Լրահոս
Օրվա լրահոսը

Թևան Պողոսյան. «Կարծում եմ սեպտեմբերի 3-ի դասերը թե Հայաստանը, թե ԵՄ-ն քաղել են»

Հոկտեմբեր 22,2015 20:11

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է  ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Նա իր ելույթում, մասնավորապես նշել է, որ «ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու հանգրվանին»:

Անդրադառնալով այն փաստին, որ Եվրոպական Միության խորհուրդը տրամադրել է Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատ, Սերժ Սարգսյանը նշել է. «Լիահույս եմ, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը՝ դառնալով Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառության լավագույն երաշխիք»:

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանից հետաքրքրվեց՝ իրո՞ք նոր հեռանկարներ կան ՀՀ-ԵՄ համագործակցության նոր մակարդակի հասնելու համար:

Պարոն Պողոսյանը պատասխանեց. «Հեռանկարը կա, բանակցային մանդատը կա, առաջին հանդիպումը կա, առաջին բանակցությունները տեղի կունենան ոչ երկարատև, քանի որ բանակցային տեքստ էլ ունենք արդեն»:

Պարոն Պողոսյանի կարծիքով՝ կարելի է ասոցացման համաձայնագրից քաղաքական բաղադրիչը ներառել: Նա մանրամասնեց. «Քաղաքական բաղադրիչը կարելի է ասոցացման համաձայնագրից ներառել ամբողջությամբ, մի քանի մանր բացթողումներով, որոնք կապ են հաստատում քաղաքականի և տնտեսական բաղադրիչի միջև:

Իսկ տնտեսական բաղադրիչի շրջանակներում առնվազն գիտենք, թե որ խնդիրներն են առաջանում. օրինակ՝ զրոյական մաքսային դրույքների հնարավորություն չի լինելու, բայց շատ ոլորտներում՝ առնվազն 28 ուղղություններով համագործակցություն լինելու է»:

Թևան Պողոսյանի կարծիքով՝ բանակցությունները կարելի է մինչև տարեվերջ ավարտել, դրանք երկար չեն տևի, եթե լինի քաղաքական կամք:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանը կրկին խոչընդոտներ ստեղծի ՀՀ-ԵՄ համագործակցության ներկայիս փուլի համար, պարոն Պողոսյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ սեպտեմբերի 3-ի դասերը թե′ Հայաստանը, թե′ ԵՄ-ն քաղել են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031