը:
ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանից էլ հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք արժևորված են մերօրյա արվեստագետները. «Նրանց բանի տեղ դնող չկա: Այսքան ավելորդ շքանշաններ ու կոչումներ, որ տալիս են, չեն ամաչո՞ւմ…ո՞ւմ են տալիս: Կոչումը պետք է վաստակել, աշխատել, այսպիսի քսան նկար պետք է նկարել, խոսքը թե նկարչին է վերաբերում, թե երգչին»: 82-ամյա վարպետը նշեց, որ իր կոչումը ոչինչ չի փոխել. «30 կոմպոզիցիա եմ նկարել, իսկ հիմա անգամ մարդ չեն կարողանում նկարել, բայց կոչում են ստանում»:
Հավելենք, որ «Կամուրջ» բարեգործական ցուցահանդես-վաճառքը կգործի մինչեւ երկուշաբթի:
Մանրամասները` տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ