Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյանը կռիվը նոր փուլ է մտել. ԴԱՀԿ-ն կալանք է դրել Գյումրու քաղաքապետարանի գույքի վրա․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2015 19:53

Այսօր Գյումրու քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Շիրակի մարզի նախկին դատախազ, Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը տեղեկացրեց, որ ԴԱՀԿ-ն  այսօր կալանք է դրել Գյումրիի քաղաքապետարանի գույքի վրա: Բանն այն է, որ  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2009- 2011 թվականներին Տարոն Գասպարյանի հետ 99 տարի ժամանակով 15 պայմանագիր է կնքել՝ նրան հողամասի կառուցապատման իրավունքով, ավտոկայանատեղիներ կազմակերպելու համար տրամադրելով Գյումրու Վարդանանց հրապարակում ու քաղաքի այլ կենտրոնական մասերում գտնվող բանուկ հատվածներ:

Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցն էլ, գտնելով, որ  հսկայական վնաս է հասցվում քաղաքային բյուջեին, ավտոկայանատեղիների կազմակերպումը ոչ թե անհատի գրպանն է գնալու, այլ համայնքային բյուջե, այդ պայմանագրերը լուծարելու պահանջով քաղհայց է ներկայացրել  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Այնուհետ գործը քննվել է տարբեր դատական ատյաններում, օրերս էլ որոշում է կայացվել հօգուտ Տարոն Գասպարյանի: ԴԱՀԿ-ն էլ այսպիսով կալանք է դրել Գյումրու քաղաքապետարանի գույքի վրա, քանի որ ըստ վճռի, Գյումրու քաղաքապետարանը պարտավորվում է Տարոն Գասպարյանին վճարել 745 հազար ՀՀ դրամ՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

«Անհատն ընդամենը հողամասերի տարեկան վարձավճար, չնչին գումարներ է վճարում համայնքային բյուջե, իսկ ավտոկայանատեղիի կազմակերպման դիմաց հավաքագրված գումարները, որոնք օրենքով սահմանված տեղական տուրքեր են, բյուջե չի մուտքագրվում: Գյումրու համայնքը փորձել էր  դատական ճանապարհով նշված պայմանագրերը վաղաժամ լուծել, որպեսզի կառուցապատման իրավունքը դադարեցվեր, որպեսզի կարողանար բանուկ մասերում գտնվող տարածքները օրենքով սահմանված կարգով տրամադրել, շահագործվել, եւ ավտոմեքենաներ սպասարկողներից գանձվող գումարները մուծվեր պետական բյուջե», ասաց Վաղարշակ Մխիթարյանը:

Փոխքաղաքապետը նաեւ ներկայացրեց, թե ինչ դատական ատյաններ է անցել քաղաքապետարանն ընդդեմ Տարոն Գասպարյանի գործը: Ըստ նրա, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իրավացիորեն բավարարել էր քաղաքապետարանի հայցը, սակայն Տարոն Գասպարյանը վճիռը բողոքարկել էր վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը եւս մերժել էր Տարոն Գասպարյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Սակայն, ըստ նախկին դատախազի,  ՀՀ Վճռաբեկ դատարանը անհասկանալիորեն վարույթ է ընդունել գործը եւ երկարատեւ, շուրջ մեկ տարի տեւած քննության արդյունքում անհիմն կերպով բեկանել է երկու ատյանների՝ ընդհանուր իրավասության դատարանի եւ վերաքննիչի վճիռները, ու գործը ուղարկվել է նոր քննության: «Եթե կառուցապատման իրավունքով հողամաս ես տրամադրում, անձը   պարտավոր է երեք տարվա ընթացքում այդ հողամասում իր պարտավորությունը կատարել,կառույց կառուցել, եւ զավեշտն այն է, որ Վարդանանց հրապարակը, բանուկ փողոցների հատվածներն են այդ նպատակով տրամադրվել:

Նա ոչինչ չի կառուցել, բնականաբար,  փողոցի վրա ի՞նչ պիտի կառուցեր, օգտագործում է որպես կայանատեղի, գումար է աշխատում: Գումարները համայնքային բյուջե չեն գնում, մինչդեռ սա տեղական տուրք է, որը օրենքով սահմանված կարգով պիտի մտնի համայնքային բյուջե: Էն էլ պատկերացրեք 99 տարով է պայմանագիր կնքվել: Մենք նոր հայց ենք ներկայացրել դատարան, պայմանագրերը լուծելու՝ գտնելով, որ դա շինծու գործարք է եղել, նման եղանակով՝ կառուցապատման իրավունքով, քողարկել են ավտոկայանատեղիների կազմակերպման օրենքով սահմանված կարգով կնքվելիք պայմանագիրը: Գործի քննությունը ընթացքի մեջ է», -ասաց փոխաքաղաքապետը:

Նա նախազգուշացրեց, որ ոչ մեկին թույլ չեն այլեւս աչք տնկել քաղաքի բյուջեի վրա: Փոխքաղաքապետը նշեց նաեւ, որ Գյումրու քաղաքապետարանի գույքի վրա կալանք դնելու պատճառով խաթարվել են քաղաքապետարանի աշխատանքները քաղաքաշինության բնագավառում, գործարքներ չեն կարող կատարել: Վերջինս նշեց, որ ԴԱՀԿ-ն  իրեն սխալ է պահում՝ քաղաքապետարանի հանդեպ նման ծայրահեղ միջոցի դիմելով: Ըստ նախկին դատախազի, այս կառույցը օրենքով նախատեսված մի շարք այլ միջոցառումներով կարող էր գանձել 745 հազար դրամը, օրինակ՝ ժամանակացույց կազմեր ու մաս-մաս գանձեր:

«Հարկ եմ համարում նշել, որ ԴԱՀԿ-ում հօգուտ Գյումրու քաղաքապետարանի շուրջ 27 միլիոն դրամի գանձվելիք գործեր կան, մոտ 100-ից ավելի, որոնց այս կամ այն պատճառաբանությամբ ԴԱՀԿ-ն չի գանձում, համայնքային բյուջեն չի համալրվում ու համայնքի բարօրությանը ուղղված մի շարք ծրագրեր կյանքի կոչելը դժվարանում է գումարների սղության պատճառով: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ վերջին երեք տարիներին Գյումրու համայնքի դեմ Գյումրու նախկին քաղաքապետի գործունեության ժամանակահատվածում կուտակված ու չհիմնավորված պարտքերի բռնագանձման մեկ տասնյակից ավելի քաղաքացիական հայցեր են ներկայացվել Գյումրու համայնքի դեմ, որոնցով Գյումրու համայնքից արդեն իսկ գանձված եւ գանձվելիք ընդհանուր գումարը կազմում է 479 միլիոն 600 հազար դրամ», ասաց փոխքաղաքապետը:

Aravot.am- -ի այն հարցին, թե երբ Գյումրու քաղաքապետարանը ավտոկայանատեղիների հարցով դիմել էր Շիրակի մարզի դատախազություն, այն ժամանակ դատախազը Կարեն Շահբազյանն էր, ի՞նչ լուծում տրվեց այդ բողոքին, Գյումրու փոխքաղաքապետը, որն հենց այդ ժամանակահատվածում աշխատում էր որպես  Շիրակի մարզի դատախազի տեղակալ, ասաց, որ հարուցվեց քրեական գործ, սակայն կարճվեց: Նրա տեղեկացմամբ, Գյումրու քաղաքապետարանը բողոքարկել է  դատախազի այդ որոշումը, սակայն արդյունքի չի հասել:

Մեր մյուս հարցին, թե Գյումրու քաղաքապետարանն այս հարցով կդիմի՞ Եվրոդատարան, փոխքաղաքապետն ասաց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  նախատեսված միջոցները չեն սպառվել, իրենք այլ հայց են ներկայացրել դատարան  ու համոզված են, որ արդյունքի  կհասնեն:

Հիշեցնենք, որ ըստ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի հաշվարկների, Տարոն Գասպարյանը 15 ավտոկայանատեղիներից տարեկան ստանում է 200.000 դոլարի շահույթ, որը սակայն, նրա բնութագրմամբ ապօրինի է: Տարոն Գասպարյանը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, Վարդան Ղուկասյանի ազգականն է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ս, says:

    Թող բալասանյանը պիվի գործարանի հարկերը մուծի ու քաղաքի բյուջեն կլրացվի, 18 տարի հարկ չի մուծել, կոպեկներ, ոնց որ կոպեկներով քթին հասավ, ու դա Վարդան Ղուկասյանի մեծ լավությունն էր դրան , հիմա էլ թող զաբա մուծե չմուծածի տեղը էդ օլիգարխը, որի պիվի գործարանները կտրել անցել են Ասիան, Ամերիկան, Եվրոպան ու Ռուսաստանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031