Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենակարևորն այն է, որ այդ աշխատանքներում թևածի սերը». քահանա

Հոկտեմբեր 22,2015 19:20

Արարատյան հայրապետական թեմն այս տարի էլ է կազմակերպել Սբ. Սարգիս զորավարի տոնին նվիրված թեմատիկ ցուցահանդես-մրցույթ:

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի փոխանցմամբ՝ 2016 թվականին Սբ. Սարգսի տոնը նշվելու է հունվարի 23-ին: Այնպես որ, ստեղծագործելու համար դեռ բավական ժամանակ կա:

Մրցույթին իրենց գեղանկարչական, գրաֆիկական և դիզայներական թեմատիկ աշխատանքներով կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

«Սա մրցույթ է, որը կապված է միմիայն Սբ. Սարգսի հետ՝ նրա կյանքի, սխրագործության, նահատակության, ժողովրդի մեջ սիրված սուրբ լինելու, նրան նվիրված տոնի և այլն: Ամենակարևորն այն է, որ այդ աշխատանքներում թևածի սերը»,- ասում է տեր Շմավոնը:

Նրա խոսքով՝ աշխատանքները գնահատելիս շեշտն առաջին հերթին դրվելու է դրանց՝ տոնի հետ փոխկապակցված լինելու հանգամանքի վրա, բայց, անշուշտ, կարևոր է նաև հեղինակի վարպետությունը:

Գեղանկարչական, գրաֆիկական և դիզայներական թեմատիկ աշխատանքները գնահատելու է արվեստագետներից և հոգևորականներից կազմված ժյուրին: Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական մրցանակների ու պատվոգրերի:

Տոնի խորհրդի և մրցույթի մասին ուսանողներին տեղեկացնելու նպատակով, Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականներն այսօր այցելել էին Գեղարվեստի պետական ակադեմիա:

«Ուսանողները պետք է նախապես ծանոթանան տոնի խորհրդին, որպեսզի մինչև տոնը կարողանան իրենց հոգու և մտքի պոռթկումները ներկայացնել ցուցահանդես-մրցույթում»,- լրագրողների հետ զրույցում ասաց տեր Շմավոնը:

Քահանան արդեն մի քանի տարի է՝ հետևում է մրցույթի անցկացմանն ու ներկայացված աշխատանքներին: Նա բավականին տպավորված է դրանցով. «Այդ ընթացքում հրաշալի գործեր են ներկայացվել. հետաքրքիր մոտեցումներ ու լուծումներ կան: Ես հատկապես տպավորված եմ մանուկների արած նկարներից: Նրանք ավելի անմեղ ու համարձակ են մտածում, քան հասուն մարդիկ, նրանք հեռու են կեղծիքից, չարությունից, առօրյա հոգսերը դեռ չեն հասցրել կարծրացնել նրանց սրտերը: Ինչ վերաբերում է ուսանողների աշխատանքներին, դրանցում միանգամից զգացվում է նրանց վարպետությունը»,- ասաց տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031