Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների կանխատեսումների քաղաքական աստառը՝ ըստ տնտեսագետի

Հոկտեմբեր 22,2015 20:00

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը մինչեւ տարեվերջ կանխատեսում է 4% տնտեսական աճ:

«Անցած տարի այս ժամանակ ներցնցումների կանխատեսումներ չէին կարող լինել, այս տարի էլ դեռ հնարավոր են զարգացումներ: Բայց եթե ենթադրաբար ասենք, որ ներկայիս պայմանները մնան, զարգացման միտումները չփոխվեն, չեմ բացառում, որ 4% տնտեսական աճն իրատեսական լինի»,- ասաց տնտեսագետը:

Մեր հարցին՝ ինչու միջազգային ֆինանսական կառույցները փոխեցին տարեսկզբյան իրենց գնահատականները Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ, պարոն Մանասերյանը բացատրեց, որ միջազգային կառույցների կանխատեսումները  քաղաքական բնույթ ունեն. «Անցած տարեվերջին, երբ հնչեցին միջազգային կազմակերպությունների կանխատեսումները, ես հակադրվեցի, փորձեցի հիմնավորել իմ տվյալները, արժույթի ազգային հիմնադրամը նույնիսկ վատ վերաբերեց իմ հակադրմանը, բայց ամռանն արդեն իրենց գնահատականները վերանայվեցին:

Կանխատեսումները  քաղաքականացված բնույթ են կրում, այսինքն` ամեն ինչ փորձում են կապել Ռուսաստան-Հայաստան դաշնակցության հետ եւ դա պրոյեկտել մեր տնտեսության վրա: Չեմ ասում, թե Հայաստան-Ռուսաստան ամուր կապեր չունենք, ընդհակառակը, շատ ամուր կապեր ունենք եւ զարգանում են, բայց մեր տնտեսությունն ունի  իր առանձնահատկությունները: Դա եւ հումքի արտահանումից կախվածության բացակայությունն է, որոշ առումներով կարող ենք ասել ոչ միայն հումք է արտահանում, այլեւ պատրաստի արտադրանք էլ ենք թողարկում, համեմատաբար, ավելի դիվերսիֆիկացված է: Իհարկե, իմ սրտով չէ Հայաստանի ՀՆԱ-ն, բայց գոնե Ռուսաստանի հետ բաղդատելի չէ»:

Տնտեսագետի դիտարկմամբ, երբ ռուսական ռուբլին կրկնակի արժեզրկվեց, Հայաստանի ազգային արժույթի արժեզրկումը մինչեւ քսան տոկոս է եղել վատագույն դեպքում. «Հակակշռող գործոններ կան, որ թույլ տվեցին Հայաստանի տնտեսությանը  զերծ մնալ ցնցումներից, սեզոնային բնույթ կրող գյուղատնտեսական արտադրության, զբոսաշրջության աճը եւ տարբեր հանգամանքներ: Այս ամբողջն ապացուցեց, որ չի կարելի ամեն ինչ քաղաքականացնել, այն փաստը, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, ճիշտ չէ ասել, որ այս շրջանում բոլոր հետընթացները սպասվում էին: Որովհետեւ Հայաստանը զերծ է մնում նույնիսկ  տարածաշրջանային առումով հետընթացներից»:

Պարոն Մանասերյանի համոզմամբ, միջազգային կառույցների բացասական կանխատեսումները բացասական հետեւանք են թողնում գործարարների վրա. «Հայաստանը չունենար այդպիսի  կանխատեսումներ, բացասական սպասումները թույլ կտային դրական միտումներ արձանագրել: Չեմ կարծում՝ որեւէ գործարար, եթե այդպիսի հեղինակավոր կառույցներից բացասական կանխատեսում ունի, կգնա ռիսկի: Այ, ինչ ունենք  կարող ենք հանգիստ կրկնապատկել, եթե այդ արջի ծառայությունը մեզ մատուցած չլինեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031