Գավառ քաղաքի մշակույթի պալատում բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական միջոցառումն էր կազմակերպվել ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսի հրամանատարության եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի համատեղ նախաձեռնությամբ:
ՀՀ Զու բանակային առաջին կորպուսի զորամասերում օրինակելի ծառայությամբ աչքի ընկած եւ ծնունդով Գեղարքունիքի մարզը ներկայացնող 26 զինծառայողներ Գավառի մշակույթի պալատում հանդիպեցին իրենց ծնողներին:
Հանդիպմանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, ԵԿՄ անդամներ, կորպուսի զորամասերի հրամանատարներ, բարձրաստիճան սպաներ:
ՀՀ ԶՈւ առաջին բանակային կորպուսի աչքի ընկած 26 զինծառայողները հրամանատարության կողմից խրախուսվեցին իրենց ծնողներին ուղղված շնորհակալական նամակներով:
Կարդացեք նաև
Ներկաները դիտեցին Սյունիքի մարզում իր առաքելությունն իրականացնող ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսի կազմավորման եւ տարեգրության մասին պատմող վավերագրական ֆիլմ:
Հայրենասիրական երգերով հանդես եկան նաեւ Գավառի Հ. Թալալյանի անվան երաժշտական դպրոցի, Գավառի երաժշտական ուսումնարանի սաները եւ անհատ կատարողներ:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ այս օրը տոն է ոչ միայն այս դահլիճում, այլ նաեւ` դահլիճում գտնվող յուրաքանչյուր զինվորի ընտանիքում, քանի որ ծնողները բերկրանք են ապրում ոչ միայն իրենց զավակների հաջողությունից, այլ նաեւ` ներկայությունից:
Բանակ-հասարակություն կապի ամրապնդման մասին խոսեց ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը. «Արդեն 9-րդ մարզում է, ինչ նման միջոցառում ենք կազմակերպում: Հակառակորդն է ստիպում մեզ, որ ազգովի զինվոր դառնանք: Ձեր մարզից մենք ավելի շատ աչքի ընկած զինծառայողներ ունենք, քան դահլիճում նստածներն են: Նրանց խրախուսելու հերթն էլ կգա», – ասաց Տիգրան Փարվանյանը:
ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսի հրամանատարության կողմից զինծառայողների ծնողները պարգեւատրվեցին շնորհակալագրերով:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալագրով պարգեւատրեց առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանին, իսկ զորամասին համակարգիչ նվիրեց:
ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանն իր հերթին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին բանակ- հասարակություն կապի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրեց պատվոգրով եւ անվանական ժամացույցով:
Գեղարքունիքի մարզպետարանի հաղորդագրություն