ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը սպասում է ԵՄ-Հայաստան հնարավոր նոր հարաբերությունների մեկնարկին, որը նախատեսվում է մինչեւ տարեվերջ: Այդ հարաբերությունները, ըստ պատգամավորի, համագործակցության լայն հնարավորություններ կբացեն ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ոլորտում:
«Նպատակն է փորձել ԵՄ հետ նոր պայմաններում նորոգել Ասոցացման խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը: Այլ բանակցային գործընթացի արդյունքում ձեւավորվող համաձայնությունները գալիս են լրացնելու Հայաստանի տնտեսական կարողությունները եվրոպական մեր գործընկերների հետ համագործակցության ոլորտում ավելացնելուն: Ինստիտուցիոնալ առումով կատարելագործվելու հնարավորություն կունենանք, դա վերաբերում է թե ժողովրդավարացման ինստիտուտների կայացմանը, թե տնտեսական որոշումների նախապատրաստման ու կազմակերպման գործընթացներին»,- ասաց պարոն Հարությունյանը:
Նրա կարծիքով, ինտեգրացիոն համակարգը նպաստավոր պայմաններ կստեղծի եվրոպացի ներդրողների համար, որ կարողանան Հայաստանում ներդրումներ անեն. «Հայաստանի տնտեսական ապագան պայմանավորված է արտաքին շուկայում մրցունակ առաջարկ բերելու կարողությամբ: Այս կարողությունները կարող ենք ձեւավորել, եթե ունենանք օտարերկրյա ներդրողներ:
ԵՄ հետ հարաբերությունները նորացված համաձայնագրի շրջանակում լուրջ նախադրյալներ են ստեղծում օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը օգտագործել սեփական արտադրանքն ավելի էժան արտադրելու համար եւ իրացնել հենց նույն եվրոպական շուկայում: Եվրոպայի համար կդառնանք ոչ միայն որպես հանքահումքային խտանյութ արտահանող երկիր, այլեւ այլ ոլորտներում Եվրոպայի հետ ինտենսիվ համագործակցող երկիր»:
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավորը ԵՄ հետ Հայաստանի նոր հարաբերությունների ձեւավորումը կապում է Հայաստանի հետեւողական քաղաքական վարքագծով.«Ոչ թե կամ- կամ, այլ՝ եւ-եւ-ը տվեց իր արդյունքը եւ այս տարի մայիսին Ռիգայի գագաթաժողովում եվրոպացի մեր գործընկերներն ընդունեցին հայաստանյան որոշման շատ արդիական լինելը: Նույնիսկ կանցլեր Մերկելն ասաց, որ հարգանքով են վերաբերում Հայաստանի որոշմանը: Այդ նույն գագաթաժողովում արձանագրվեց, որ Արեւելյան գործընկերությունն ուղղված չէ Ռուսաստանին մեկուսացնելու խնդրին կամ Ռուսաստանի դեմ»:
Պարոն Հարությունյանը հավատում է՝ ԵՄ եւ ԵՏՄ հետ ստորագրած Հայաստանի համաձայնագրերը լրացնելու են մեկը մյուսին ու չեն խանգարելու. «Եվ եթե կուզեք, Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ ԵՏՄ-ն եւ եՄ-ը ոչ թե կպայքարեն կամ կառճակատվեն, այլ երկուսն էլ կդառնան այն հարթակը, որտեղ կարող են առողջ մրցակցել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ