Գյուղացիները դրա համար փող չունեն
Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ« պետական հիմնադրամի կողմից, «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամից» (IFAD)-ից ստացված վարկային միջոցներով շուրջ մեկուկես տարի առաջ ավարտվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեւան գյուղերի գազաֆիկացումը: Սակայն այդ գյուղերի բնակիչները դեռեւս չեն օգտվում երկնագույն վառելիքից:
Գյուղացիները փող չունեն, որ իրենց առանձնատներ գազատար խողովակ անցկացնելու աշխատանքների համար գազի ծառայության աշխատակիցներին վճարեն: Մեկ գծամետր խողովակ անցկացնելու համար բնակիչները պետք է վճարեն 3800 դրամ: Այդ գումարը ներառում է եւ խողովակի արժեքը եւ աշխատողների վճարը: Մեկ առանձնատան համար գազաֆիկացման ծախսը կազմում է 60-120 հազար դրամ եւ ավելին՝ կախված գազատար ցանցից այդ տան հեռավորությունից: Սահմանագոտու բնակիչները հույս ունեն, որ Հայաստանի կառավարությունը համապետական որեւէ ընտրությունից առաջ կկատարի գյուղացիների տների միացումը գազատար ցանցին:
Հավելենք, որ Խորհրդային տարիներին վերհիշյալ գյուղերը, բացի Ոսկեպարից, գազաֆիկացված չեն եղել: Ոսկեպարով էր անցնում Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա գյուղ տանող գազատարը, եւ դրա փոխարեն Ոսկեպարն ադրբեջանական գազն անվճար էր ստանում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ