ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կունգը հոկտեմբերի 22-ին ստորագրել են արդարադատության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթղթի համաձայն՝ կողմերը կհամագործակցեն քրեական օրենսդրության, քաղաքացիական օրենսդրության, դատական գործերի աջակցության կազմակերպման, իրավական օգնության, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտների շուրջ:
Արդարադատության նախարարը ողջունել է գործընկերոջ՝ Հայաստան կատարած այցը և իրավունքի, արդարադատության բնագավառի տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն հայտնել:
«Վստահ եմ, որ իրավական ոլորտում Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև արդյունավետ համագործակցությունը կնպաստի նաև երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ փոխըմբռնման հուշագիրը նոր լիցք կհաղորդի արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցությանը թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում, և թե՛ դրանից դուրս:
Կարդացեք նաև
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար Հա Հունգ Կունգը, շնորհակալություն հայտնելով ՀՀ արդարադատության նախարարին ջերմ ընդունելության համար, Վիետնամի արդարադատության նախարարի անունից ողջույններ է փոխանցել և նշել, որ իրենց առաջնահերթություններից մեկը Հայաստանի համանուն կառույցի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է:
Նրա խոսքով՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը ներկայում դատաիրավական բարեփոխումների փուլում է գտնվում և այդ համատեքստում հայաստանյան գործընկեր կառույցի տրամադրած փորձն իրենց համար օգտակար ու արդյունավետ կլինի:
Կողմերը, ևս մեկ անգամ շնորհավորելով միմյանց հուշագրի ստորագրման կապակցությամբ, փոխգործակցությանը հաջող ընթացք են մաղթել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն